«Ինչ սրանք հնչեցնում են խաղաղության օրակարգը, մենք պարբերաբար զոհեր ու կորուստներ ենք ունենում: Նախկինում հայերը չէին խոսում խաղաղության օրակարգից, խոսում էին ուժի դիրքերից: Այդ ժամանակ հարգանք էինք վայելում, տեսանելի էինք միջազգային հարթակներում, փորձում էին մեզ հետ հաշվի նստել, համարում էին, որ որպես միավոր կա իր չափով հզոր Հայաստան եւ բանակ, որը տարածաշրջանում ամենամարտունակներից էր»,-«Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ, հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով անընդհատ ադրբեջանական զինուժի պատճառով հայկական կողմի զոհեր ունենալուն:
Նրա խոսքով. «Քանի որ այս իշխանությունները պարտություն կրողներն են, ամեն կերպ փորձեցին պարտության պատճառները բարդել բանակի ու բոլորի վրա, իսկ գերագույն գլխավոր հրամանատար հորջորջվողը սպասարկուն էր թշնամու շահերի: Դրա մասին նույնիսկ ադրբեջանցի բլոգերն է ելույթով հանդես եկել շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին ու իր թիմակիցներին: Տասնյակ տարիներով ալիեւյան կլանը այն օգուտը չբերեց Ադրբեջանին, ինչ Փաշինյանը մի քանի տարիների ընթացքում»:
Խաչիկ Մանուկյանը շեշտում է. «Եթե մեր խոսքերը մեր հանրությանը չեն սթափեցնում, գուցե մեր թշնամու խոսքերը սթափեցնեն… Ասում են ունեք մեկին, որն ապրում է այդտեղ՝ ձեր վճարած հարկերով, ձեր գումարներն ուտում է, ամեն ինչ ստեղծում է, հետո զոմբիախմբի համար արտասվում է, թե տունս չի ծախվում… Ադրբեջանցիների ծաղրանքներն ինձ ցավեցնում են, որովհետեւ ես չեմ ուզում իմ ազգին այսպես նվաստացած տեսնել:
Ես, իհարկե, հասկանում եմ, թե ովքեր էին այն արվեստագետները, որ լռեցին: Եթե իրենց բարեկեցությունն ապահովում է, իշխանության կողմից բարեւներ ու շնորհավորանքներ կան, լրիվ բավական է, որ օտարեն իրենց ազգն էլ, պատկանելությունն էլ, հայրենիքն էլ:
Կարդացեք նաև
Ի դեպ, հիշեցի՝ իշխանական սանդղակի մեջ շարվածներից որեւէ մեկը Վեհափառի ծննդյան օրը չշնորհավորեց: Եվ չէին շնորհավորելու: Չէ՞ որ նրանք նոր արժեհամակարգեր են բերել ՝ նիկոլիստները ափսեները քեֆերին ջարդում են իրար գլխի վրա, վարունգներ են իրար վրա շպրտում: Ինչ կլինի, դուք ձեր էդ արժեհամակարգով հեռացեք մեզնից, ինչ-որ կղզի գտեք, գնացեք ձեր բարեկիրթ Ալիեւից խնդրեք՝ ինչ ուզում եք, ձեզ ամեն բան կտա: Դուք այնքան բան եք արել Ադրբեջանի ժողովրդի համար, Էրդողանից խնդրեք, տո առանց խնդրելու էլ կտան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ