«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հեռուստաուղերձում անդրադարձել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին եւ ասել. «Հակոբավանքից ուզում եմ Արայիկ Հարությունյանին ասել, որ ինքն իր ուսերին տանում է մեծ բեռ, մեծ պատասխանատվություն և այդ պարտության զգացողությունը, որ ինքն ունի իր մեջ, որ ցավոք, դուք չկարողացաք դառնալ, ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխավոր հրամանատար, և դա գալիս է ձեր պահելաձևից»:
Այս հեռուստաուղերձից հետո սոցցանցերում սկսեցին արշավ Ռուբեն Վարդանյանի դեմ՝ ցույց տալով «սքրիններ» ու հիշեցնելով, թե նա նախկինում Արայիկ Հարությունյանին պաշտպանում էր:
Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ թե այդ ի՞նչ անընդունելի բան էր ասել Ռուբեն Վարդանյանը, որ այսպես սկսեցին հակադարձել ու հարձակումներ գործել, հնարավո՞ր է Արայիկ Հարությունյանը իսկապես դարի առաջնորդն է, դրա համար այսպես դժվար մարսվեց այդ հայտարարությունը՝ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այն, որ Արայիկ Հարությանը Նիկոլ Փաշինյանի հետ միասին հավասարապես կրում է պատասխանատվություն Արցախը հանձնելու համար, այստեղ չեմ կարծում, թե երկու կամ մեկուկես կարծիք կարող է լինել: Այն, որ Արայիկ Հարությունյանը վաղ թե ուշ հայկական Նյուրնբերգի մեղադրյալների առաջին աթոռին է լինելու նստած, դա եւս քննարկման առարկա չէ: Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը, ես տպավորություն ունեմ, որ մեր քաղաքական էլիտան՝ իշխանություն, ընդդիմությունը, բնակվում է ֆեյսբուքում եւ վիրտուալ տիրույթը վերածել են ռազբորկաների, միմյանց միջեւ հարցեր պարզելու:
Այն իրավիճակում, երբ Ռուբեն Վարդանյանն արել էր այդ հայտարարությունը Արայիկ Հարությունյանին վստահելու մասին, միանգամայն հասկանալի էր՝ դուրս չգալ ու չփորձել Արցախում ներքաղաքական այդ ճգնաժամն առանց այդ էլ խորացնել: Այնպես որ, այդ ժամանակվա արած հայտարարությունը ինձ համար հասկանալի է, ինչպես որ հասկանալի եւ ընկալելի է այսօրվա արած հայտարարությունը, որովհետեւ ես տպավորություն ունեմ, որ Արցախի ժողովուրդը նստել է Նիկոլ-Արայիկ դուետի կոկորդին:
Կարդացեք նաև
Տպավորություն ունեմ, որ այդ մարդիկ ասում են՝ լավ, դուք ինչի՞ չեք մեռնում կամ ինչի՞ չեք հանձնվում, ինչի՞ եք համառում, որ մենք փակենք ձեր հարցը, համարենք ձեր հարցը փակված: Ինչ-որ մի հատ սպարապետի կամ ինչ-որ համազգային լիդերի հասցեին չի հնչել այդ հայտարարությունը, որ փոթորկվել են, բայց քանի որ մենք գիտենք, որ այդ փոթորկվողների 90%-ը իշխանական ֆեյքեր են, որովհետեւ ոչ միայն ՀՀ իշխանությունն ունի իր վիժվածք ֆեյքերի բուծարանը, այնպես էլ ցավալիորեն Արցախի իշխանական էլիտոն: Իրենց պրոբլեմները թողած՝ ֆեյքաբուծարաններ են պահում: Այնպես որ այդ վրդովվողների 90%-ը իշխանական ֆեյքեր են, ինչպես Նիկոլ Փաշինյանին սատարողների եւ հրճվողների դեպքում, այնպես էլ Արցախի նախագահի»:
Հարցին՝ ձեր կարծիքով Ռուբեն Վարդանյանի այդ հայտարարությունները Արայիկ Հարությունյանի հասցեին պայմանավորվա՞ծ էին իր պաշտոնանկությամբ՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որովհետեւ Ռուբեն Վարդանյան այսօր Արցախում է՝ ի տարբերություն շատ շատերի, որ Արցախից փախել են, Ռուբեն Վարդանյանը փորձում է չհանձնվել ու չգնալ գործարքի, չսպասարկել Բաքվի օրակարգը, սա արդեն գնահատելի է: մենք պիտի սովորենք թեկուզ փոքր քայլերը մարդկանց գնահատել եւ ոչ թե անընդհատ քարերը առած՝ մարդկանց գլխին քարերով խփել, նրանց, ովքեր գործ են անում կամ գոնե ինչ-որ բան անում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ