Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը պատասխան չունի տալու տեղահանված մարդկանց եւ պատժում է դատարանի միջոցով»․ իրավապաշտպանները Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետած կնոջ գործի մասին

Օգոստոս 22,2023 16:57

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետելու համար 47-ամյա Նարինե Ասատրյանին (լուսանկարում) մեղադրանք է առաջադրվել։ Այս տարվա ապրիլի 10-ին Վայոց Ձորի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ Նարինե Ասատրյանը հովանոց էր նետել՝ այդպիսով հայտնելով իր դժգոհությունը։ Դեպքից հետո տեղեկություն եղավ, որ Նարինեն Բերձորից է, կորցրել է Բերձորում ունեցած տունն ու խանութը եւ իր այդ քայլով դժգոհություն է հայտնել իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ։ Դեպքից հետո նրան ձերբակալել էին, այնուհետեւ ազատ արձակել։ Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու հանցափորձը), որը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:

Ժաննա Ալեքսանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առավոտի» հետ զրույցում արձանագրում է․ «Նիկոլ Փաշինյանն այդպես որոշեց, որ գնում է պատժելու ճանապարհով»։

Ըստ իրավապաշտպանի՝ Նարինե Ասատրյանը դժգոհ է եղել իր սոցիալական վիճակից եւ վարչապետին տեսնելիս դժգոհություն է հայտնել։ «Բայց երեւի արձագանք չի ստացել, դրա համար իր հովանոցը նետել է վարչապետի ուղղությամբ։ Սա նախ վարչապետի վերաբերմունքն է տեղահանված անձանց նկատմամբ, այսինքն՝ ամենայն հավանականությամբ ինքը պատասխաններ չունի տալու տեղահանված մարդկանց եւ պատժելու միջոց է ընտրում դատարանը»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը հիշեցնում է, որ երբ Եռաբլուրում բռնության ենթարկեցին զոհված զինծառայողների ծնողներին, բռնություն կիրառողները չպատժվեցին, բայց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ դատարանում վարչական վարույթներ հարուցվեցին։ «Պատերազմից հետո զոհված զինծառայողների ծնողների, տեղահանվածների նկատմամբ այդ անպատասխանատվության հարցը Նիկոլ Փաշինյանը լուծում է այս ձեւով՝ պատժելու միջոցով։ Եվ դա անում է  դատարանի միջոցով։ Զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանին, որը Նիկոլ Փաշինյանի որդու հետ ինչ-որ խնդիրներ էր ունեցել, դատարանով մեղավոր ճանաչեցին։ Ինձ համար հասկանալի է, որ պայմանները թելադրել էին հենց վարչապետի աշխատակազմից կամ նրա մերձավոր միջավայրից, որ այդ կնոջ գործով արագացված դատաքննություն լիներ։ Սա ցույց է տալիս, որ այս ձեւով ինքը պատժում է նաեւ մյուսներին։ Այդ աստիճանի փոքրոգություն, անմարդկային վերաբերմունք․․․ Ես համոզված եմ, որ դատարանն այս կնոջ նկատմամբ պատժաչափ կսահմանի։ Ես կարդացի մեղադրական եզրակացությունը, 13․5 մետր հեռավորությունից է նա նետել հովանոցը։ Իսկ ի՞նչ է պատահել վարչապետի հետ, որ ինքը նման քայլի է գնում։ Միայն թե թող մեզ նորից իր ու իր որդու ծիծաղելի երկխոսությունը չպատմի։ Ասում էր, որ ուզեցել է հորդորել իր որդուն, որ Գայանեի վերաբերյալ բողոքը հետ վերցներ, բայց տղան ասել էր՝ բայց չէ՞ որ մենք իրավական պետություն ենք կառուցում։ Ոչ ոք չի հավատում, որ ինքը իրավական պետություն է կառուցում, եւ թող հանկարծ այդ խոսքերը չկրկնի»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ եթե գործող իշխանությունները նույնանման վերաբերմունք ունենային նաեւ յուրայինների նկատմամբ, այլ իրավիճակ կլիներ։ «Բայց երբ յուրայինները, իշխանության պաշտպանները տարբեր գործողություններ են իրականացրել, ներառյալ մարդկանց բռնության ենթարկելը, վերջացրած Ալեն Սիմոնյանի կողմից մարդու վրա թքելն ու անպատիժ մնալը, ես խնդիր եմ տեսնում։ Ես գտնում եմ, որ բոլոր իրավախախտումները ենթակա են համարժեք, համաչափ պատասխանատվության։ Յուրաքանչյուրն իր գործողությանը համարժեք պատասխանատվություն պիտի կրի, հարցն այն է՝ դա ընտրովի է իրականացվում, թե՞ ոչ։ Ես վստահ եմ, որ դա ընտրովի իրականացվող պրոցես է։ Եվ յուրայինները երբեք չեն պատժվում, այդպես եղել է նախկինում, եւ այդ նույն համակարգը գործում է հիմա։ 2018 թվականի իրադարձություններից հետո մարդիկ լրիվ այլ բան էին ակնկալում, ոչ թե դերակատարների փոփոխություն»,- ասաց Կարապետյանցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ նման դեպքերով հասարակության մոտ հիասթափություն ու հուսահատություն է առաջանում։ «2018-ին մեծ քանակի մարդիկ դուրս եկան փողոց, պահանջ ներկայացրեցին, կարծես թե փոփոխություն բերեցին, բայց արդյունքում ստացան նույն բանը։ Դա հուսահատություն է բերում։ Մյուս կողմից դա բերում է պետական մարմինների նկատմամբ անվստահություն։ Եվ ես կարծում եմ, որ այս իշխանությունը, նաեւ շատ ու շատ դերակատարներ հետեւողականորեն տանում են նրան, որ հասարակության մեջ գաղափար ձեւավորվի, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ինքնուրույն, ինքնիշխան պետություն, չի կարող գոյություն ունենալ, որովհետեւ մենք ի վիճակի չենք ինստիտուտների նվազագույն աշխատանքը կարգավորել ու կառավարել։ Եվ հասարակությանը ներարկում են, ներշնչում են, որ մեր միակ փրկությունը պետք է լինի միութենական պետության շրջանակներում։ Սա ինձ միայն դա է հուշում, որովհետեւ չի կարելի այս ծավալի թքած ունենալու մոտեցում դրսեւորել։ Սա այլ տրամաբանություն է, սա մեծ խաղի մի մասնիկ է, եւ ես կարծում եմ, որ այսպիսով ձեւավորում են մտայնություն, որ մենք չենք կարող ինքնուրույն պետություն լինել, պետք է լինենք որեւէ միութենական պետության մասնիկ»,- հավելեց Նինա Կարապետյանցը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031