Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական աճը կնվազի, կլինեն լրացուցիչ տնտեսական դժվարություններ, իշխանությունը մեղքը կգցի արտաքին գործոնների վրա»․ ՀՀ ներհոսող փողերը կրճատվում են

Օգոստոս 22,2023 12:48

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան փոխանցված գումարների ծավալը նվազում է։ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ այս տարվա հունիսին ֆիզիկական անձանց կողմից Հայաստան է փոխանցվել 444 մլն 586 հազար դոլար՝ նախորդ տարվա հունիսի 597 մլն 786 հազար դոլարի փոխարեն։ Նախորդ տարվա մարտ ամսից, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան փոխանցված գումարների ծավալն ըստ ամիսների աճում էր։ 2022 թվականին դեպի Հայաստան ռեկորդային թվով փոխանցումներ էին եղել․ Հայաստան ներհոսել էր 5 մլրդ 190 մլն դոլար գումար, որից 3 մլրդ 598 մլն դոլարը՝ Ռուսաստանից։ Այս տարվա փետրվարին Հայաստան էր փոխանցվել 713 մլն 946 հազար դոլար, դա ամսական փոխանցումների ամենամեծ թիվն էր։ Սակայն փետրվար ամսից սկսած փոխանցումների ծավալը սկսել է նվազել․ մարտին փոխանցվել էր 482 մլն 433 հազար դոլար, ապրիլին՝ 432 մլն 615 հազար դոլար, մայիսին՝ 435 մլն 420 հազար դոլար, իսկ հունիսին՝ 444 մլն 586 հազար դոլար։

Փոխանցումների մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունից են՝ պատերազմի պատճառով դեպի Հայաստան ռուսաստանցիների հոսքով պայմանավորված։ Հենց Ռուսաստանից փոխանցումների ծավալն է վերջին ամիսներին նվազել։ Եթե այս տարվա փետրվար ամսին ՌԴ-ից Հայաստան փոխանցվել էր 600 մլն 941 հազար դոլար, ապա արդեն հունիսին փոխանցումների ծավալը կազմել է 298 մլն 938 հազար դոլար։

Արմեն Քթոյան

Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով՝ տրանսֆերտների ծավալի նվազումը սպասելի էր։ «Գումարների հոսքի աճը հիմնականում կապվում էր ռուս ռելոկանտների հոսքի հետ, եւ սկզբնական շրջանում այդ աճը պայմանավորված էր Հայաստանում տեղավորվելու, առաջնային ծախսեր կատարելու անհրաժեշտությամբ։ Հաջորդիվ արդեն ընթացիկ ծախսերին էին, որոնց ծավալն ավելի փոքր էր, քան սկզբնական ծախսերն էին։ Մյուս գործոնն այն է, որ դիտարկվող ժամանակահատվածում նկատվել է դրամի, դոլարի ու եվրոյի նկատմամբ ռուբլու արժեզրկում։ Եվ այդ պայմաններում ռուբլիով արտահայտված եկամուտներն արտարժույթի վերածելիս` ռուբլու եկամուտը որոշակի կորուստ է արձանագրում։ Այսինքն՝ ունենք մի քանի գործոններ, որոնք այս իրավիճակին են հանգեցրել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արմեն Քթոյանը։

Հարցին, թե Հայաստանի տնտեսական աճի վրա ինչպե՞ս կանդրադառնա այս գործոնը հետագա ամիսներին, տնտեսագետը պատասխանեց, որ տնտեսական ակտիվության տեմպերը բավական բարձր են։ «Հետագա զարգացումները կախված են նրանից, թե տրանսֆերտների վարքագիծն ինչպիսին կլինի ավելի երկար ժամանակահատվածում՝ մի քանի ամսվա կտրվածքով։ Ռուսաստանի Կենտրոնական բանկն սկսեց իրականացնել թանկ ռուբլու քաղաքականություն, այսինքն՝ ռուբլին թանկացնում է, փոխարժեքի որոշակի կայունացում ու վերականգնում է տեղի ունենում։ Այս պայմաններում կարելի է սպասել արտարժույթով արտահայտված տրանսֆերտների ծավալների որոշակի ավելացում։ Իսկ թե տնտեսական աճի վրա այդ ամենն ինչպես կանդրադառնա` բարդ է ասել, որովհետեւ ամենատարբեր գործոններից է դա կախված։ Համենայնդեպս ակնառու է, որ տրանսֆերտները կրճատվելու են, եւ բոլոր կանխատեսումներում դա կա։ Բայց նույնիսկ այս պայմաններում տրանսֆերտների ներկա մակարդակն ավելի բարձր է, քան մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմն էր»,- ասաց Քթոյանը։ Նրա խոսքով՝ պետք է սովորել թուլացնել կախվածությունը տրանսֆերտների գործոնից։ Երբ երկիրը կախված է լինում մեկ գործոնից, եւ այդ մեկ գործոնը միանգամից չեզոքանում է, լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս։

Թադեւոս Ավետիսյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ տրանսֆերտների ծավալների նվազումն ավելի վաղ էր կանխատեսել։ «Ակնհայտ էր, որ այդ դրամական ներհոսքը եւ տնտեսական ակտիվության բարձր աճը պայմանավորված էր արտաքին եւ պատահական գործոններով։ Եվ սա պետք է հասկանար օրվա իշխանությունը եւ պետք է փորձեր քայլեր ձեռնարկել, որպեսզի առավելագույնի հասցնեինք դրա երկարաժամկետ էֆեկտը, որ այդ դրամական փոխանցումները եւ տնտեսական ակտիվության շարժը դառնային կապիտալ ներդրումներ եւ ծառայեին հետագա տնտեսական ներուժի զարգացմանը։ Ակնհայտորեն այսօր արդեն փաստվում է, որ այդպես չեղավ։ Միայն տվյալ պահի կարճաժամկետ էֆեկտ ունեցանք, եւ արդեն հիմա սկսել է դրամական ներհոսքի նվազում, որովհետեւ այն գործոնները, որոնք բերել էին դրան, հիմա դրանք գնալով թուլանում են։ Նախ` թուլանում են, որովհետեւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ավելի են խստանում, եւ երրորդ երկրների հետ տնտեսական համագործակցությունը դառնում է ավելի բարդ։ Մյուս կողմից էլ, հարեւան Վրաստանը ավտոմեքենաների արտահանման եւ ընդհանրապես բեռների սահմանափակման ու խստացման է գնում, դա Արեւմուտքի պահանջն է։ Այդպիսի իրավիճակում այդ գործոնները թուլանում են եւ մի պահից էլ վերանում են»,- ասաց պատգամավորը։

Թադեւոս Ավետիսյանը նշեց, որ ըստ իր կանխատեսումների՝ ոչ միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը կնվազի, որն արդեն իսկ նվազել է, այլ նաեւ ունենալու ենք լրացուցիչ տնտեսական դժվարություններ։ «Այն «տաք» փողերը, որոնք Հայաստան էին եկել, ինչ արագությամբ եկել էին, այդ նույն արագությամբ կարող է ոչ միայն դանդաղել ներհոսքը, այլ նաեւ կարող են այդ գումարները դուրս գալ երկրից։ Այդպիսի իրավիճակում մենք արդեն ունենալու ենք նույնիսկ տնտեսական ցածր աճ ապահովելու լուրջ ու լրացուցիչ դժվարություններ։ Դա ունենալու է նաեւ սոցիալական հետեւանքներ։ Եթե մինչեւ այս պահը իշխանություններն այդ բարձր աճն իրենց էին վերագրում եւ դրանով փորձում էին մանուպուլացնել ու գլուխ գովել, հիմա էլ ասելու են՝ դե ինչ անենք, տնտեսական պատժամիջոցներ կան, խստացումներ են։ Այսինքն՝ այդ անպատասխանատու վարքագիծն այստեղ կաշխատի, եւ տնտեսական ակտիվության թուլացման ու լրացուցիչ դժվարությունների մեղքը նորից կգցեն արտաքին գործոնների վրա»,- հավելեց Թադեւոս Ավետիսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031