Գյումրու Օյունջյանի անվան թիվ 21 դպրոցում 2023-2024 ուստարվա մեկնարկին ընդառաջ տեղի ունեցած տնօրենների օգոստոսյան հերթական խորհրդակցության ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում պարտադիր ներդրվելու է հոգեբանի հաստիք։ Փոխնախարարը, սակայն, փոքր-ինչ մտավախություն ուներ գյուղական համայնքների դպրոցներում կադրերի պակասի մասին։
«Սա դժվար է ընթանալու, ինչո՞ւ, որովհետև վստահ չենք, որ հենց սկզբից հոգեբաններ կարողանալու ենք գտնել։ Հնարավոր է գյուղական դպրոցներում հոգեբանի պակաս լինի, քաղաքային համայնքներում, կարծում եմ՝ կադրերով կհամալրվեն։
Շատ կարևորում ենք հոգեբանի առկայությունը դպրոցներում մի շարք պատճառներով, որ դպրոցը հոգեբանական տեսակետից պիտի լինի անվտանգ միջավայր, ցանկացած երեխա, որն ունի հոգեբանական այս կամ այն տիպի դժվարություններ, որոնք անդրադառնում են ուսումնառության վրա, անպայման պիտի ստանա հոգեբանական աջակցություն։
Հոգեբանը պիտի աջակցի, որ դպրոցում կանխարգելվի դպրոցում բռնության կամ բուլինգի երևույթները, օգնի դասղեկներին, ուսուցիչներին, որպեսզի այս կամ այն տիպի գործողություններ ձեռնարկեն նմանատիպ երևույթների բացահայտման կամ առնվազն նվազեցման համար»,-մանրամասնեց փոխնախարարը։
Կարդացեք նաև
Հ․ Գ․ Հոգեբանի կարևորը հաստիքը ներդնելիս՝ անհրաժեշտ է հետևողական լինել, որ այն ձևական բնույթ չունենա, հատկապես 34-ամյա կնոջ կողմից դստերը ֆիզիկական ու սեռական բռնության ենթարկելու սարսափելի պատմությունից հետո։
Հիշեցնենք՝ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը իր պաշտոնավարման ժամանակ բացահայտել էր, որ դպրոցներից մեկում հոգեբան են ընդունել մեկին, որի գոյության մասին ոչ մեկը չի իմացել։
Նա, 2022 թվականի մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ խոսելով ուռճացված հաստիքներից, տնօրենների կողմից հարազատ-բարեկամներին աշխատանքի ընդունելուց, մի օրինակ մեջբերեց, թե ինչպես կրթության ներառականության վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ երեխաներից մեկը ծնողը բողոքել է, թե տվյալ դպրոցում հոգեբանի հաստիք չկա։ Եվ երբ մարզպետը գործի է անցել, որ շտկի այդ հարցը, ճշտել է, որ այդ դպրոցը հոգեբանի հաստիք ունի, և կա մարդ, որն այն զբաղեցնում է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ