Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապանի օդանավակայանը դեռ տարիներ առաջ պետք է վերագործարկվեր, այսօր որեւէ մեկը չի կարող երաշխավորել թռիչքների անվտանգությունը»․ Կապանի նախկին համայնքապետ

Օգոստոս 22,2023 16:06

«Առավոտի» զրուցակիցն է Կապան համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հայրապետյանը։

Աշոտ Հայրապետյան

Կապանի օդանավակայանը վերագործարկել է, օգոստոսի 21-ին կայացել են Երեւան-Կապան, Կապան-Երեւան թռիչքները։ Միաժամանակ, տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը հերթական սադրանքի դիմեց՝ փորձելով խոչընդոտել թռիչքների իրականացումը։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

-Ինչ վերաբերում է օդանավակայանի վերագործակմանը, ապա ոչ թե հիմա պետք է վերագործարկվեր, այլ տարիներ առաջ, երբ ամեն ինչ պատշաճ արված էր, օդանավակայանը պատրաստ էր շահագործման։ Ձեռք էր բերվել համապատասխան ինքնաթիռ, աշխատանքի էին ընդունվել աշխատակիցներ, այսինքն՝ կար նաեւ սպասարկող անձնակազմ։ Թե ինչո՞ւ այն ժամանակ չվերագործարկվեց, չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Ենթադրում եմ՝ այն նույն պատճառով, ինչի հետեւանք են մյուս ոլորտներում ձախողումները։

Նախորդ իշխանության օրոք աշխատանքներն արվել էին, օդանավակայանը պատրաստվել էր շահագործման։ Օդանավակայանի կոնցեսիոն կառավարման հանձնելու որոշումը կայացրել ենք ես եւ համայնքի այն ժամանակվա ավագանին։ 2018 թվականի վերջին, իմ ունեցած տեղեկություններով, օդանավակայանն արդեն կարող էր գործարկվել։ Այնինչ, ինձ համար գոնե անհասկանալի պատճառներով ձգվեց մինչ այսօր։

Ինչ վերաբերում է անվտանգությանը, այս պահին որեւէ մեկը երաշխիք չի կարող տալ, որ թռիչքները կիրականացվեն անվտանգ։ Չեմ կարծում, որ այսօր տեխնիկական, նյութական, մասնագիտական առումներով թերի հարցեր կան, թռիչքներ իրականացնելու որոշումը ես դարձյալ ողջունում եմ, բայց որեւէ մեկը չի կարող երաշխավորել այդ թռիչքների անվտանգությունը։

Ես ուրբաթ օրվա համար տոմս եմ ձեռք բերել, օգոստոսի 25-ին պետք է թռնեմ Երեւան, պատկերացրեք, եթե ես ունեմ երկմտանք, ապա մեր մյուս համաքաղաքացիներն ինչ ընտրության առաջ են կանգնած։

Ադրբեջանական կողմը կրակ արձակեց օդանավակայանի ուղղությամբ։ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարեց, որ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության եւ կարող են ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր։ Ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ այդ հայտարարությունը։

– Իսկ մեր հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ այլ ոտնձգությունների դեպքում եղե՞լ են նման կոչեր՝ համատեղ քննություն իրականացնելու մասին։ Օրինակ՝ Հանդում եղե՞լ է նման առաջարկ, եւ Ադրբեջանն ընդունե՞լ է։ Իշխանասարում եղե՞լ է, միգուցե Սեւ լճո՞ւմ է եղել կամ Շորժայի հատվածո՞ւմ, Երասխո՞ւմ է եղել նման առաջարկ։ Սա ընդամենը էժանագին հերթական PR քայլն է, հաշվի առնելով այն, որ ենթադրվող անձն այդ օրերին Կապանում էր եւ ուզի թե չուզի, ինչ-որ արձագանք պետք է տար։ Եվ արձագանքը դա էր՝ կոչ համատեղ հետաքննություն անցկացնելու։ Ի՞նչ հետաքննություն անցկացնելու մասին է խոսքը։

Օդանավականի հարակից բարձունքի վրա ադրբեջանական ուժերն են տեղակայված, Հայաստանի իշխանությունն այդ տարածքները զիջել է Ադրբեջանին՝ հայտարարելով, թե ԽՍՀՄ օրոք դրանք ադրբեջանական տարածքներ էին։ Ադրբեջանցիները նաեւ շարունակում են բռնազավթած պահել հայկական տարածքները, իսկ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում։ Ինչպե՞ս եք գնահատում իշխանության այս քաղաքականությունը։

-Մենք միամտորեն տարիներ շարունակ մտածել ենք, թե այս իշխանություններն ուղղակի տկար են, ապաշնորհ են, անկարող են։ Միամտորեն այդպես ենք կարծել, հասկացաք իմ ասածի բովանդակությունը։ Մենք մեկ այլ պրիզմայով ենք փորձել տեսնել նրանց աշխատանքը։ Բայց պարզվում է, որ զուգահեռ են մեր ու իրենց պատկերացումները եւ որպես կանոն չեն հատվում։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Այս փուլում շատ են մեկնաբանություններն այն մասին, որ այս իշխանությունները հաջորդը հանձնելու են Սյունիքը, եւ այդպես շարունակ։ Ինչպե՞ս դիմակայել այս ծրագրերին։

-Կար մտայնություն, պատրանք, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Ինչո՞ւ եմ ասում պատրանք, որովհետեւ դա հանրությանը մատուցվել է նեգատիվ երանգներով՝ որպես հոգս, բեռ, դարդ ու ցավ։ Այնինչ, հիմա պիտի մարդիկ հասկանան, որ Արցախն էր Հայաստանի անվտանգության եթե ոչ երաշխավորը, բայց գոնե վահանը։ Իհարկե, հաջորդը լինելու է Սյունիքը։ Ինչո՞ւ հաջորդը, զուգահեռաբար լինելու են Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Արարատի մարզը։ Ի՞նչ է նշանակում հրաժարվել քո հայրենիքի մի մասից։

Ինչ վերաբերում է անելիքներին, մեր ժողովրդին եւ կարելի է մեղադրել, եւ ոչ։ Մարդկանց կարելի է տարբեր մեղքեր վերագրել, բայց առաջին հերթին պետք է հասկանանք, թե ի՞նչ է հրամցվում ժողովրդին։ Ի՞նչ է ակնկալվում ժողովրդից եւ ո՞ւմ կողմից, իշխանությա՞ն։ Ինչ ակնկալվում է իշխանության կողմից, ժողովուրդը լավ էլ ի կատար է ածում։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031