Լրահոս
Օրվա լրահոսը

«Made In Armenia» հայտնի ընկերության սեփականատերը ամիսներով աշխատավարձ չի վճարել․ ովքեր դժգոհել են, ղեկավարությունը սպառնացել է՝ ով բողոքի, ավելի վատ կլինի

Օգոստոս 21,2023 21:12
dram

Պատերազմից հետո հիմնադրված «Telesis Solutions», «Shipshop», «OMNI Logistiqs», «All in one», «Shoping Armeniа», «Արտադրված է Հայաստանում – Made In Armenia» ընկերությունները, որոնք «Հայկ գրուպ»-ի մեջ են,  աշխատակիցներին ամիսներով աշխատավարձ չեն վճարել, բացատրություն չեն էլ տալիս, թե կկարողանան պարտքերը մարել կամ ընդհանրապես կկարողանա՞ն, թե՝ ոչ։

Դիանա Թորոսյանը մոտ երկու տարի առաջ աշխատանքի հայտարարություն է կարդացել, հայտ ներկայացրել, հարցազրույց անցել ու ընդունվել աշխատանքի «Shoping Armenia»-ում, որը եւս «Հայկ գրուպ»-ի մեջ էր գործում։  «Մեկ տարի հետո տեղափոխվեցի  «Telesis Solutions», ուղղակի պայմանագիրը փոխվեց, նույն գրասենյակում էր աշխատանքը»։

Ե՛ւ «Shoping Armenia»-ում, ե՛ւ «Telesis Solutions»-ում Դիանան, ինչպես հարյուրավոր այլ աշխատակիցներ վարձու աշխատող չի եղել, տնօրինության  առաջարկությամբ  Ա/Ձ  է բացել՝ որպես ծառայություններ մատուցող, իր վաստակած գումարն ու Ա/Ձ-ի համար սահմանված հարկի չափն էլ միասին ընկերությունն ամեն ամիս փոխանցել Ա/Ձ-ի հաշվին։

Ա/Ձ-ի միջոցով աշխատանքային հարաբերություններ ստեղծելն, ըստ էության օրենքի խախտում չէ, սակայն պետք է նշել, որ ընկերությունը եթե այս անձանց գրանցեր որպես վարձու աշխատող, ավելի շատ հարկ պիտի վճարեր։

Դիանայի պատմելով՝ երբ ղեկավարությունը սկսեց աշխատավարձերն ուշացնել, աշխատակիցների մեծ մասը դուրս եկավ աշխատանքից․«Այդ ժամանակ ինձ, որպես վարձու աշխատող, գրանցեցին «All in one»-ում։ Տնօրինությունը վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ կլինի, նոր ծրագրեր են սկսում, բայց այդպես էլ չվճարեցին մեզ։ Իմ գրանցած  Ա/Ձ-ին երկու ամսվա չվճարված պարտավորություն ունեն։ Ա/Ձ-ն   կասեցրել են, որպեսզի անիմաստ հարկեր չգան։ «All in one»-ի աշխատակիցները փորձել էին դատի տալ, բայց կարծես ընթացք չի տրվել։ Ղեկավարությունն ասում էր՝ ովքեր բողոքում ենմ իրենց հարցը չի լուծվի կամ վերջում կլուծվի, ով բողոքի, նրա համար ավելի վատ կլինի»։

Դիանա Թորոսյանի վստահեցմամբ՝ «Telesis Solutions»-ի՝ իրեն չվարած աշխատավարձի չափը 1,5 միլիոնն անցնում է,  630 հազար դրամ՝ Ա/Ձ-ով մատուցած ծառայությունների դիմաց, 100 հազար էր՝ Ա/Ձ-ի հարկային պարտավորություններ են, ու սրան ամեն ամիս գումարվում է չվճարված հարկերի տույժերը, որոնք պետք է Դիանան վճարի, 750 հազար դրամ էլ  երեք ամսվա չվճարված աշխատավարձ «All in one»-ից։

«All in one»-ի եւ «Telesis Solutions» ընկերությունների 90% բաժնեմասերի սեփականատերը Հայկ Վարդանյանն է։

«Ոչ մեր զանգերին են պատասխանում, ոչ ֆեյսբուքով ուղարկած մեր հաղորդագրություններին։ Այն ժամանակ մարդիկ գալիս էին գրասենյակ, որպեսզի  պարզեին, թե երբ կստանան աշխատավարձերը, ներս չէին թողնում։ Հիմա Տիգրան Մեծ 4 հասցեի գրասենյակը փակվել է, բայց «OMNI Logistiqs»-ը գործում է Շերամի փողոցի վրա,  որ նոր աշխատողներ է ընդունում»։

Մանե Արզումանյանը նույնպես «Հայկ գրուպ»-ի մեջ մտնող ընկերություններից մեկի հետ է աշխատել, ղեկավարության պահանջով Ա/Ձ բացել, մեկ տարի խնդիր չի եղել, փոխանցումները ժամանակին կատարվում էին։  «Telesis Solutions»-ի հետ է աշխատել, հետո այս նույն ընկերությունում նրան գրանցել են որպես վարձու աշխատող, երբ սկսվել էր Ա/Ձ-ներին գումարների փոխանցումների ուշացումները։

«Աշխատավարձիս չափը 600 հազար դրամ է, երեք ամիս չեմ ստացել։ Քանի որ որեւէ բան չէին ասում, ես դիմում գրեցի դուրս եկա աշխատանքից։ Աշխատավարձերի ուշացումների վերաբերյալ մեր հարցերին աշխատանքային էլեկտրոնային հասցեներին տարբեր բաներ էին պատասխանում։ Սկզբում ասում էին՝ դրսից ենք գումար ստանում, այս պահին բանկային խնդիր ունենք։ Հետո ասում էին՝  ուշացումներ են լինում, մենք մեղք չունենք, կլինի շուտով։ Ամեն ամիս նամակ էին ուղարկում, որ այս ամսվա վերջ անպայման կլինի ու էդպես էլ չվճարեցին։ Հարյուրից ավելի աշխատողները ստիպված սառեցրեցին իրենց ԱՁ-ները»։

Մանեի պատմելով, ինքը նաեւ «Հայկ գրուպ»-ի հիմնադիրին՝ Հայկ Վարդանյանին է մեսինջերով նամակ գրել, պատասխան չի ստացել։ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջը փակել է, երբ նախկին աշխատակիցները, ինչպես Մանեն է պատմում, սկսել են խնդրի մասին գրառումներ կատարել եւ Վարդանյանին նշել գրառման մեջ։

Աշխատակիցների պատմելով՝ աշխատավարձեր չեն վճարվել ոչ միայն «Telesis Solutions»-ից եւ մյուս ընկերություններից, այլ նաեւ «Made In Armenia»-ից, որը բարեգործական կազմակերպություն է՝ տեղական արտադրողների ապրանքները հանրայնացնող։ «Հայկ գրուպ»-ի  մեջ տասնյակին մոտ ընկերություններ կային, որոնք տարբեր ծառայություններ են մատուցել, հիմա գործում է միայն «OMNI Logistiqs»-ը։

Ընկերության հիմնադիր Հայկ Վարդանյանը մեր զանգերին այսօր չարձագանքեց։

Խնդրի վերաբերյալ ՊԵԿ-ի եւ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի պարզաբանումները կներկայացնենք առաջիկայում։

«Made In Armenia» ՀԿ-ի բաժնեմասերի 100% սեփականատերը նույն «Հայկ գրուպի» հիմնադիր Հայկ Վարդանյանն է։

Նրա անունը լրատվամիջոցներով ակտիվ շրջանառվեց 2022-ին, ասուլիս էր հրավիրել, որտեղ հայտարարեց՝ «Մեյդ Ին Արմենիա» ՀԿ-ի հրավերով Հայաստան է ժամանել Դուբայի Սիլիկոնային Օազիսի գլխավոր տնօրեն Հանս Հենրիկ Քրիստենսենը՝ Հայաստանի ՏՏ ոլորտում նոր ծրագրերի ու համագործակցության հեռանկարներով։ 

Աշխատավարձերի պարտքեր կուտակած «Made In Armenia»-ի միջոցառումներին, ըստ ՀԿ-ի ֆեյսբուքյան էջի, մասնակցել են մի շարք հայտնի դեմքեր, էկոնոմիկայի փոխնարարներ։

«Made In Armenia»-ի ֆեյսբուքյան էջում աչքի է ընկնում նաեւ Հայկ Վարդանյանի դուստրը՝ Մարիա Վարդանյանը՝ լուսանկարներով։ Նա «OMNI Logistiqs»-ի եւ «Ship-shop»-ի սեփականատերն է։

Մարիա Վարդանյանը ԱԺ-ում պատգամավորի օգնական է։

Այս ընկերությունների նախկին աշխատակիցները հնարավոր է դիմեն դատարան, բայց նախ պաշտոնական այլ մարմիններին են դիմում, նրանցից մի քանիսը սոցիալական ցանցում արդեն կիսվել են խնդրի մասին,  քանի որ իրենց հարցերի ու նամակների պատասխաններն ընկերությունների սեփականատերից չեն ստանում։

Հ․Գ․ Նյութը հրապարակելուց հետո Aravot.am-ին դիմեցին եւս մի քանի քաղաքացի, որոնց աշխատավարձերը ընկերությունը չի վճարել։

Անի Մանաայան․ աշխատել է «Shipshop»-ում, աշխատավարձի պարտքը կազմում է 570 հազար դրամ, գումարած Ա/Ձ-ի հարկերը։

Տաթեւ Աճեմյան․ աշխատել է «All In One»-ում, պարտքը կազմում է 670 հազար  դրամ

Մելսիդա Պապյան․ աշխատել է «Telesis Solutions»-ում, պարտքը կազմում է 714 հազար դրամ, գումարած Ա/Ձ-ի  հարկերը։

Մերի Մխիթարյան․ աշխատել է «Telesis Solutions»-ում, պարտքը կազմում է 450 հազար դրամ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031