«Ապրելու երկիր» կուսակցությունը, սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ներկայանալու է ութ մեգանախագծերով: Դրանց մասին մանրամասներ, այսօր, կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ, ներկայացրեց կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:
Ճոպանուղի, Երիտասարդական պալատի վերակառուցում, Էրեբունի թանգարանի վերակառուցում, «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերակառուցում՝ ժամանակակից լուծումներով, Երեւան-բուլվար մեգանախագիծը, որը ենթադրում է Շահումյան հրապարակի հարակից այգիների միավորում, իսկ երթեւեկությունը կկատարվի թունելներով, Կասկադ-Մոնումենտ մեգանախագիծը ենթադրում է զվարճանքի գոտու կառուցում, այդ թվում հանրային հատվածով եւ Կասկադի ու Մոնումենտի միացում՝ ֆունիկուլյորով: Հաջորդ մեգանախագիծը ենթադրում է Ֆրանսիայի հրապարակում հանրային այգու կառուցում. մեքենաների շարժը կրկին ենթադրվում է թունելներով: Եվ վերջինը՝ Երեւանի փոքր կենտրոնը շրջանցող ճանապարհային օղակի կառուցումն է:
Մեսրոպ Առաքելյանը նաեւ հայտարարեց, որ Երեւանում «Ապրելու երկրի» կառավարումից հետո, մեգանախագծերը կրկնապատկվելու են:
Կարդացեք նաև
«Հիմա տրանսպորտի սպասելը դարձել է վիճակախաղ, թե երբ կգա տրանսպորտը, եւ երբ կհասնեն իրենք: Ճոպանուղին դուրս է այդ խնդիրներից: Ճոպանուղու կառուցումը շատ ավելի արագ է, մատչելի եւ հեշտ, դրա համար շատ քաղաքներ այժմ անցնում են ճոպանուղիների: Երեւանի պարագծով կենտրոնից ծայրամաս հասնելը տեւելու է անփոփոխ 10 րոպե, որովհետեւ չկան խցանումներ: Էլ չխոսենք զբոսաշրջային առավելությունների համար: Ուղեվարձը լինելու է 100 դրամ»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը:
Ըստ բանախոսի, Երիտասարդության պալատը եղել է Երեւանի գլխավոր խորհրդանիշներից մեկը, որն իրենք այն վերածելու են մեծ կենտրոնի: Նրա գնահատմամբ, Էրեբունու թանգարանի այժմյան վիճակը ոչ միայն զբոսաշրջիկների, այլ մեզ համար հաճելի չէ. «Թանգարանի վերականգնումը նույնպես շատ կարեւոր է մեզ համար, որովհետեւ մենք անընդհատ խոսում ենք մեր պատմությունից, սակայն առանց թանգարանների»: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի վերակառուցմամբ, այդ պատմամշակութային կոթողն ուղղակի կփրկենն մի օր քանդելու հեռանկարին, նաեւ, այն վերակառուցելով, կհամալրի ներկայիս օդանավակայանի հնարավորությունները:
«Մենք այսօր Երեւանում հնարավորություն չունենք մի քանի հարյուր մետրից ավելի անխափան քայլել՝ առանց փողոցն անցնելու: Այգում զբոսնելիս կամ այլ տեղ գնալիս մարդիկ անընդհատ սթրես են ապրում փողոց անցնելիս: Ուսումնասիրելիս Երեւանի այգիները՝ մենք բացահայտեցինք մի հետաքրքիր հատված, որ շատ կարճ ժամանակում եւ շատ փոքր ռեսուրսներով մենք հնարավորություն ունենք ստանալու մի շատ մեծ հանրային հատված: Դա Շահումյան հրապարակին հարող այգիներն են: Մենք այդ հատվածը դարձնում ենք կանաչ տարածք: Այնուհետեւ Վազգեն Սարգսյանի, Գրիգոր Լուսավորիչի եւ Իտալիայի փողոցներում սարքվում է կանաչ տարածք եւ այդտեղ կառուցվում են թունելներ, որպեսզի մեքենաներն անցնեն գետնի տակով, իսկ մարդիկ՝ քայլում են: Այս նախագծով մենք հնարավորություն ունենք Հանրապետության հրապարակից առանց փողոց անցնելու վայելել այս այգիները»,- հաջորդ մեգանախագծի մանրամասները ներկայացրեց Մեսրոպ Առաքելյանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ