«8 տարի է արդեն` Բելգիայի ԱԳ ոչ մի նախարար հայկական հողի վրա ոտք չէր դրել, ժամանակն էր փոխելու այս իրավիճակը»,- ՀՀ-ի և Բելգիայի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը:
Նա նշեց՝ մոտ 30 հազար հայ ապրում է Բելգիայում․ նրանք բոլորը հպարտ են հայ լինելու և բելգիացի լինելու համար։ Նա նաև հայտնեց, որ իր առաջարկով ԵԽ նախարարների խորհուրդը որոշում է կայացրել ՀՀ-ում Բելգիայի դեսպանատուն բացել։
Հաջա Լահբիբը վստահեցրեց՝ այստեղ է խթանելու համար այն հակամարտության կարգավորումը, որը 100 տարի ի վեր չի գտնում լուծում․ «Ասել եմ, թե որքան մտահոգված է Բելգիան ԼՂ լարվածության կապակցությամբ։ Միակ ճանապարհն այս պատմական հակամարտությունից դուրս գալու համար բանակցությունների և կոմպրոմիսների ճանապարհն է։ Նույնը կասեմ նաև իմ ադրբեջանցի գործընկերոջը։ Հանդիպումների շրջանակներում երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել։ Այս հարգանքը այժմ պետք է տեղում հարգվի, յուրաքանչյուր պետության պարտավորությունն է իր բնակչության իրավունքը պահպանել»։
Հաջա Լահբիբը նաև փաստեց, որ Լաչինի միջանցքով տեղափոխման սահմանափակումները լուրջ հետևանքներ են ունենում, մինչև անգամ՝ սովամահություն․ «Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»։
Կարդացեք նաև
Լրագրողների հարցին՝ ո՞րն է Ձեր ուղերձը լինելու Բաքվի պաշտոնյաներին, որոնք չեն կատարում Հաագայի միջազգային դատարանի որոշումը, Բելգիայի ԱԳ նախարարը պատասխանեց․ «Մեր դիրքորոշումը նույնն է թե′ Երևանում, թե′ Բաքվում։ Մեզ համար ամենակարևորն այս փակուղուց դուրս գալն է, որ իրավիճակը բարելավվի և ԼՂ-ում բնակվող հայ բնակչության կյանքի պայմանները բարելավվեն։ Կոչ ենք անում Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ լինի Վաշինգտոնում, թե այլ վայրում։ Մենք ողջունել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համարձակությունը, որը հրապարակային ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Կոչ ենք անում Ադրբեջանի ամենաբարձր իշխանությանը նույնն անել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ