«Արցախում այսօր ոչ միայն հումանիտար ճգնաժամ է, ոչ միայն սով է, այլեւ այսօր Արցախը կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին»: Ինչ-որ զինված մարդիկ, Պրիգոժինի կայֆ է տվել, զենքով մտել են Ազգային ժողով եւ սպառնացել են լուծարել պետական ինստիտուտը: Ես գիտեմ այդ աշխարհազորայինն ով է ֆիդայինի շորերով, որ իրեն իրավունք է վերապահում լուծարելու Արցախի պետական ինստիտուտները, բայց ես բոլոր հիմքերն ունեմ կասկածելու, որ այդ ամենը եղել է պայմանավորված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ հենց Արայիկ Հարությունյանն է այսպես կոչված «ֆեյք չինական Պրիգոժինին քսի տվել» Ազգային ժողովի վրա եւ այդ ամենը տեղավորվում է Ալիեւի պլանի մեջ. «Հիմա դիմում եմ Արցախի նախկին նախագահներին՝ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, նաեւ Ռուբեն Վարդանյանին, միավորվե՛ք եւ մի՛ թույլ տվեք, որ Ալիեւը, օգտագործելով ներքաղաքական լարվածությունը, հնարավորություն ստանա Արցախում իրականացնել հակաահաբեկչական օպերացիա: Այսօր այն, ինչի նախադրյալները մենք տեսնում ենք, միանգամայն լեգիտիմ իրավունք է տալու Ալիեւին իրականացնելու իր «Վրեժ-3» օպերացիան, ինչի մասին խոսում են Ադրբեջանի իշխանությունները: Ո՞վ ես դու, ա՛յ աշխարհազորայինի անվան տակ ֆեյք Պրիգոժին, որ Արցախում սպառնաս ոչնչացնել Արցախի պետական ինստիտուտները, իրականացնես Ալիեւի ծրագրերը»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Արցախում իսկապես կրիտիկական վիճակ է. «Եթե քաղաքացիական բախումներ սկսվեցին, իսկ դրա նախադրյալները կան, ժամերի ընթացքում Ադրբեջանի կանոնավոր բանակը հակաահաբեկչական օպերացիայի անվան տակ ներխուժելու է Ստեփանակերտ եւ փորձելու է ուժի դիրքերից Արցախում գործել ու փակել Արցախի պետական ինստիտուտները: Սա այն է, ինչը փորձում է իրականացնել Ալիեւը իր դրածոների՝ ՀՀ-ում եւ Արցախում իշխանության միջոցով, ուստի կոչ եմ անում կրկին Արցախում առկա սթափ քաղաքական ուժերին, որքան տեղյակ եմ, այսօր երեկոյան տեղի է ունենալու քաղաքական ուժերի հավաք, թույլ չտաք, որպեսզի Ալիեւի պլանն իրականացվի եւ հակաահաբեկչական օպերացիայի անվան տակ Արցախում գլխատվեն պետական ինստիտուտները: Խորհրդարանի միջոցով Արցախի նախագահի հրաժարականը պահանջելը պիտի մտնի օրակարգ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ