Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը մտնում է դիմադրության վերջին փուլ․ գնահատականներ Ստեփանակերտում տեղի ունեցող զարգացումներին

Օգոստոս 22,2023 12:12

Արցախի նախկին պետնախարար, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»  հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի տեսաուղերձից հետո՝ հայտարարությամբ հանդես եկավ Արայիկ Հարությունյանին սատարող «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքի խմբակցությունը։ Տեսաուղերձով հանդես եկավ նաեւ Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթևոսյանը։ Ներկայացնում ենք ֆեյսբուքյան որոշ գրառումներ, թե ինչպես են հայաստանյան գործիչներն արձագանքում այս ամենին։

Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյան

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար Ռուբեն Մելիքյան․ «Տպավորություն ունեմ, որ նիկոլ-ալիևյան պայմանավորվածությունների շրջանակում ինչ-որ մարդիկ Արցախի աշխարհազորի հրամանատարին դրդում են խիստ վտանգավոր ու նույնիսկ կործանարար քայլերի։ Կարծում եմ՝ այդ մարդը ինքն էլ չի պատկերացնում իր խոսքերի ու հնարավոր գործողությունների հետևանքները։ Ասում է՝ «կցրենք Արցախի խորհրդարանն ու իշխանությունը կվերցնենք մեր ձեռքը»։ Ալիևին էլ դա է պետք – անունը կդնի «հակաահաբեկչական գործողություն» ու … կարծում եմ, նկարագրելու կարիք չկա»։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյան․ «Արցախը մտնում է դիմադրության վերջին փուլ։ Տեսնելով, որ Արցախի մեր հայրենակիցները հաղթահարում են բլոկադայի փորձությունը, ավելին՝ որ այդ բլոկադան հիմա հենց իրեն է ավելի շատ վնասում՝ Ալիևն ու իր «յան» ազգանունով գործակալները հերթական կեղտոտ խաղն են սկսել Արցախի դեմ։ Հավաքել են մի խումբ թափթփուկների, դրանց վրա չինական որակի «Պրիգոժին» կարգել, անունն աշխարհազոր դրել ու փորձում են դրանցով ահաբեկել Արցախի ժողովրդին։ Դե ձեռքի հետ էլ հարձակումներ պետական կառույցների վրա, որ վերականգնման հույսի վերջին նշույլներն էլ մարեն մարդկանց մեջ։

Ի՞նչ է ստանում Ալիևը այսպես կոչված «աշխարհազոր» օպերացիայուվ՝

ա) Արցախի մեր հայրենակիցներին պառակտելու, այդ կերպ նրանց ավելի թուլացնելու հնարավորություն,

բ) Արցախահայության մեջ կրիմինալ էլեմենտ սերմանելու միջոցով աշխարհին որոշ բաներ «ապացուցելու» հնարավորություն,

գ) Արցախի Պաշտպանության բանակի վարկաբեկում, կանոնավոր (նաև միջազգային ճանաչում ունեցող) զորքը ապօրինի զինված խմբավորումներին հավասարեցնելու հնարավորություն,

դ) տեռորի միջոցով Արցախում սեփական գործակալների դիրքի ուժեղացում՝ հետագայում նրանց իշխանության բերելու հնարավորություն,

ե) Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդման հնարավորություն,

զ) Արցախահայության շրջանում հիասթափության, վախի ու պարտվողական տրամադրություններ սերմանելու հնարավորություն,

Եվ այլն, և այլն…

Ի՞նչ է ստանում Արցախի նախագահը սեփական երկրի ու ժողովրդի դեմ իրականացվող այս էժան սադրանքից։ Պատասխանը կարճ է՝ իշխանության պատրանք և սին հույսեր, որ Ալիևը ապագայում ներում կշնորհի իրեն։

Հակառակորդի շահերն ու սպասելիքներն այսքանով պարզ են։ Կարծում եմ՝ ով հասկանում է՝ ինչ է կատարվում, նա նաև գիտի, թե ինչ է պետք անել։ Սադրիչները շատ հստակ են նշել իրենց հիմնական թիրախները։ Ընդ որում, նրանց ընտրությունը ճիշտ է։ Ու եթե այդ «թիրախները» համապատասխան հետևություններ չանեն (ի դեպ, ոչ միայն այս զարգացումներից), ապա հեռու չէ այն օրը, երբ «պրիգոժիններն» ու կոլաբորացիոնիստները նրանց՝ «որպես ռազմական հանցագործ» կհանձնեն Ալիևին։ Ժողովրդին էլ կասեն՝ թալանչիներ էին, նախկիններ և այլն… Այդ օրը կլինի Արցախի վերջը։

Արցախի մեր հայրենակիցները պետք է լավ հասկանան, թե ինչ իրականում տեղի ունենում այս օրերին Արցախում։ Ձեզանից, սիրելի արցախցիներ, փորձում են գողանալ ձեր՝ թեկուզ և փոքր, բայց շատ կարևոր հաղթանակը։ Դուք արդեն հաղթահարել եք բլոկադան։ Պարզապես այդ իրողությունն ամրագրելու որոշ ժամանակ է պետք։ Նորից եմ կրկնում՝ Ալիևի վնասներն այս բլոկադային այսօր շատ ավելի մեծ են, քան այն ահավոր դժվարությունները, որ դուք կրում եք ամեն օր։ Թույլ չտաք, որ կոլաբորացիոնիստներն ու «պրիգոժինները» ջուրը գցեն ձեր զրկանքներն ու կորուստները։

Դիմադրությունը պետք է շարունակել։ Տեր կանգնենք երկրին ու պետական ինստիտուտներին։ Թույլ չտաք, որպեսզի Արցախում ապօրինի ու հանցավոր էլեմենտներ ձևավորվեն։ Դրանք դեպի կործանում տանող չարորակ ուռուցքներ են։ Հավատացեք միայն այն գաղափարին, որն առաջնորդել է ձեզ վերջին տասնամյակների ընթացքում։ Հավատացեք Արցախի բարեկեցիկ ապագային ու պայքարեք միայն այդ ապագային համար։ Աստծով»։

Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովա․ «Արայիկը տապալեց պատերազմից հետո ռազմավարական պաշարների ստեղծումը, տապալեց շրջափակման ժամանակ պարենի բաշխումը, տապալեց ճգնաժամային կառավարումը։

Հիմա էլ զինված աշխարհազորի ղեկավարը իրեն գովերգելով հանգիստ սպառնում է ռեպրեսիաներով Արայիկին հակակշռող ուժերին։

Թե բա Արայիկին մի մեղադրեք, հարստացած նախկիններին մեղադրեք։ Իբր Արայիկն էլ էդ հարստացած նախկինների սիմվոլը չի էլի։ Ասենք, ում եք եկել, ի՞նչ եք պատմում: Արցախում Արայիկի ապրածը չգիտե՞ն:

Թե բա պատրաստ է հրաժարական տա։ Հրաժարական տվողը ռեպրեսիաներ չի սկսում իր սոված քաղաքացիների հանդեպ, ընդունում է, որ ունակ չի հայանպաստ լուծում գտնել ու չի վտանգում մարդկանց կյանքերը ներքին լարվածությունը խորացնելով։

Իբր չի՞ հասկանում, որ իր գործողությունները թշնամու շահերից են բխում: Թե՞ հասկանալով է անում էս սաղ»:

Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյան․ «Փաշինյանն իր տեսակին համահունչ՝ փորձում է Արցախի հանձնումը փաթեթավորել` «ես ինչ մեղավոր էի, արցախցիները վարի տվեցին» թեզի ներքո:

Սրա շրջանակներում, Փաշինյանը բանակցային գործընթացի կարևոր մասը հանձնել է ծնունդով արցախցի ԱԽ քարտուղարին, ով իրեն բավականին կոմֆորտ է զգում իշխանության հռչակած` «Արցախն Ադրբեջան է» կարգախոսի ներքո, իսկ Արցախի ներսում, Նիկոլը փորձում է իշխանությունից բացի փողոցը վերցնել և իր շահերը ապահովող ընդդիմություն ձևավորել:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մեկ բառով կարելի է որակել՝ «նիկոլացում», որովհետև խաղի այն կանոնները, որոնք փորձ է արվում ներմուծել, ամբողջովին տեղավորվում է փաշինյանական հայեցակարգի շրջանակներում:

Արցախում ճգնաժամային կառավարում մտցնելու փոխարեն՝ իշխանությունը զբաղված է փաշինյանական հանձնարարություններ կատարելով, որի վերջնանպատակը հայաստանյան իշխանության հռչակած «Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում» դավաճանական մոտեցումն է:

Անկախ այն հանգամանքից, թե այս պրոցեսի մեջ ով ինչի է մտել` գիտակցված, թե չգիտակցված, վրեժի, թե քեշ փողի համար, անձնական անվտանգության ապահովման, թե իրականությունից փախչելու համար, արդեն կարևոր չէ:

Հայաստանյան իշխանությունը փորձում է արագացնել` ավարտին հասցնել, Արցախի հանձնումը, որի ճանապարհին գլխավոր «խոչընդոտը» դիմադրող արցախցին է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031