Երեւանում առանձնակի դաժանությամբ սպանված 28 ամյա տրանսգենդերը համագյուղացիների տեղեկություններով մարմնավաճառությամբ էր զբաղվում Երեւանում:
Սպանության կասկածանքով ձերբակալված երիտասարդը, որը սպանվածի համագյուղացին է եղել, ըստ որոշ տեղեկությունների, նրա հաճախորդն է եղել:
«Ես մտածում եմ, որ հաճախորդն է եղել: Կատարվածը գենդերային հիմքով է պայմանավորված եղել…Ինչ խայտառակ ձեւով էր գյուղապետն արդարացնում, խելոք տղա եւ այլն: Մարդասպանին այսպես արդարացնելը, թե ինքը խելոք էր, գնացել էր մեքենա բերելու: Ինչի մասին է խոսքը, ինչ մեքենա բերել, սպանողը սպանում է մարդուն ու գնում է մեքենա բերելո՞ւ: Ո՛չ, սպանողը հետքերը թաքցնելու համար այրել է մարդու բնակարանը, առանց մտածելու, որ կարող է ամբողջ շենքն այրվի:
Պատկերացնո՞ւմ եք մարդու դաժանությունն ուր է հասել: Ու կապ չունի, թե մարդը սեքս աշխատող է, թե ինչ է: Ինչու է սեքս աշխատող: Որովհետեւ տրանսանձանց ոչ ոք աշխատանք չի տալիս: Դուք տեսնում եք սոցիալական մեդիայում ինչ մեկնաբանություններ են գրում, ոնց կարող է այդ հասարակությունը տրանսանձին աշխատանք տալ: Եկեք, միասին գնանք սրճարաններում աշխատանք գտնենք, տեսեք՝ սրճարաններից գեթ մեկն ինձ աշխատանք կտրամադրի՞, թե՞՝ոչ »,- Aravot.am-ին ասաց «Իրավունքի կողմ» ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի խոսքով, 4 տարի առաջ նմանատիպ դեպք է տեղի ունեցել, երբ հաճախորդը մտել էր տրանսեքս աշխատողի բնակարան ու. «Իր սեւ գործն արել էր, բարեբախտաբար, այդ տրանս անձը չմահացավ, այլ փրկվեց, շքամուտքից էր հաճախորդը գցել: Հիմնականում բռնությունները տեղի են ունենում հաճախորդների կողմից ու ինչքան չլուսաբանված բաներ կան, որոնք չեն բարձրաձայնվում»:
Անդրադառնալով վարկածին, որ օրեր առաջ իր բնակարանում սպանված տրանսգենդերի հաճախորդը (սպանության մեջ մեղադրվողը) չի իմացել, որ տրանսգենդերի ծառայությունից է օգտվում, իմանալուց հետո է կոնֆլիկտ առաջացել ու դանակահարել է, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Էդպիսի մարդ գոյություն չունի, որ չիմանա, որ տրանսեքս աշխատողը տրանս է, որովհետեւ իրենք իրենց պրոֆիլներում գրում են, որ իրենք տրանսմարդիկ ենք: Այդ հեքիաթները, որ հաճախորդները պատմում են իրենց կաշին փրկելու համար, որ հասարակության մեջ արդարանան՝ տեղյակ չեն եղել, որ հասարակությունն իրենց ծափահարի, սա արդեն որերորդ դեպքն է, շատ լավ տեղյակ են՝ ովքեր են տրանսմարդիկ: Էդ ամեն ինչը հեքիաթներ են, շատ լավ տեղեկացված են, ով որ սոցիալական հարթակներում է աշխատում, ինչ ծառայություններ է մատուցում»:
Լիլիթ Մարտիրոսյանը նաեւ հավելեց, որ վերջին ժամանակահատվածում տրանս անձանց նկատմամբ ատելությունը իր պիկին է հասել: Ըստ նրա՝ ատելության կոչերը միայն տրանս անձանց խնդիրը չեն, բայց հայ հասարակությունը խրախուսում է ֆաշիստական մոտեցումները՝ սպանել, վառել, մորթել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ