Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռքին եղած փակ հովանոցը նետել է շուրջ 13,5 մետր հեռավորության վրա գտնվող ՀՀ վարչապետի ուղղությամբ․ 2-5 տարվա ազատազրկում է սպառնում․ «Հետք»

Օգոստոս 21,2023 18:25

47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել հովանոցը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետելու համար։

Գործը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հասել օգոստոսի 17-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համաձայն, «Նարինե Ասատրյանը 2023 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, գտնվել է Մալիշկա բնակավայրի 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների հատման խաչմերուկում։ Տեղեկանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներին ծանոթանալու համար նշված բնակավայր կարճ ժամանակ անց սպասվող այցի մասին՝ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանի ներկայությամբ բարձրաձայնել է վարչապետին հանդիպելու և նախատեսված այցի հետ չառնչվող հարցեր տալու ցանկության մասին։

Ոստիկանության ծառայողը հորդորել է տվյալ պահին վարչապետի օրինական ծառայողական գործունեության հետ չկապված հարցերով չդիմել, ապա միասին քայլել են դեպի նույն բնակավայրի 14-րդ փողոցի 1-ին տան բակ։ 14:40-ի սահմաններում Նարինե Ասատրյանը, իմանալով ՀՀ վարչապետի՝ նշված բնակավայրի 14-րդ փողոցի սկզբնամասում գտնվելու և հավաքված անձանց հետ զրուցելու մասին, բռնություն գործադրելուն ուղղված դիտավորյալ գործողություն է իրականացրել՝ կատարված աշխատանքներին ծանոթանալը, ինչպես նաև բնակիչների հետ հանդիպումը խափանելու նպատակով։

Մասնավորապես՝ ձեռքին եղած փակ հովանոցը դիտավորությամբ նետել է շուրջ 13,5 մետր հեռավորության վրա գտնվող ՀՀ վարչապետի ուղղությամբ, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը, Ն. Ասատրյանի կամքից անկախ հանգամանքներով, չի իրագործվել, և դիտավորյալ նետված հովանոցը (մեղադրական եզրակացության մեջ՝ անձրևանոցը) չի դիպել ՀՀ վարչապետին, ու նրան ֆիզիկական վնաս չի պատճառվել»։

Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու հանցափորձը), որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Նարինե Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է դատավոր Միքայել Գրիգորյանին։

Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031