Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրական 4 պահանջներից առնվազն երկուսի երաշխավորումը Արայիկ Հարությունյանը ձախողել է. ինչպե՞ս կանխել արցախյան դարավոր պետականության անկումը. Ստեփան Հասան-Ջալալյան

Օգոստոս 22,2023 16:02

Վերջին օրերին Արցախի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը սպառնում է Արցախի պետականությանը: Տվյալ ճգնաժամը կրկնակի վտանգավոր է օկուպանտ Ադրբեջանի կողմից Արցախի` գրեթե ինն ամիսներ ձգվող շրջափակման պայմաններում: Ճգնաժամը հանգուցալուծելու, այդպիսով արցախյան դարավոր պետականության անկումը կանխելու նպատակով երկրի վարչակազմի կողմից պետք է առանց հապաղելու ձեռնարկվեն սթափ, առանց զգացմունքներին տուրք տալու, հավասարակշռված քայլեր: Ճգնաժամի հաղթահարման գործում մեծ անելիք առաջին հերթին ունի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

2023թ. փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության կառավարության նիստում Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, հայտարարել է. «Անձինք անցողիկ են, իսկ հայ ժողովրդի (ներառյալ՝ արցախյան հատվածի) պայքարն ու ազգային շահերը՝ հավերժական: Մենք այստեղ ենք՝ մեզ վստահված ժամանակահատվածում ապահովելու այդ պայքարի շարունակականությունը և ազգային շահերի պաշտպանությունը: Ով այդ ճանապարհից շեղվի, կստանա պետական ու ժողովրդական պատիժ պետական ու ազգային դավաճանության համար:»:

Մեջբերված հատվածում Արայիկ Հարությունյանը, ըստ էության, խոսել է իր մասին, որպես մի բարձրաստիճան պաշտոնատար անձի, ով շեղվել է Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերի պաշտպանության ճանապարհից:

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 94-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:»:

2020թ. մայիսի 21-ին Շուշիում Արայիկ Հարությունյանը ձեռքը դրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության վրա և որպես հանրապետության ընտրված նախագահ երդվել՝ բարձրաձայնելով Սահմանադրության 91-րդ հոդվածում արձանագրված երդման տեքստը, մասնավորապես. «ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի:»:

Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը, որպես Արցախի Հանրապետության նախագահ, կարողացել է պահել իր երդումը, արդյո՞ք Արայիկ Հարությունյանը, որպես Արցախի Հանրապետության նախագահ, կարողացել է հանդիսանալ սահմանադրական վերոնշյալ չորս պահանջների երաշխավորը:

Պատասխանն ավելի քան հստակ է. որպես հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը չի կարողացել պահել իր երդումը:

Սահմանադրական չորս պահանջներից առնվազն երկուսի երաշխավորումը Արայիկ Հարությունյանը, որպես հանրապետության նախագահ, կատարելապես ձախողել է: Նա չի կարողացել հանդիսանալ Արցախի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը:

Սահմանադրական պահանջների կատարումը ձախողելով՝ Արայիկ Հարությունյանը շեղվել է Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերի պաշտպանության ճանապարհից: Իսկ, ինչպես իրավացիորեն հայտարարել է հենց ինքը՝ Արայիկ Հարությունյանը, «Ով այդ ճանապարհից շեղվի, կստանա պետական ու ժողովրդական պատիժ պետական ու ազգային դավաճանության համար:»:

Պետք է հուսալ, որ Արցախի Հանրապետության հաջորդ վարչակազմն ի կատար կածի Արայիկ Հարությունյանի այս իրավացի հայտարարությունը:

Քաղաքակիրթ երկրներում սահմանադրական պահանջների կատարումը ձախողած հանրապետության նախագահը դրսևորում է ողջախոհություն և հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Այս իմաստով Արայիկ Հարությունյանին պետք է մաղթել ողջախոհություն: Թող ողջախոհությունը հնարավորինս շուտ այցելի իրեն և նա ժամ առաջ հեռանա զբաղեցրած պաշտոնից:

Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարումը վնասում է Արցախի Հանրապետության ազգային պետական շահերին: Նա չի կարողացել պատվով կրել հանրապետության նախագահի բարձր պատասխանատվությունը: Պարտված նախագահը պետք է հեռանա, սա չի կարող քննարկման առարկա լինել որևէ պարագայում:

Որպես պարտված նախագահ շարունակելով պաշտոնավարումը՝ Արայիկ Հարությունյանը շատ վատ նախադեպ է ստեղծում Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգի համար ընդհանրապես, հանրապետության նախագահի ինստիտուտի համար մասնավորապես:

Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման օրոք Արցախի Հանրապետությունը կրել է ահռելի տարածքային կորուստներ, լրջագույնս վտանգվել է Արցախի Հանրապետության անվտանգությունը:

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հեռանալուց անմիջապես հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նույն օրը պետք է ընտրի հանրապետության նոր նախագահ՝ պահպանելու Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգի ամբողջականությունը:

Ամփոփելով ասվածը՝ կոչ եմ անում Արցախի Հանրապետության խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին և Արցախի Հանրապետության քաղաքացիներին անհետաձգելիորեն, հրատապ կարգով սկսել գործընթաց և ձեռնարկել բոլոր միջոցներն Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու նպատակով:

Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության շրջանում չունի այն լեգիտիմությունը, որը թույլ կտար նրան շարունակել հետագա պաշտոնավարումը հանրապետության նախագահի պաշտոնում:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031