Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության համախմբում ասվածը, ամենայն հավանականությամբ, իշխանական թեզ է. Աբրահամ Գասպարյան. «Հրապարակ»

Օգոստոս 22,2023 11:11

Զրուցել ենք քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի հետ:

– Օրեցօր նվազում է հայաստանյան ընդդիմության դերակատարումը, պայքարն աննշան է դառնում: Մինչդեռ կար ժամանակ, երբ թեժ պայքար էր գնում, եւ իշխանությունների նավը խիստ ճոճվում էր: Ինչո՞ւ է պայքարը դարձել չնչին, ինչո՞ւ են ամեն օր նոր մարդիկ հրաժարվում պայքարից, հաշտվում իշխանությունների հետ, նրանց ձեռքը սեղմում:

– Անկեղծ ասած, այն գնահատականի հետ, թե պայքար չկա, համաձայն չեմ: Պայքարն ընթանում է: Խնդիրն այն է, որ տարբեր ընդդիմադիր խմբավորումներ են գործում, եւ գնում է ապակենտրոն պայքար, մեկի մոտ մի քիչ լավ է ստացվում, մյուսի մոտ` ոչ այնքան: Ինչու ապակենտրոն, որովհետեւ ընդդիմությունը չի կառավարվում մեկ կենտրոնից, եւ, ցավոք, չկենտրոնացված եւ չհամակարգված պայքար է ընթանում: Ընդդիմադիր տարբեր խմբավորումներից ամեն մեկը գործում է իր մասնաբաժնով: Վատ, թե լավ, ես չեմ կարող տալ գնահատական, քանի որ ինքս էլ ընդդիմադիր դաշտում եմ: Բարոյապես եւ էթիկապես նրանց սխալների մասին բացահայտ խոսելը համարում եմ սխալ, ճիշտ է՝ բացահայտ չեմ խոսում, բայց տարբեր հանդիպումների ժամանակ բոլոր սխալների մասին խոսում ենք…. այնպես որ, համաձայն չեմ, որ պայքար չկա, գուցե ոմանք դադար են վերցրել, գուցե խորհրդարանական ընդդիմությունը ռազմավարական, մարտավարական վերանայման փուլում է գտնվում: Ես գիտեմ, որ ընդդիմադիր բոլոր շրջանակներում վերատեսության են ենթարկվում նախկինում թույլ տրված սխալները, փորձում են նոր մեթոդներով առաջ շարժվել:

– Նշում եք, որ ընդդիմությունն ապակենտրոն է: Գուցե սա՞ է պատճառը, որ ոչ մի տեսանելի հաջողության չեն հասնում: Գուցե համախմբվե՞ն, եւ ստացվի իշխանությանը հեռացնել:

– Ես վերլուծականներ էլ ունեմ այն մասին, որ ընդդիմության համախմբում ասվածը, ամենայն հավանականությամբ իշխանական թեզ է: Չկա նման բան: Այո, ընդդիմությունը բազմերանգ է, սակայն նույն այդ ընդդիմությունը պետք է միայն մեկ օրակարգի շուրջ համախմբվի, իսկ դա նշանակում է կոլեկտիվ պատասխանատվություն, կոլեկտիվ պատասխանատվությունն էլ նշանակում է յուրաքանչյուրի իրավունքների եւ պարտականությունների սահմանազատում: Եթե խնդիր է դրվում՝ իշխանական խունտային հեռացնել, դա նշանակում է, որ երկարատեւ կոնսուլտացիաների, քննարկումների եւ խորհրդակցությունների միջոցով հստակ ճանապարհային քարտեզի եւ տակտիկական քայլերի մշակում պետք է լինի, ոչ թե համընդհանուր նպատակների շուրջ հավաք: Խնդիր պետք է դրվի, թե ինչպես այս իշխանություններին հեռացնել: Ըստ այդ հասկանանք` ով ինչ ռեսուրս է ներդնում, ինչ ձեւաչափ է առաջարկում` փողոցային պայքարից մինչեւ տեղեկատվական դաշտ: Մարզերում եւս պետք է կառույցներ աշխատեն: Դրանք մեծ ու երկարատեւ ճանապարհներ են, որոնցում ընդդիմությունը, ցավոք, հաջողություններ չի արձանագրում, որովհետեւ այսօրվա ընդդիմությունը շատ քիչ է ընդդիմություն աշխատել, ինչպես իշխանությունը չի աշխատել երբեք իշխանություն, արդյունքում չգիտի ինչպես երկիր կառավարել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031