«Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին անդրադառնամ. ես եւ դուք այդ տղային այս հարթակում հռչակել էինք чуть ли не Գարեգին Նժդեհ: Այո, մենք ենք մեղավոր, որ անելանելիությունից փորձում ենք ինչ-որ մարդկանցից կառչել, նրանց հռչակել հերոսներ, հետո քարկոծել: Ոչ մեկին քարկոծել պետք չի: Ի՞նչ ավել կամ պակաս բան է արել Առուշ Առուշանյանը, որը չի արել իր դաշինքի պատգամավորը, որը գնում է Պետրոսի տաղավարում կզում է Նիկոլի առաջ: Մի հատ ինձ ասեք՝ ո՞րն է Առուշի եւ «Հայաստան» դաշինքի՝ որդի կորցրած պատգամավորի տարբերությունը, որը եթերում ասում է՝ միակ դավաճանը Նիկոլը չի, կամ իրավական համակարգը պետք է որոշի՝ Նիկոլը դավաճան է, թե ոչ, կամ կանգնում ասում է՝ բավակա՛ն է բոլոր մեղքերը բարդեք Նիկոլի վրա: Էդ ինչի՞ էդ պատգամավորին քացու տակ չեք տալիս, Ալեն ջան ու Վլադիմիր ջան ասող պատգամավորների մանդատը չեք վերցնում»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ նրան ողջունել էր Գորիսի համայնքապետը: Համացանցում տարածվեցին լուսանկարները, թե ինչպես է գլուխ խոնարհելով Առուշ Առուշանյանը բարեւում, դա դարձավ քննարկման ու քննադատության առարկա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ոչ թե Առուշ Առուշանյանն է մեղավոր, այլ նրան քաղաքական գործիչ դարձնողները. «Դադարեցրե՛ք: Առուշ Առուշանյանը ոչ մի բան ավել չի արել, քան այն տիկին պատգամավորուհիները, ովքեր գնում են ու մի «Նավակ ճոճողի» մոտ սեքսուալ գռեհիկ սեթեւեթանքով են նկարվում, ոնց որ իրենց համար պատիվ է, որ «Նավակ ճոճողը» թույլ է տվել, որ էդ ճմրթած կնիկը իր մոտ կանգնի: Հերի՛ք է արդեն: Ամեն ինչ պետք է կոչել իրենց անուններով: Բավական է այդ մանդատը պահեք ու գնաք քայլոների հետ տաշի-տուշիներ անեք: Այդ մանդատը ձեզ տված է մեկ օրակարգի համար՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, իսկ դուք գնում եք գործուղումներին, այնպիսի սեթեւեթանքով եք սպասարկում ՔՊ-ի օրակարգը, որ գետինը մտնեք, ավելի լավ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ