Օգոստոսի 22-ին ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ընդլայնված կազմով ունեցավ օրախնդիր հարցերի քննարկում, որի արդյունքում ևս մեկ անգամ կարևորվեց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցությունը, որը քաղաքացիներին փակ-գաղտնի քվեարկությամբ հնարավորություն կտա հայտնել իրենց դիրքորոշումը:
Միաժամանակ ափսոսանք հայտնվեց, որ այդուհանդերձ ընդդիմությունը չկարողացավ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով:
Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը` Երևանի ավագանու ընտրությունն այսօր իր նշանակությամբ իսկապես հավասարազոր է համապետական ընտրությունների:
Ծավալված քննարկման արդյունքում որոշվեց`
Կարդացեք նաև
- միության սատարումը քաղաքական համապատասխան ուժին ձևակերպում կստանա առաջիկայում կնքվելիք հուշագրով,
- քննարկման արդյունքում մշակվեցին ներքոհիշյալ ծրագրային նախնական դրույթները, որոնք իրականացվելու են միության հետ հուշագիր կնքած քաղաքական ուժի կողմից Երևանի ՏԻՄ ընտրություններում հաղթելուց հետո: Դրանք են`
– Երևանի քաղաքապետարանում լինելու է անվտանգային հարցերով խորհրդականի պաշտոն, որը վստահվելու է ԱԱԾ համակարգում բազմամյա աշխատանքային փորձ ու հեղինակություն ունեցող բարձրաստիճան սպայի: Նշված պաշտոնյայի կոորդինացմամբ իրականացվելու են համատեղ ծրագրերը, ապահովվելու է իրավապահ մարմինների, ինչպես նաև պահեստազորում գտնվող սպաների հետ կապը, համագործակցությունը,
– Երևանում հիմնվելու է Սպայի տուն, որտեղ ուժային կառույցների պահեստազորում գտնվող սպաները (աշխատակիցները) հնարավորություն կունենան հանդիպել, շփվել միմյանց հետ, ներկայացնել իրենց հուզող խնդիրները, կազմակերպել տարբեր բնույթի, այդ թվում և հանդիսավոր միջոցառումներ, հաստատել և կամ ակտիվացնել շփումներն այլ երկրների համանման կառույցների հետ,
– կազմակերպվելու է պահեստազորում գտնվող սպաների մասնակցությամբ պահնորդական ծառայություն, որը կապահովի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող օբյեկտների, մասնավորապես դպրոցների, զբոսայգիների, հանրային միջոցառումների և այլնի պահպանությունն ու անվտանգությունը: Քաղաքի անվտանգության հետ կապված` տեղծվելու են հնարավոր այլ աշխատատեղեր,
– պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաներին ու նրանց ընտանիքների անդամներին ցուցաբերվելու է օժանդակություն բժշկական անվճար կամ մասնակի հատուցմամբ սպասարկման հարցերում,
– պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաների ընտանիքների անդամներին աջակցվելու է ուսման վարձի մասնակի կամ ամբողջական հատուցման հարցում,
– ստեղծվելու է դրամաշնորհ, որը մշտական հիմունքներով նյութական աջակցություն է ցուցաբերելու զոհված զինծառայողների ընտանիքներին,
– Երևանում կառուցվող բնակֆոնդից յուրաքանչյուր տարի պահեստազորի սպաներին հատկացվելու է 20 բնակարան` ինքնարժեքով կամ որևէ այլ նպաստավոր հնարավորությամբ,
– պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաներին ընձեռվելու է հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն,
– պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաներն ազատվելու են ավտոկայանատեղերի համար սահմանված վճարներից կամ տրվելու են զգալի զեղչեր,
– ձևավորված պահնորդական ծառայության, ինչպես նաև պահեստազորում գտնվող սպաների ներգրավմամբ քաղաքապետարանում և ենթակայությամբ գործող դպրոցներում ակտիվ կանխարգելիչ միջոցառումներ կիրականացվեն թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ: Երևանի քաղաքապետարանը, մեր դպրոցները, մշակութային օջախները երաշխավորված զերծ են մնալու թմրամիջոցներից, որն ազգային սպառնալիքի է վերածվել, մեր պատանիները պետք է հասկանան, գիտակցեն դրա վտանգավորությունը,
– քաղաքապետարանում և ենթակա կառույցներում իրական պայքար է ծավալվելու կոռուպցիայի և հովանավորչության դեմ,
– պահեստազորի սպաների անմիջական մասնակցությամբ (հանդիպումներ, շփումներ) քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախակրթական, կրթական հաստատություններում հետևողականորեն ներդրվելու է ազգային ոգու, գաղափարախոսության, անվտանգային խնդիրներին առնչվող գիտելիքներ, հետաքրքրություն է առաջացվելու ԱԱԾ-ում և մյուս ուժային կառույցներում ծառայության նկատմամբ:
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն