Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հանդիպումը:
Այն մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի շրջանակներում Բելգիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կարդացեք նաև
Հաջա Լահբիբը Երևանում այցելել է նաև «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»՝ հաշվի առնելով Բելգիայի կառավարության կողմից 2021 թվականին կենտրոնին տրամադրված աջակցությունը, որը մեծապես նպաստել էր կենտրոնում միկրովիրաբուժական բաժանմունքի ստեղծմանը:
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Օգոստոսի 22-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ: Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանները լրագրողների հարցերին:
«Տիկի՛ն նախարար, սիրելի գործընկեր, սիրելի Հաջա,
Անչափ ուրախ եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը հյուրընկալել Երևանում։ Սա Ձեր առաջին այցն է Հայաստան, և կարող եմ վստահությամբ նշել, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման, նոր ծրագրերի նախանշման համար։ Իհարկե, մինչ այս այցն էլ մեր քննարկումները բավականին ակտիվ են եղել։
Բայց այսօրվա այցը լավ հնարավորություն կլինի շարունակելու երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ ավելի լայն, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ մեր քննարկումները։ Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Ձեր այցի պատեհությունը` մարտահրավերներով լի ներկայիս ժամանակահատվածում։
Հարգելի՛ ներկաներ,
Տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում գործընկերոջս հետ գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել երկկողմ գործընկերության ընդլայնման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել մասնավորապես տնտեսական, գիտական, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու, հնարավոր ներդրումները խթանելու ուղղությամբ։ Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանման, ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմնված փոխգործակցությունը կունենա իր դրական արդյունքը:
Նաև այս համատեքստում մեծապես ողջունում ենք Բելգիայի կառավարության որոշումը՝ Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ: Այս որոշումը վստահաբար նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական հարաբերությունների դինամիկ զարգացմանը։ Օգտվելով առիթից, տիկին նախարար, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս գործում Ձեր անձնական ջանքերի համար։
Իհարկե, ցանկանում եմ այս առիթն օգտագործել և թե՛ ԱԳՆ, թե՛ մեր հանրության անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բելգիայի արտաքին գործերի նախարարության կողմից Երևանի «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» տրամադրված աջակցության համար: Մենք լիահույս ենք շարունակել փոխգործակցությունն այս ուղղությամբ ևս:
Մեր հանդիպման ընթացքում կարևորել ենք նաև Հայաստանի և Բելգիայի միջև միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես հաշվի առնելով Բելգիայի օրենսդիր մարմնի զգալի ուշադրությունը և մեզ համար մեծ կարևորություն ներկայացնող հարցերում համերաշխությունը:
Հարգելի՛ ներկաներ,
Այսօրվա հանդիպման ընթացքում բնականաբար անդրադարձել ենք նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությանը։ Քննարկել ենք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում մեր համագործակցությունը: Եվ այստեղ ևս, իհարկե, համագործակցության ուղղությունների և հետաքրքրությունների շրջանակը լայն է՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցությունից մինչև տնտեսական զարգացում, անվտանգային հարցերի շուրջ երկխոսություն և Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեություն: Եվ վերջինիս մասով կրկին ցանկանում եմ կարևորել և գոհունակություն հայտնել Բելգիայի կառավարությանը առաքելության կազմում անմիջական ներկայացվածության համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Մեր այսօրվա քննարկման առանցքում, բնականաբար, եղել է նաև Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով: Թե՛ նախորդ քննարկումների, թե՛ այսօրվա հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձել ենք ԼՂ-ում իրավիճակի ծայրահեղ բացասական, անդառնալի հետևանքներին:
Անդրադարձել ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, դրա շրջանակներում, ինչպես նաև 2022թ. դեկտեմբերից՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր միջազգային գործընկերների, կառույցների, այդ թվում՝ Բելգիայի, ԵՄ մյուս անդամների հասցեական ուղերձներին, որոնք խիստ կարևորում ենք: Այդուհանդերձ, ի հեճուկս այդ բոլորին, և հակառակ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին, Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի արգելափակումը:
Իհարկե, սա մյուս զարգացումներից անջատ դրսևորում չէ. մենք շարունակաբար ահազանգում ենք, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը:
Գործընկերոջս հետ քննարկումներում ընդգծել եմ նաև, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար խախտում է ԼՂ-ում զինադադարը, ինչպես նաև թիրախավորում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին հայկական դիրքերը: Ինչպես գիտենք, այդ մասին հայտնել է նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությունը:
Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները: Եվ բացառություն չի կազմել նաև այնպիսի հումանիտար հանձնառության կյանքի կոչումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց վերադարձնելը, ինչպես նաև անհայտ կորած համարվողների ճակատագրերի պարզաբանումը: Եվ այսօր արդեն Ադրբեջանը փաստացի պատանդառության մեջ է պահում, Լեռնային Ղարաբաղի ողջ 120 հազար բնակչությանը:
Կարծում ենք, որ այս գործելաոճով Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանում իրական կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության, բայց և առաջին հերթին ՀՀ ջանքերին: Եվ ակնկալում ենք, որ մեր միջազգային գործընկերները քաղաքական կամք կդրսևորեն ձեռնարկելու գործուն քայլեր Ադրբեջանի ապակառուցողական, հակամարդկային և ռազմատենչ գործելաոճը փոխելու ուղղությամբ։
Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ վերահաստատել ՀՀ կառավարության դիրքորոշումը, նպատակը, ցանկությունը բանակցությունների միջոցով հասնել մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։
Տիկի՜ն նախարար,
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այցի և արդյունավետ քննարկումների համար, համեցեք։»
***
Հարց (RTBF, Belgium). Պարոն նախարար, Ձեր կարծիքով, ո՞ր միջնորդությունն ավելի արդյունավետ կլիներ՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների թե՞ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, և արդյոք եվրոպական միջնորդությունը վստահելի է՝ հաշվի առնելով, որ Եվրոպան բազմապատկում է գազի գնումներն Ադրբեջանից:
Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում Հայաստանը շահագրգռված է անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որոնք այս նպատակներով և այս մղումներից ելնելով արվում են։ Բազմաթիվ կարևոր հանդիպումներ են տեղ ունենում Բրյուսելում նախագահ Միշելի միջնորդությամբ, ինքս իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել Վաշինգտոնում ամերիկյան կողմի՝ պետքարտուղարության և պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ, նաև հանդիպումներ ենք ունենում Մոսկվայում և այլուր՝ և´ երկրների ղեկավարերի , և´ նախարարների մակարդակով: Բառացիորեն վերջերս ինքս այդպիսի հանդիպման, բանակցությունների են մասնակցել եմ և´ Վաշինգտոնում, և´ Մոսկվայում:
Եվ մեզ համար էական է, որ բոլոր հարթակներում, տարբերություն չդնելով հարթակների միջև, ձեռք բերված պայմանավորվածութուններն աշխատեն և կյանքի կոչվեն: Ցավոք սրտի, մենք մի քանի անգամ արդեն ականտես ենք եղել մի իրավիճակի, երբ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվում, հետո իրականության մեջ, գետնի վրա մենք այդ պայմանավորվածությունը չենք տեսնում: Օրինակ, մինչ այժմ մենք չենք լսել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդիպումների ընթացքում: Եվ սա մեզ համար խիստ մտահոգիչ է և կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետությունից: Եվ երկրորդը, ոչ միայն չեն պահվում պայմանավորվածությունները, այլև մենք ճիշտ հակառակ գործընթացների ենք ականատես լինում:
Մասնավորապես մինչ մենք խոսում ենք այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը պետք է լինի կարգավորման մաս, և առանց դրա իրատեսական չէ ակնկալել երկարատև և կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, իրականության մեջ մենք տեսնում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով մի ամբողջ տարածաշրջանի, մի ամբողջ ժողովրդի պաշարում, սովամահության դրդում, անհրաժեշտ դեղորայքից զրկում, այդ թվում՝ երեխաներին, հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, անհապաղ բժշկական օգնության կարիք ունեցող մարդկանց:
Վերադառնալով բուն հարցին՝ հարթակների միջև չենք դնում տարբերությունը, այլ մեթոդների, և կարևորում ենք պայմանավորվածությունների կյանքի կոչումն ու կառուցողական ու բարի կամքով բանակցություններին մասնակցելը: Մենք մեր միջազգային գործընկերներից, բոլոր հարթակներից և բոլոր միջնորդներից ակնկալում ենք, որ միջնորդները պետք է հոգ տանեն այն մասին, որ իրենց միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն:
Շնորհակալություն:
Հարց. Շողիկ Գալստյան (Factor TV)
Պարոն Միրզոյան, մամուլում տեղեկություններ եղան ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկման հետ կապված, որ Միացյալ Նահանգները խոչընդոտում է բանաձևի ընդունմանը: Կխնդրեի սրա հետ կապված Ձեր մեկնաբանությունը և ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկումների ժամանակ մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, խոսեցին Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ այլ երթուղիներից, ըստ էության, նկատի ունեին Աղդամի ճանապարհի գործարկման մասին: Հայկական կողմի համար սա ընդունելի՞ տարբերակ է՝ հաշի առնելով նաև Արցախում ստեղծված իրավիճակը: Շնորհակալություն:
Արարատ Միրզոյան. Շարունակելով այնտեղից, որտեղ տիկին նախարարը կանգ առավ, ուզում եմ ասել, որ Հայաստանը մշտապես ողջունել է և ինքն է առաջարկել որևէ չեզոք հանձնաժողովի առաքելության մուտքը նույն Լեռնային Ղարաբաղ՝ միջազգային հանրության համար չեզոք, անկախ և անաչառ կարծիք տրամադրելու, բայց նաև նոր ջանքեր գործադրելու խաղաղության և արդար խաղաղության, երկարատև խաղաղության, կայունության հաստատման համար:
Ձեր հարցին ի պատասխան պետք է ասեմ, որ բարեբախտաբար Հայաստանի պահանջով իրականացված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը հրապարակային էր, և ոչ միայն հայ ժողովուրդը, այլև բոլորն աշխարհում հնարավորություն ունեին լսելու բոլոր անդամ երկրների, ինչպես նաև հրավիրյալների՝ նրանց, ովքեր ցանկություն էին ունեցել մասնակցել նիստին, դիրքորոշումները:
Դուք Միացյալ Նահանգներից էիք հարցնում: Ի պատասխան ասեմ, որ ես չեմ կարծում, և քանի որ աշխարհը տեսնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, իսկ իրականացվողը որևէ այլ կերպ անվանել, քան էթնիկ զտումներ, մի քիչ դժվար կլինի: Դուք ասում եք ԱՄՆ-ը խափանում է Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունման գործընթացը, ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները որևէ կերպ պատրաստվում են կամ կցանկանան մաս կազմել կամ նպաստել էթնիկ զտումների այդ քաղաքականությանը, մի քիչ դժվար պատկերացնելի կլինի ինձ համար:
Ես կարծում եմ և հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը և նաև գիտակցում են, որ հնարավոր ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևը կօգներ հանգուցալուծել այս իրավիճակը, հանգուցալուծել, լուծում տալ, վերջ տալ հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնել բանակցությունների օրակարգին:
ՀՀ ԱԳՆ