Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՛մ սկզբունք ունենալ, կա՛մ գլորվել անդունդը

Օգոստոս 22,2023 10:00

Ցանկացած դժվար իրավիճակում կա երկու տարբերակ: Դու կա՛մ արձագանքում ես անընդհատ վատթարացող իրավիճակում մեկը մեկին հետեւող աղետալի իրադարձություններին, ասելով՝ «դե, ինչ արած, մենք թույլ ենք, դաշնակիցներ չունենք, թող ամեն ինչ գլորվի, ինչպես որ գլորվում է»: Կա՛մ առաջ ես քաշում սկզբունքներ եւ ամեն ինչ անում՝ այդ սկզբունքները պաշտպանելու համար:

Թե որ սկզբունքների մասին է խոսքը՝ այստեղ գաղտնիք չկա: Դրանք արձանագրված են Հայաստան պետության եւ միջազգային փաստաթղթերում: Մեր պետության սկզբունքներն ամրագրված են Անկախության հռչակագրում եւ Սահմանադրության մեջ՝ դրանց կանդրադառնամ վաղը: Միջազգային մակարդակով նույնպես փաստաթղթեր են ընդունվում, մասնավորապես, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի կողմից: Օրինակ, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում, ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից հրաժարում:

Ինչ-որ մեկը համոզել է (երեւի, խաբել է) Հայաստանի իշխանություններին, որ այդ սկզբունքներից երկրորդն աշխարհն այլեւս չի ընդունում: Եթե իշխանությունները հավատում են դրան, ապա պետք է ցույց տան, թե ե՞րբ են հիշյալ կառույցները կամ որեւէ պետություն նման բան հայտարարել: Պարզ է, որ միջազգային իրավունքի սկզբունքները կիրառվում են ընտրողաբար՝ կախված ուժային բալանսից: Բայց բոլոր դեպքերում, կարծում եմ, որ իրավունքը պահելը (ինչպես որ Ադրբեջանն էր անում 26 տարի) ավելի ձեռնտու է, քան փակ աչքերով անդունդի մեջ գլորվելը:

Հայաստանի իշխանությունը նաեւ թյուրիմացաբար կարծում է, որ այս կամ այն երկրի ինքնիշխանությունը ճանաչվում է քառակուսի կիլոմետրերով: 29.8-ի եւ 86.6-ի մասին խոսելը, որքան գիտեմ, նորույթ է միջազգային պրակտիկայում: Գուցե Էրդողանն է անցած տարվա հոկտեմբերին Պրահայում նման մոտեցում հուշել Փաշինյանին: Համենայնդեպս, բացի Հայաստանի վարչապետից, ոչ ոք խնդրի մասին քառակուսի կիլոմետրերով չի խոսում: Ներառյալ՝ Էրդողանն ու Ալիեւը:

Եթե ընդունում ես առաջին՝ գահավիժելու տարբերակը, ապա պարզ չէ, թե որտեղ ես կանգնելու: Դիրքե՞ր են գրավել մեր ինքնիշխան տարածքում՝ Ջերմուկի եւ Շորժայի գլխին՝ ոչինչ, թող գրավեն: Կրակո՞ւմ են Կապանի օդանավակայանի վրա: Ոչինչ, չվերթ չենք իրականացնի: Կրակո՞ւմ են Երասխում: Ոչինչ, գործարան չենք կառուցի: Անկլավներն են ուզում՝ կտանք: «Փախստականների վերադարձ» են պահանջում, թող վերադառնան: Պահանջում են, որ Արցախը «ինտեգրվի» Ադրբեջանի մեջ՝ թող ինտեգրվի, «իրավունքներն ու անվտանգությունը» պահպանելով:

Այդ տրամաբանությունը կանգառ չունի: Վերջին հանգրվանը, լավագույն դեպքում, կդառնա այն, որ Ադրբեջանի կազմում կլինի հայկական ինքնավարություն՝ Էրիվան մայրաքաղաքով: Գուցե Փաշինյանը լինի այդ ինքնավարության ղեկավարը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հարց տվեցի քլաուդի արհեստական բանականությանը, թե ինչպես բարձրացնել սուբյեկտությունը, ասաց.

    Ահա մի քանի խորհուրդներ սուբյեկտությունը բարձրացնելու համար.

    – Զարգացրեք ինքնագիտակցությունը։ Վերլուծեք ձեր մտքերը, զգացմունքները, գործողությունները։

    – Սահմանեք պարզ նպատակներ եւ հետեւեք դրանց։

    – Ընդունեք պատասխանատվություն ձեր որոշումների համար։

    – Զարգացրեք ինքնակարգապահություն եւ հետեւողականություն։

    – Հաղթահարեք վախերը, կասկածները եւ ծուլությունը։

    – Ձերբազատվեք ձեզ սահմանափակող մարդկանցից եւ շրջապատներից։

    – Հավատացեք ձեր ուժերին եւ կարողություններին։

    Ամենակարեւորը՝ եղեք ձեր ճանապարհի տերը եւ գործեք ըստ այդմ։ 🙂

  2. Հ. Շ. says:

    Սկզբունքային եւ օրինական գետնի վրայ, երկրի մը՝ *տարածքային ամբողջականութեան ճանաչումը* եւ նոյն տարածքին մէջ ապրող, բնիկ, ինքնուրոյն հաւաքականութեան մը պատկանող՝ *ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը*, իրարու չեն հակադրուիր: Զիրար չեն բացառեր:

    Ըստ սահմանումի, տարածքային ամբողջականութիւնը առկայ է, կայ ու կը մնայ, ի զօրու է, մինչեւ որ՝ տուեալ ժողովուրդի ինքնորոշման իրաւունքի գործադրութիւնը, շօշափելի իրագործումը, փոխէ այդ կացութիւնը:
    * * *
    Սերժ Սարգսյանը ինք բացատրած է այս, 2016-ին, ռուս լրագրող Կիսելյովի հետ հարցազրոյցի մը ընթացքին:

    Իր այդ բացատրութեան մէջ է որ կը գտնենք իր այս խօսքերը՝ *մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը*:

    Re : https://www.aniarc.am/2022/01/27/karabakh-diary-armenian-2011-2016/

    Սակայն այդ նոյն պահին Սարգսյանի միւս ու մնացեալ խօսքերի լոյսին տակ է, որ պէտք է հասկանալ իր այդ ընդունումը: Միւս ու մնացեալ խօսքերը, հիմա չի արտայայտում Փաշինյանը: Դա կը նշանակէ որ նա ժխտո՞ւմ է, Միջազգային Օրէնքի մէջ – ամուր կերպով – հաստատուած՝ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը:

    Ի դէպ, նոյնիսկ եթէ յանկարծ Փաշինյանը ժխտէ այդ իրաւունքի գոյութիւնը, ինք իրաւասութիւնն ու հեղինակութիւնը ունի՝ Միջազգային Օրէ՞նքը փոխելու…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել Հ. Շ.

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031