Այս տարվա կիսամյակային արդյունքներով, տնտեսական ակտիվության աճը կազմել է 11,4 տոկոս, լուրջ առաջընթաց են գրանցել առևտուրը՝ 23.6 տոկոս աճ, շինարարությունը՝ 17 տոկոս աճ և ծառայությունների ոլորտը 16.8 տոկոս աճ, արդյունաբերությունն արձանագրել է 1 տոկոս աճ, իսկ գյուղատնտեսությունը՝ մոտ 2 տոկոս աճ, իսկ ահա, էներգահամալիրն արձանագրել է 2.7 տոկոս անկում: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը՝ ԵԱՏՄ անդամակցության համատեքստում ներկայացնելով ՀՀ տնտեսության 1-ին կիսամյակի արդյունքները ։
Նրա խոսքով, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործընկերների ցանկը, ԵԱՏՄ ուղղությամբ է գնում Հայաստանի արտահանման արդեն 53.6 տոկոսը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ապրանքների արտահանման գլխավոր շուկան, միաժամանակ Եվրամիության ուղղությամբ արտահանումը նվազել է 11.7 տոկոսով և կիսամյակի տվյալներով Եվրամիությանը բաժին է ընկնում մեր արտահանման 11.5 տոկոսը
«Եթե նախկինում ավանդաբար ԵԱՏՄ ուղղությամբ Հայաստանի արտահանման գլխավոր ապրանքատեսակը հայկական կոնյակն էր, ապա այժմ այդ ուղղությամբ արտահանվում են հեռախոսներ, ավտոմեքենաներ, բժշկական սարքեր, ռադիոսարքավորումներ և այլն»,-գոհունակությամբ արձանագրեց Արամ Սաֆարյանը և ընդգծեց, որ վերոհիշյալ և մի քանի այլ ապրանքատեսակների արտահանումն այս տարիների ընթացքում աճել է 10 անգամ և կարևոր տեղ ՝ զբաղեցնում Հայաստանի երկնիշ տնտեսական զարգացման համատեքստում: «Քանի որ այդ ապրանքների մեծ մասը վերաարտահանվում է՝ հարկ է որ Հայաստանի կառավարությունը օգտվի ստեղծված բարենպաստ իրավիճակից և լուրջ ու հետևողական քայլեր ձեռնարկի ազգային արդյունաբերության որակական զարգացման և ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կորպորացիայի խթանման համար: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը. ՌԴ ԱԳՆ-ն վստահեցնում է, որ չնայած արևմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատմանը՝ ԵԱՏՄ շրջանակներում հաջողվում է զարգացնել փոխշահավետ համագործակցություն»,-ընդգծեց նա:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի տեղեկացմամբ, արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերով ԵԱՏՄ–ում Հայաստանը 3–րդ տեղում է, իսկ շինարարության առումով ամենաբարձր տեմպերը միության կազմում ՀՀ–ում են։
Կարդացեք նաև
«Անգամ ադրբեջանական ագրեսիայի ֆոնին մենք ԵԱՏՄ–ում ունենք տնտեսական բավականին լավ արդյունքներ։ Եթե իրավիճակը բարենպաստ լինի ՀՀ–ի համար, ապա մեր տնտեսական աճը մեր կանխատեսած 7 տոկոսից կարող է հասնել 11-12 տոկոսի»,– ընդգծեց նա՝ հավելելով, որ արձանագրված տնտեսական աճին նպաստել է հատկապես հայ–ռուսական համագործակցությունը։
Տնտեսագետը նաև անդրադարձավ էլեկտրաէներգիայի արտադրանքի ցուցանիշներին` նշելով, որ արձանագրված է մոտ 3 տոկոսի նվազում։ Այս առումով, Թաթուլ Մանասերյանը կանխատեսմամբ, այն արտոնությունները, որոնք ՀՀ կառավարությունը տալիս էր արեգակնային էներգիայի ոլորտին (խոսքը վերաբերում է և՛ բիզնեսին, և՛ ֆիզիկական անձանց), կհանի, քանի որ ոլորտն արդեն բավականին զարգացել է և աջակցության կարիք այլևս չունի։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ