Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արագածոտնի մարզից մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները

Օգոստոս 22,2023 16:40

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արագածոտնի մարզից մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ խորհրդակցությանը վարել   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության և մարզպետարանի հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի 118 դպրոցների տնօրենները:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով ներկաներին, նախ ամփոփ տվյալներ է ներկայացրել Արագածոտնի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցած դիմորդների արձանագրած ցուցանիշների մասին՝ հղում կատարելով ԳԹԿ ներկայացրած տվյալներին։

Հաջորդիվ նախարարի տեղակալն անդրադարձել է պետական նոր չափորոշչի ներդրման, հանրակրթության կազմակերպման գործընթացի լավարկմանը, կրթական միջավայրի արդիականացմանը, ուսուցչի դերի վերաիմաստավորմանը, նրա աշխատանքի խրախուսմանը, կարողունակությունների զարգացմանը, կրթության ներառականության ընդլայնմանն ու ընդհանուր առմամբ, կրթության որակի բարձրացմանն ուղղված բաղադրիչներին, որոնք արդեն իսկ կգործարկվեն 2023-2024 ուսումնական տարվանից։

Նշվել է, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում, իսկ 10-րդ դասարանում այն կգործի հաջորդ ուսումնական տարվանից։ Սեպտեմբերից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները, ինչպես նաև Հայաստանում ԲՏՃՄ առարկաների՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, բոլոր ուսուցիչները կստանան 25 % հավելավճար։ Ի հավելումն նախարարի տեղակալի պարզաբանումների՝ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները խոսել են աշակերտների կրթական իրավունքի իրացումն արդյունավետ կազմակերպելու կարևորության մասին՝ շեշտադրելով թե՛ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լավագույն պայմանների ապահովման, և թե՛ բուլինգի, ընտանիքում երեխայի բռնության և այլ արատավոր երևույթների վերահսկման և կանխարգելման բացառման կարևորությունը։ Հնչած հարցերի շուրջ տնօրենները հարցադրումներ են ներկայացրել, որոնց վերաբերյալ ծավալվել է քննարկում։

Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը ևս ողջունել է ներկաներին և տեղեկացրել, որ մինչև 2024 թվականը Արագածոտնի գրեթե բոլոր դպրոցները կունենան ԲՏՃՄ առարկաների լաբորատորիաներ, այդ թվում՝ 13-ը կգործարկվեն այս ուսումնական տարվա սկզբին։ Նա անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրին՝ նշելով, որ Արագածոտնի մարզում 1-ին փուլով 22 դպրոց է կառուցվելու կամ վերակառուցվելու։ Օհանավանի, Լուսակնի և Գառնահովիտի դպրոցների շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Սասունիկի և Արագածավանի թիվ 1 դպրոցների կառուցման աշխատանքներն մեկնարկել են, ուստի նոր ուսումնական տարվանից այս դպրոցների աշակերտների ուսումնական գործընթացը՝ մինչև դպրոցների կառուցման ավարտը, կկազմակերպվի մոտակա այլ դպրոցներում։

Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ ներկայացուցիչները հանդիպել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ՝ նրանց իրազեկելով նախադպրոցական կրթությանն առնչվող նորամուծությունների մասին։ Ընդգծվել է, որ նախադպրոցական կրթությունը որպես կրթության առաջնային օղակ ոչ պակաս կարևորվում է ՀՀ Կառավարության կողմից, ուստի մեկնարկած մեծածավալ բարեփոխումների թիրախը նաև այս ոլորտի զարգացումն է։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով մարզերում շուտով կհիմնվեն նոր մանկապարտեզներ, կվերակառուցվեն գործողները, բացի շենքային արդի պայմաններ ապահովելուց, ընթացքի մեջ են նաև բովանդակային փոփոխություններ, որոնք նախատեսում են նախակրթարանների և մանկապարտեզների մանկավարժական կազմի կարողությունների զարգացում և ֆինանսական նոր մոդելի կիրառում։

Հիշեցնենք՝ խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031