Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վաղը Արայիկ Հարությունյանը վեր կենա ու ասի՝ գնացինք բոլորս կռվելու, իր հետեւից գնալո՞ւ են՝ ուրեմն ինքը դարձել է այդ առաջնորդը». Թեւան Պողոսյան

Օգոստոս 21,2023 18:17

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հեռուստաուղերձում անդրադարձել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին եւ ասել. «Հակոբավանքից ուզում եմ Արայիկ Հարությունյանին ասել, որ ինքն իր ուսերին տանում է մեծ բեռ, մեծ պատասխանատվություն և այդ պարտության զգացողությունը, որ ինքն ունի իր մեջ, որ ցավոք, դուք չկարողացաք դառնալ, ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխավոր հրամանատար, և դա գալիս է ձեր պահելաձևից»:

Այս հեռուստաուղերձից հետո սոցցանցերում սկսեցին արշավ Ռուբեն Վարդանյանի դեմ՝ ցույց տալով «սքրիններ» ու հիշեցնելով, թե նա նախկինում Արայիկ Հարությունյանին պաշտպանում էր:

Թեւան Պողոսյան

Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ թե այդ ի՞նչ անընդունելի բան էր ասել Ռուբեն Վարդանյանը, որ այսպես սկսեցին հակադարձել ու հարձակումներ գործել՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Հայտնի ասացվածք կա՝ քեզ քննադատում են մարդիկ, ովքեր քեզանից քիչ են արել: Մեկը, ով քեզնից ավել է անում, քեզ չի քննադատում: Նրանք, ովքեր քննադատում են, քաղաքական շահերի խնդիր ունեն՝ նայած ով ոնց կպատվիրի:

Մենք բոլորս գիտակցում ենք, որ ցանկացած մարդ, ով այսօր ապրում է Արցախում, իր բաժին հերոսությունն է անում: Մենք երազում ու մտածում ենք ոչ թե ոնց միավորվենք ու հաղթանակ ապահովենք, այլ ամեն մեկս սովորել ենք, որ ճիշտն է գտնել մի հատ «մեղավորի» եւ նրան թիրախավորել: Եվ այդ ամեն ինչը գալիս է այստեղից՝ Հայաստանի դաշտից, որովհետեւ եթե այստեղ ասեին՝ միավորվեք, մեզ պայքար է սպասվում, պետք է բոլոր ուժերը միասնական դարձնենք, որ կարողանանք մեր խնդիրներն առաջ տանենք, այս երեւույթները չէին լինելու: Մարդիկ իրար կողք էին կանգնելու, բայց քանի որ չկա ընդհանուր երազանքի հետեւից գնալու ձգտումը, ազգային շահերը սպասարկելը, ապա մնում է՝ ոնց անել, որ միանգամից մեղադրանքի դաշտի մեջ հայտնվեն: Իսկ քանի մեկը միգուցե շատ է անում, լավագույնս պետք է անձնական դաշտ տեղափոխել: Սա է ընդհանուր ֆոնը:

Ինձ կարո՞ղ եք բացատրել՝ եթե վաղը թշնամին սկսի կրակելը, նույն խրամատում հայտնվեք իրար կողք, հիշելու եք ով նախկինում ի՞նչ է արել, թե՞ ամեն մեկդ ձեր բաժին ուղղությունը պահեք ու թշնամուն թիրախավորեք: Արդյոք մեզ թվում է, թե պատերազմն ավարտվել է ու իրար պահելու խնդիր չունենք: Սրա արմատները պետք է այստեղ փնտրել՝ ի՞նչն ենք սխալ արել, որ մենք փնտրտուքի մեջ ենք, թե ոնց գտնենք մի մեղավորի ու ասենք՝ նա է մեղավորը»:

Հարցին՝ համաձա՞յն եք Ռուբեն Վարդանյանի այն հայտարարության հետ, որ պատասխանատվության մեծ բաժին ունենալով՝ Արայիկ Հարությունյանը այդպես էլ ոչ հրամանատար դարձավ, ոչ առաջնորդ՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Եթե վաղը Արայիկ Հարությունյանը վեր կենա ու ասի՝ գնացինք բոլորս կռվելու, իր հետեւից գնալո՞ւ են՝ ուրեմն ինքը դարձել է այդ առաջնորդը»:

Ճշտեցինք՝ կասկածո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Չգիտեմ, չէ՞ որ ինքը այն պաշտոնում է, որը նույն ձեւ հավասարազոր պետք է ընկալվեր համայն հայության համար, ոնց որ ինքը լիներ ՀՀ իշխանության ներկայացուցիչ, Ստեփանակերտը պետք է լիներ հավասարազոր մայրաքաղաք՝ ոնց Երեւանը: Հիմա եկեք դիտարկենք քանի՞ անգամ եղավ կոչ իր կողմից՝ համայն հայությանը, եղե՞լ են գործողություններ: Եթե այս մարդը կոչով դիմում է ու դրանից հետո մենք չենք տեսնում գործողություններ, ուրեմն խնդիր կա չէ՞ դրա մեջ: Որովհետեւ այլ պարագայում իր կոչին, որ խնդրում եմ, եկեք միասին գնանք եւ աշխարհին այս բանն անենք, բոլոր հայերը վեր կկենային ու աշխարհի առաջ բոլոր հարցերը կդնեին: Մենք պիտի հասկանանք՝ արդյոք Արցախում բոլորը խոսո՞ւմ են այն մասին, որ այո, ունենք առաջնորդ եւ ինքը տանում է: Նույն ձեւ էլ Հայաստանում է: Կարողացա՞ն դառնալ հրամանատար եւ առաջնորդ նաեւ այստեղ:

Ռուբեն Վարդանյանը հաջորդ օրը բացատրել է, թե ինչու է ինքը նման բան ասել: Մենք ունեցել ենք իրական քայլող առաջնորդների՝ Վազգեն Սարգսյանի կոչը հիշենք մահապարտների ջոկատի, ավել հավաքվեց, Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ասում էր՝ Արցախ, Արցախ եւ այլն, հայությունը հավատաց եւ գնաց, ուրեմն այդ ժամանակահատվածի մեջ ինքը այդ խնդիրը կարողացել է լուծի: Արցախում եղած իրավիճակի մասին կգնահատեն արցախցիները:

Այսօր կարող եք խոսել արցախցիների հետ ու եթե մարդիկ ձեր հարցադրումներին այլ պատասխան կտան Արայիկ Հարությունյանի առաջնորդ լինելու մասին, ուրեմն Ռուբեն Վարդանյանն է սխալ, բայց ունենք այն, ինչ ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031