Բրիտանական The Guardian պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Արցախի շրջափակման մասին՝ զրուցելով տեղի բնակիչների հետ:
«Լեռնային Ղարաբաղն այժմ սուր պակասություն է զգում։ Սնունդը քիչ է։ Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ բացակայում են նաև առաջին անհրաժեշտության դեղամիջոցները, հիգիենայի միջոցները և մանկական կաթնախառնուրդը: Սուպերմարկետները դատարկ են. հասարակական ավտոբուսների ծառայությունները դադարեցվել են վառելիքի պակասի պատճառով. քաղաքի պիկ ժամն այլևս չկա: Շատ թաղամասեր զրկված են ջրից և էլեկտրականությունից»,- գրում է թերթը։
Բնակիչները թերթի հետ զրույցում ասել են, որ իրենց համար Բաքվի ծրագիրը պարզ է՝ սովի ենթարկել իրենց, որպեսզի, եթե և երբ ճանապարհը վերաբացվի, իրենք հեռանան: Դա, ասում են, դանդաղեցված ցեղասպանություն է սովի միջոցով՝ որպես դասական զենք։ Ադրբեջանը հերքում է, որ որևէ շրջափակում կա և ասում է, որ իրեն ստիպել են այդպես անել՝ բնապահպանական խախտումներից հետո։
Ճգնաժամը, սակայն, իրական է, շարունակում է թերթը։ Եվ գնալով վատանում է։ Հովիկ Ասմարյանը թերթի հետ զրույցում ասում է, որ փետրվարին փակել է իր ռեստորանը այն բանից հետո, երբ սպառվեցին ալյուրը և այլ ապրանքներ: Գյուղում նա պտղատու այգի ունի՝ 3000 ծառ։ Բայց բենզինի բացակայության պատճառով չի կարողանում հավաքել բերքը, որը ծառերի վրա փտում է: «Սա շարունակվում է 245 օր։ Նրանք փորձում են ավելի ու ավելի վատթարացնել իրավիճակը։ Բայց մենք չենք հանձնվում»,- ասում է նա:
Կարդացեք նաև
Ասմարյանը Guardian-ի համար կեսօրից հետո տեսաշրջայց է կատարում Ստեփանակերտում: «Z-սուպերմարկետը փակ է, դարակները՝ դատարկ։ Փակվել են նաև շուկան և Nostalgia խանութը։ Մեկ խանութ է բաց։ Բայց պահարանների վրա բան չի մնացել՝ բացի խաղալիք մեքենայից: «Նրանք չեն հանգստանա, մինչև մենք չմեռնենք փողոցներում»,- ասում է Ասմարյանը:
Ամեն ճաշի համար Հովիկ Ասմարյանը կարտոֆիլ է ուտում: «Մենք տապակում ենք այն։ Հետո խաշում ենք,- ասում է նա: – Սա առողջ ապրելակերպ է իմ և իմ ընտանիքի համար: Մենք բանջարեղեն ենք օգտագործում, քայլում ենք ոտքով և շրջում հեծանիվով։ Բայց դա ստիպված քայլ է»:
Իր հայրենի քաղաքում՝ Ստեփանակերտում, նա բարտերային համակարգ է մշակել: «Այգում պտղատու ծառեր ունենք։ Ես պտուղ եմ տալիս իմ հարևաններին, նրանք մեզ գազար են փոխանցում»,- ասում է նա:
2020թ. իր ընդգծված ռազմական հաղթանակից հետո Ալիևը փոխզիջման գնալու տրամադրվածություն չունի և «կարծում է, որ ինքը գագաթնակետին է», ասում է Կարնեգի Եվրոպա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը: «Ալիևը կիրառել է և՛ դիվանագիտություն, և՛ հարկադրանք՝ փորձելով ավարտին հասցնել իր օրակարգը հայերի նկատմամբ: Արդեն ինքնավստահ, որպես չմիացած տերություն, որը գործ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ, նա իրեն ուժեղ է զգում Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից»:
2020 թվականի հրադադարի համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը սահմանին տեղակայված իր խաղաղապահների միջոցով պետք է ապահովի, որպեսզի Հայաստանի և Ղարաբաղի միջև ճանապարհային տրանսպորտը բաց մնա։ Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի փոխտնօրեն Ալիսա դե Կարբոնելը թերթի հետ զրույցում նշում է, որ Մոսկվայի կողմից դա չանելը «թուլության նշան է»: «Ռուսաստանը շեղված է: Սա կարող է լինել պատճառներից մեկը, թե ինչու տեղի ունեցավ [երկրորդ] պատերազմը»,- ասել է նա։
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ ասում են, որ խորապես անհանգստացած են Ղարաբաղում իրավիճակի վատթարացմամբ, գրում է հոդվածի հեղինակը։ Նրանք Ադրբեջանին կոչ են արել վերաբացել Լաչինի միջանցքը և թույլ տալ մարդասիրական օգնություն տրամադրել։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փորձում է միջնորդել Բաքվի և Երևանի միջև։ Նույնը փորձում է անել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որն անցյալ ամիս Բրյուսելում անցկացրեց Ալիևի և Փաշինյանի միջև խաղաղության բանակցությունների վերջին փուլը։
Թերթը գրում է, որ չնայած որոշակի դիվանագիտական առաջընթացին՝ Ադրբեջանը մինչ այժմ չի լսում միջազգային խնդրանքները և Ղարաբաղի շուրջ հակամարտությունը դիտարկում է որպես ներքին խնդիր։ Մայիսին իր ելույթներից մեկում Ալիևն առաջարկեց հայ բնակչությանը «վիզ ծռել» և ընդունել Ադրբեջանի կազմում ձուլումը: Գործնականում դա նշանակում է լուծարել Արցախի իշխանությունը։ Բաքուն հրաժարվում է խոսել տեղի ղարաբաղցիների հետ և նրանց համարում է «անջատողականներ»:
Ասմարյանն ասում է, որ դրսից մարդիկ իրականում թքած ունեն Ղարաբաղի դժբախտության վրա, քանի որ շրջափակված տարածաշրջանը քիչ բնական պաշարներ ուներ:
«Մենք չունենք ոսկի, կամ նավթ, կամ գազ: Մենք ոչինչ չունենք, որը կհետաքրքրի Արևմուտքին կամ Արևելքին: Աշխարհը սիրում է խոսել մարդու իրավունքների մասին։ Բայց նրանք թքած ունեն: Ներեցեք, որ այդպես կոպիտ եմ արտահայտվում,- ասում է նա և հավելում.- Ի վերջո, բոլորս էլ մարդ ենք»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ