2023 թվականի օգոստոսի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 30 հաղորդում, որից 16-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանք բոլորը բացահայտվել և քննության փուլում են:
Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու 6 և անձնական ունեցվածքի գողության 2 դեպքերը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։
ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման 5 դեպք:
Կարդացեք նաև
Ադրբեջանական կողմն անցած շաբաթվա ընթացքում 4 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել բացել Ասկերանի և Մարտունու շրջանների հացահատիկի դաշտերում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Հաղորդագրությունները փախանցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմին:
Թունավորման մեկ դեպք է արձանագրվել Ասկերան քաղաքում: Լորձաթաղանթի այրվածքներով «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել՝ 20 օրական երեխա: Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի ծառայողները պարզել են, որ մանկահասակ երեխան թունավորումը և այրվածքները ստացել է վիտամին «D»-ի փոխարեն շփոթմամբ «Կալյումի պերմանգանատ»-ի լուծույթ խմեցնելու հետևանքով: Նախապատրաստվել են նյութեր՝ ըստ ենթակայության ուղարկելու համար:
Ոստիկանության ծառայողների կողմից որոնվում է օգոստոսի 19-ից անհետ կորած Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն.Մ.-ն: Վերջինս զբաղվում էր անասնապահությամբ: Նույն օրը անասուններին փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ ու մինչ օրս նրա հետ կապ հաստատել չի հաջողվում։
Ոստիկանությունը հորդորում է անհետ կորած քաղաքացու մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում, անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին։
Նշված ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 2 պատահար՝ մարմնական վնասով: Պատահարներից 3 անձ դիմել է բուժհաստատություն։ Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 1 վարորդ:
ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք, վերահսկելով հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:
Հետադարձ կապ՝ 1-02, /047/94-02-07
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն