Այսօր Գյումրու Օյունջյանի անվան թիվ 21 դպրոցում 2023-2024 ուստարվա մեկնարկին ընդառաջ տեղի ունեցավ տնօրենների օգոստոսյան հերթական խորհրդակցությունը։
Այն տևեց բավական երկար․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տնօրեններին մանրամասն ներկայացրեց սպասվող փոփոխությունները, խոսեց հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի, պարտադիր և կամավոր ատեստավորման արդյունքների, դպրոցներում հոգեբանի հաստիք ներդնելու մասին։
Մոր կողմից երեխային ֆիզիկական ու սեռական բռնության ենթարկելու նողկալի դեպքը ևս դարձավ քննարկման թեմա։
Փոխնախարարը թեև հայտարարեց, որ չի ուզում առանձին անդրադարձ կատարել այդ դեպքին, բայցևայնպես տնօրեններին նախազգուշացրեց․ «Կան ընտանիքներ, որտեղ բռնություններ կան։ Ցավոք սրտի, նման ընտանիքներ կան, բացառված է, որ դպրոցն այդ մասին չիմանա, որովհետև այս կամ այն ճանապարհով դպրոցին հասնում է այդ տեղեկատվությունը։
Կարդացեք նաև
Երեխան գալիս է կապտուկներով, երեխայի տրամադրությունն է վատը լինում։
Շատ կարևոր է, որ մենք այս դիրքորոշումն ունենաք․ երեխան չի գալիս դպրոց միայն սովորելու, երեխան գալիս է որպես անձ ձևավորվելու համար, և դպրոցը երեխայի պաշտպանության մի օղակն է, որովհետև կրթությունը երեխայի իրավունքն է։ Եվ եթե դպրոցը որևէ բան նկատում է, չպիտի աչքերը փակի և մտածի դա իրեն չի վերաբերում։
Դպրոցն առնվազն պարտադիր դրա մասին պիտի իրազեկի խնամակալության և հոգաբարձության մարմիներին, որոնք երեխայի պաշտպանության համայնքային մարմիններն են։ Դրանից հետո ինչ աշխատանքներ կիրականացվեն համապատասխան կառույցների կողմից, դա իրենց դաշտն է։ Երբ որ ունենք կասկած, մտավախություն, ռիսկ ենք տեսնում, սրա մասին պետք է բարձրաձայնենք, որպեսզի նմանատիպ դեպքեր չունենանք», -ասաց Արաքսիա Սվաջյանը։
Նա խնդրեց տնօրեններին երեխաների մասին տեղեկատվություն չտրամադրել, քանի որ ցանկացած երեխայի մասին տեղեկատվությունն անձնական տեղեկատվություն է։
«Եվ որևէ մեկն իրավունք չունի որևէ երեխայի վերաբերյալ տեղեկատվություն տարածել յուրայինների շրջանում, էլ չեմ ասում լրատվամիջոցներին տալ հարցազրույցներ։
Ցավոք սրտի, մենք նման իրավիճակներում այս հարցը շատ սուր տեսնում ենք, երբ որ ուսուցիչները սկսում են այդ երեխաների անձնական կյանքից տարբեր տեսակի բաներ պատմել, որ իրենք դա նկատել էին, և այլն, և այլն։ Սա երեխայի իրավունքի ոտնահարում է և դպրոցի կողմից նմանատիպ բան պիտի բացառենք»,-ասաց փոխնախարարը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ