Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անընդունելի են մեր պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը. Դավիթ Իշխանյան

Օգոստոս 22,2023 16:27

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՉԸ

Լինելով Արցախի Հանրապետության քաղաքացի և Ազգային ժողովի նախագահ՝ միշտ պայքարել եմ Արցախի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և ուժային կառույցների ՝որպես պետականության հիմք ներկայացնող ինստիտուտների կայացման ու հզորացման համար:

Անընդունելի է վերջին օրերին հանրային հարթակներում կեղծ համախմբման կոչերի քողի տակ հանդես եկող որոշ դեմքերի՝ մեր պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը:

Ես Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել եմ քաղաքական ուժերի համախոհության արդյունքում: Համոզված եմ, որ այդ համախմբումը միս ու արյուն է տալու պետականության պահպանման վեհ գաղափարին, որի լեգիտիմ ներկայացուցիչներն են Նախագահի և Ազգային ժողովի ինստիտուտները:

Բոլոր այն քայլերը, որոնք միտված են սեպ խրելու և ընդհանրապես պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես թշնամանք են ստեղծում երկրի ներսում և ջուր լցնում թշնամու ջրաղացին:

Վստահ եմ՝ այս ծանր օրերին ուժային և իրավապահպան կառույցների ներկայացուցիչները գիտակցում են պետականության պահպանման գինն ու կարևորությունը ու նրանց վստահված մեր անվտանգությունն ու ներքին անդորրի պահպանումը:

Որպես երկրի քաղաքական ղեկավարությունը ստանձնած երկրորդ դեմք՝ ինչպես ժամանակին մարտի դաշտում անմասն չեմ մնացել պետականության ստեղծման գործընթացին, հավատարիմ և հաստատակամ մնալով մեր նահատակների որդեգրած նպատակներին, գիտակցելով ներքին համերաշխության կարևորությունը, պատրաստ եմ իմ բոլոր ուժերը ներդնել՝ համատեղ որոշումներ կայացնելու և այս իրավիճակից մեր հանրապետությունը նվազագույն վնասներով դուրս բերելու ուղղությամբ:

Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, համոզված եմ, որ ԱՀ Ազգային ժողովը կստեղծի բոլոր պայմանները՝ դառնալու ոչ միայն քաղաքական քննարկումների, այլև հանրության խնդիրները ներկայացնող և լուծումներ առաջադրող հարթակ:

Վստահեցնում եմ ձեզ, որ Ազգային ժողովը պատրաստ է հյուրընկալել հանրության կառուցողական միտում ունեցող տարբեր շերտերի և պատրաստակամ է լսելու բոլորի կարծիքը և այն ներկայացնելու թե´ ԱՀ նախագահին, թե´ պատկան մարմիններին:

Համոզված եղեք, որ այս ծանր կացությունից դուրս կգանք մեր հաստատակամ, արդար, անմնացորդ նվիրվածության ու համերաշխության շնորհիվ:

Կոչ եմ անում բոլորիդ՝ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի:

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031