Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «2023 թվականի օգոստոսի 21-ին Արցախի Հանրապետության քաղաքացի Դավիթ Մինասյանը «Facebook» սոցիալական ցանցի իր կողմից վարվող նույն անվամբ օգտահաշվով հրապարակել է գրառում այն մասին, որ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել:
Գրառմանը կից Դ.Մինասյանը հրապարակել է լուսանկար, որտեղ անձի մարմնի վրա առկա են այտուցների և քերծվածքների տեսքով մարմնական վնասվածքներ:
Առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորություններով և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 15-րդ հոդվածով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկում Դավիթ Մինասյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ»։
Հավելեցնք, որ Դավիթ Մինասյանը ֆեյսբուքում պարբերաբար Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին նմանակող, ծաղրող տեսանյութեր է տարածում։ Սակայն Hayastan.news-ի հետ զրույցում ասել է, որ իրեն Արայիկ Հարությունյանին ծաղրելու համար չեն տարել ոստիկանություն և ծեծել, այլ հաց չլինելու պատճառով Ստեփանակերտում բողոքի ակցիա կազմակերպելու համար։
Կարդացեք նաև
«Շաբաթ օրը գիշերը՝ հավաքից հետո, ժամը երկուսի կողմերը, ինձ բռնեցին, վեց հոգով գցեցին «Ուազի» մեջ, տարան ոստիկանություն, համարյա մի օր պահել են ու կիրակի օրը, էլի համարյա գիշերվա երկուսին բերել թողել են տան մոտ։ Ինձ «Ուազի» մեջ ծեծել են, իրենք մասկով են եղել, իմ գլխին էլ են մասկա գցել, ձեռքերիս էլ՝ «նառուչնիկներ» գցած, խփել են, որ չիմանամ՝ ով են իրենք։ Բայց ես կարում եմ ապացուցեմ, որ ինձ տարել են Ասկերան։ Էդ մասկեն, որ գցել էին, էդ մասկեն ծակ-ծուկ ա եղել, իմացել եմ՝ ով ա էդ ժամանակ ինձ խփում, ով որ առանց մասկա ա եղել, իսկ ով մասկով ա եղել՝ չեմ իմացել, թե ով ա»,-ասաց Դավիթ Մինասյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ ինքը Արցախի նախագահին ծաղրող տեսանյութեր է տարածում ֆեյսբուքյան իր էջում, Մինասյանն ասել է․ «Ես մեր նախագահի մասին կատակներ եմ անում, դրա համար ինձ ոչ մեկը ոչ մի բան չի ասել, ու էն մարդիկ, որ ինձ նայում են, բալետ են անում, խնդրել են, թե՝ Դավիթ, մի հատ խոսա, չենք կարում ապրենք, պահեստներում ամեն ինչ կա, բայց իրենք խանութներին չեն տալիս, որ առնենք ուտենք։ Ես, օրինակ, «Ղարաբաղ տելեկոմում» եմ աշխատում, փողը ձեռքս ա, բայց ի՞նչ առնեմ՝ ուտեմ։ Մեր տանը քաղցր ոչ մի բան չկա։ Ընտանիքներ կան՝ լիքը երեխեք ունեն, բայց մի կոնֆետ, թեկուզ կես գդալ պեսոկ չունեն։ Բայց կան ընտանիքներ՝ լիքը բաներ ունեն իրենց մարդկանց շնորհիվ։ Բայց սովորական մարդիկ չունեն։ Երկու շաբաթ ա՝ կարտոֆիլ եմ ուտում, հիմա էդ էլ չկա, հաց էլ չկա, մի քիչ լավաշ կա՝ երեկ մամաս առել ա, հիմա լավաշ ու խաղող ենք ուտում։ Ու ինձ ծեծել են նրա համար, որ ես դուրս եմ եկել փողոց, գոռում եմ՝ սոված եմ»։