«Նիկոլ Փաշինյանը գնացել է Սյունիք՝ «սյունյաց ողջույնը» ջնջելու համար: Գնաց Սյունիք՝ ասելու, որ այն համայնքապետերը, որոնք կազմակերպել էին սյունյաց ողջույնը, հիմա եկել են, կզում են իմ առաջ: Բայց դա միայն թվում է քեզ, Նիկո՛լ: Եթե ինչ-որ մեկն էլ կզել է, կնոջդ ծաղկեփունջ է նվիրել, դա հայ ազգը չի»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ Տեղ գյուղում մի զոհվածի մայր փաթաթվել էր վարչապետին ու ասել՝ «ես մայր եմ եւ ձեզանից շատ գոհ եմ»:
Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով այդ տեսարանին, ասաց. «Ես չգիտեմ այդ կնոջը փող տվել են, թե չէ, ես գալու եմ Տեղ գյուղ եւ ձեզ գտնելու եմ, տիկի՛ն: Ես ձեզ չեմ վիրավորելու, ես հարգում եմ ձեր վիշտը, պարզապես մի հատ նայելու եմ ձեր աչքերի մեջ: Ես ուզում եմ հասկանամ, թե դուք ի՞նչ մայր եք, որ ձեր որդու սպանածին ասում եք՝ ես գոհ եմ: Ես ուզում եմ տեսնել՝ ինչպիսին կարող են լինել հայ մոր աչքերը: Ես այդպիսի մայր չեմ պատկերացնում: Առաջիկա օրերին գալու եմ Տեղ գյուղ եւ եթե դուք արժանապատիվ մայր եք, ձեր տանը ընդունելու եք ինձ: Ես գալու եմ ընդամենը ձեր աչքերի մեջ նայելու եւ հեռանալու համար, որովհետեւ ես չեմ պատկերացնում, որ մոր զավակին կարող են տանել բայրաքթարի տակ մատաղ անել եւ այդ մայրը կարող է որդուն մատաղ անողին գրկել, կամ ձեռքը համբուրել ու ասել՝ ես գոհ եմ ձեզանից: Ես գալու եմ ձեր տուն եւ ակնկալում եմ, որ դուք ձեր տանը պիտի ընդունեք ինձ»:
Ըստ նրա, իսկապես այնպիսի մայրեր կան, որ 2020-ի պատերազմից հետո գնացել եւ ընտրել են Նիկոլ Փաշինյանին, այնպես որ, միանգամայն սպասելի է նաեւ, որ այդ զոհվածի մայրն էլ առանց փողի գրկի Նիկոլ Փաշինյանին. «Ես քո տուն գալու եմ, տիկի՛ն, չուզենաս էլ՝ քո դուռը բացելու եմ եւ մտնելու եմ: Ես պիտի նայեմ, պիտի տեսնեմ քո աչքերի մեջ ի՞նչ կա: Ո՞վ ես դու, ո՞նց կարող ես այդպիսի բան ասել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ