Արցախահայոց գոյաբանական պայքարն ընկալելի չէ «քաղաքակիրթ» աշխարհին, ավելի ճիշտ՝ հաճո չէ, քանզի այն չի բխում իրենց շահերից: Եվ ժամ առ ժամ խորացող սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական և հումանիտար ճգնաժամն Արցախում տեղի է տալիս. անտանելի է: Դիմակայելով ահագնացող ծանր վիճակին՝ մեր հայրենակիցները փորձում են հաղթահարել այն, բայց… ոչ ոք չի կարող ասել, թե այս իրավիճակի հանգուցալուծումը ե՞րբ և ո՞րն է լինելու:
Մի քանի օրից ուսանողական կյանքը եռուզեռի մեջ կմտնի, սակայն հայաստանյան բուհերում ուսանող արցախցի ուսանողների և նրանց ծնողների համար մոտեցող այդ օրերը նրանց կյանքի ներկայիս մղձավանջն էլ ավելի են ծանրացնում:
Շրջափակման, հումանիտար աղետի և գործազրկության պայմաններում հայրենի բնօրրանում գոյության կռիվ տվող արցախցիները մտահոգվում են իրենց երեխաների ուսման ճակատագրով ովքեր ՀՀ բուհերում սովորում են վճարովի հիմունքներով: Առկա ֆինանսական ճգնաժամի պայմաններում գործազուրկ արցախցին ի վիճակի չէ օրեր անց վճարել իր երեխայի ուսման համար: Հետևաբար՝ ի՞նչ է լինելու վճարովի հիմունքներով սովորող արցախցի ուսանողների ուսման հարցը: Նշմարվո՞ւմ է հույսն ապագայի դժվար է ասել:
Արցախցի մայրերի անունից խնդրում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանին ՀՀ կառավարություն ներկայացնել Հայաստանի բուհերում սովորող արցախցի ուսանողներին 2023-24 թթ. ուսումնական տարվա գոնե առաջին սեմեստրի վճարից ազատելու, փոխհատուցելու կամ այլ լուծում գտնելու հարցը, հույս ունենալով, որ մինչև տարեվերջ իրավիճակն Արցախում կշտկվի և արցախցին ինքը կհոգա իր երեխայի ուսման համար:
Կարդացեք նաև
Արցախցին զրկված է հանապազօրյա հացից, մարդասիրաբար գոնե նրանց զավակներին չզրկենք Հայրենիքում ուսումնառությունից, և մեր անտարբերությամբ չմատնենք նրանց ոգու սովի:
Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ