ՀՀ պաշտոնական վիճակագրությամբ, մեր երկրում գնանկում է արձանագրված, այն դեպքում, երբ տարբեր հետազոտությունների, այդ թվում՝ նաև Եվրասիական տնտեսական միության հաշվետվություններում Հայաստանի գներն ամենաբարձրն են միության բոլոր երկրների շարքում: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով մեր երկրում սննդամթերքի, բենզինի և դիզվառելիքի թանկացման պատճառներին։
«Խնդիրն այն է, որ միջին վիճակագրական հայերը պարզապես տեղյակ չեն, որ այն ինչի մասին գրում է վիճակագրությունը՝ բնավ այդ մի քանի ապրանքները չեն, որ սովորաբար գնում ենք, ընդ որում գնում են, և՛ հարուստները, և՛ միջին խավը, և՛ աղքատները: Դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներն են (հաց, հացամթերք, կաթնամթերք, միս, ընդամենը 11 ապրանքամթերք), ինչ վրա ցանկացած կառավարություն պետք է ուշադրություն սևեռի, բայց գնանկումը, որ մեր վիճակագիրները նշում են, վերաբերում է մոտ 500 ապրանքատեսակի, որոնց երեսը սովորաբար մենք չենք տեսնում»,-ՀՀ վիճակագրության հակասությունը բացատրեց տնտեսագետը:
Նրա խոսքով, ամռանը սովորաբար համաշխարհային շուկայում որոշակի ապրանքների գնանկում է արձանագրվում, ասենք մոլիբդենի, Բենթլի ավտոմեքենայի կամ մեխակ ծաղկի: Արդեն ցածր գնով Հայաստան ներկրված բացառիկ ապրանքների գնանկման շնորհիվ էլ ՀՀ վիճակագիրները 500 ապրանքատեսակի մեջ գնանկում են արձանագրում՝ չներկայացնելով, սակայն, որ միջին վիճակագրական քաղաքացին օգտվում է ընդամենը նշված 11 տեսակի ապրանքամթերքից: «Ցանկացած ապրանքի գինը ուսումնասիրելիս, կտեսնեք, որ գնային տատանումները որևէ աղերդ չունեն համաշխարհային շուկայի գների տատանումների հետ, ներառյալ բենզինի գինը: Հատկապես՝ այսօր, զավեշտայի է, որ համաշխարհային շուկայում և այն երկրներում, որտեղից մենք բենզինը ներկրում ենք՝ բենզինի ցատկ չի եղել, մինչդեռ ՀՀ-ում մեկ ամսվա ընթացքում գրեթե 100 դրամի տատանում տվեց, ինչը շատ մեծ է՝ 20 տոկոս: Ինչո՞վ է սա պայմանավորված, սրա մասին պետք է մտածի, մտահոգվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների նախարարությունները, բազմաթիվ այլ կառույցներ, որոնք պետք է վերահսկողություն իրականացնեն»,-նշեց Մանասերյանը:
Տնտեսագետը վստահեցրեց, որ այն գները, որոնք «նշանակվում են» Հայաստանում ապրանքների վրա, գերշահույթ են ապահովում և համաշխարհային շուկայի գների տատանումների հետ կապ չունեն։ Սա վերաբերում է նաև բենզինի գնին։ Մանասերյանի խոսքով` նույնը նաև գազի գներին է վերաբերում։ Ռուսաստանից գազը ստանում են մի գնով, բայց այլ գնով են վաճառում քաղաքացիներին։ Նրա խոսքով, պետությունը չի կարող կողքից նայել, թե ինչպես չի կարողանում կենսաթոշակառուն պարենային զամբյուղի նախատեսված ապրանքները ամբողջությամբ ձեռք բերել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ