Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը թույլատրեց, որ Մուրադ Փափազյանը տեսակապի միջոցով մասնակցի իր գործով դատական նիստերին

Օգոստոս 21,2023 17:13

ՀՀ վարչական դատարանում, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի գործով նախնական դատական նիստը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 13-14-ի գիշերը Մուրադ Փափազյանն ընտանիքով ժամանել էր Հայաստան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը Հայաստան՝ առանց լրացուցիչ պարզաբանման։ Մեկ օր նրան օդանավակայանում պահելուց հետո հետ էին ուղարկել Ֆրանսիա:

Նախքան այսօրվա դատական նիստը, Մուրադ Փափազյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որում մասնավորապես նշվում է․ «Հուսով եմ՝ Վարչական դատարանը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հստակ պատասխան կպահանջի, թե ինչո՞ւ են ինձ արգելել մուտք գործել Հայաստան։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արդարադատությունը կպարտադրի իշխանություններին՝ հրապարակել իմ մուտքի արգելքի պատճառները»։

Փափազյանը հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջով, որ դատարանը պարտավորեցնի ԱԱԾ-ին ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից Փափազյանի տվյալները հանեն։

Այսօրվա դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը միջնորդություն ներկայացրեց այն մասին, որ Մուրադ Փափազյանը կամ ֆիզիկապես, կամ տեսակապի միջոցով մասնակցի դատական նիստերին։ Դատավորն ասաց, որ դատարանը հաջորդ նիստից տեսակապի միջոցով կապահովի հայցվորի ներկայությունը դատական նիստին։

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ըստ իս՝ հնարավոր է ապահովել Մուրադ Փափազյանի ֆիզիկական ներկայությունը դատական նիստերին։ Բայց քանի որ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է, եւ նա անցանկալի անձանց տվյալների բանկ է մուտքագրվել, այսպես կոչված, անվտանգային նկատառումներից ելնելով, քանի դեռ այդ որոշումը վիճարկված եւ փոփոխված չէ, դատարանը հենց հենվում է այդ որոշման վրա եւ մինչեւ դատական ակտի կայացումը զերծ է մնում այնպիսի գործողությունների կատարումից, որոնք կարող են անվտանգային սպառնալիքներ պարունակել։ Ես կարծում եմ՝ օբյեկտիվորեն նման սպառնալիքներ չկան»։

Նրա խոսքով՝ Մուրադ Փափազյանը հայանպաստ գործունեությամբ է զբաղվում, այդ թվում՝ արցախյան հիմնախնդրի առնչությամբ։ «Մենք գիտենք, որ անգամ ադրբեջանցիների ֆիզիկական ներկայությունը Հայաստանում ապահովվում է անվտանգային միջոցառումներով։ Օրինակ՝ սպորտային միջոցառումների ժամանակ Հայաստանը հյուրընկալում է նաեւ այնպիսի երկրների քաղաքացիների, որոնց հետ մենք ունենք լուրջ անվտանգային մարտահրավերներ։ Պարզապես ուժեղացված հսկողության ներքո նրանք ներկա են գտնվում, իրենց սպորտային խնդիրները լուծում են եւ ապահով վերադառնում են հայրենիք։ Արդար դատաքննության իրավունքը կարեւոր երաշխիք է, այդ թվում՝ անձամբ ներկա գտնվելու իրավունքը։ Ուստի, մեծ ցանկության պարագայում հնարավոր էր նաեւ այս միջոցների կիրառմամբ ժամանակավորապես ապահովել նաեւ ֆիզիկական ներկայությունը։ Իհարկե, որոշում կայացնողը դատարանն է, գոնե դրական եմ գնահատում, որ այլընտրանքային հնարավորություն տրվեց, եւ ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններն օգտագործելով՝ հեռավար դատական նիստին մասնակցելու իրավունքը երաշխավորվեց»,- հավելեց Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ իրենք Փափազյանի մուտքի արգելքը Հայաստան կապում են անձի գաղափարախոսության եւ գործունեության հետ։ Ըստ նրա՝ իրականում Փափազյանը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, շահերին սպառնացող գործողություններ չի իրականացրել, բայց աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով, որը ոչ թե ուղղված է եղել Հայաստանի Հանրապետության, այլ հանրային իշխանություն կրող պաշտոնյաների դեմ։ Եվ այստեղ Հայաստանի շահը նույնացվել է պետական քաղաքական գործիչների մասնավոր շահերի հետ։ «Դա է պատճառը, որ մենք սա վիճարկում ենք, ընդ որում, չենք սահմանափակվելու Հայաստանի ազգային դատարաններով։ Ապավինում ենք, որ, այո, հնարավոր է որոշակի արդարացի լուծումներ ստանալ Հայաստանի Հանրապետությունում։ Բայց եթե դրանք չստացվեն, մենք այս գործընթացին երկարաժամկետ ենք վերաբերում, եւ այս խնդիրները բարձրաձայնելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այ այստեղ է, որ գործը ՄԻԵԴ-ում շահելու պարագայում մենք կունենանք վարկանիշային մեծ անկում։ Եվ ես չէի ցանկանա, որ այս հայցով Հայաստանի Հանրապետության դեմ վճիռներ լինեին։ Այս գործի փաստական հանգամանքներն ինձ հիշեցնում է «Քոքսն ընդդեմ Թուրքիայի» գործը, երբ օտարերկրացի պատմաբանն իր դասավանդման ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսակետներ էր հայտնել, որը բախվել էր թուրքական քարոզչամեքենայի վարկածների հետ։ Եվ հետագայում նրա մուտքը Թուրքիա արգելել էին, բայց արգելել էին՝ վկայակոչելով անվտանգային նկատառումները։ ՄԻԵԴ-ը գտավ, որ դրանք մտացածին են եւ իրականում ակադեմիական ազատությունը սահմանափակելու նպատակով է այս արգելքը կիրառվել։ Այս գործով արձանագրվել է, որ Թուրքիան խախտել է անձի արտահայտվելու ազատության իրավունքը, եւ մուտքի արգելքը չի համապատասխանել օրինականության եւ իրավաչափության սկզբունքներին։ Մենք եւս կարծում ենք, որ Արցախին եւ Հայաստանին առնչվող հարցերի վերաբերյալ հայրենասիրական գաղափարախոսությունն է հիմք ծառայել, որպեսզի Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելվի։ Եվ դա կապված է իրավունքների իրացման հետ, իսկ անվտանգային նկատառումները որպես պատրվակ են օգտագործվում՝ արդարացնելու այս միջոցառումը»,- հավելեց Սիրանուշ Սահակյանը։

Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուց հետո վարչապետի աշխատակազմը պարզաբանում էր տարածել, որում նշվում էր․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»։

Անդրադառնալով կառավարության այս պարզաբանմանը՝ Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Վստահորեն կարող եմ ասել, որ Մուրադ Փափազյանը ներգրավված չի եղել եւ չի մասնակցել այն ակցիաներին, որը վկայակոչել է կառավարության աշխատակազմը։ Որպես իրավաբան՝ նշեմ, որ այդ ակցիաները թույլատրելի են, դրանք քննադատության չափավոր սահմաններում են, եւ այստեղ ազատության իրավունքը ավելի բարձր շեմ ունի, քան որոշ անձանց քննադատությունից զերծ մնալու քմահաճույքը։ Եվ դրա վառ վկայությունն է այն, որ Ֆրանսիայի իշխանություններն այդ ակցիաների մասնակիցների նկատմամբ որեւէ գործողություն չեն ձեռնարկել։ Նրանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառված չեն, եւ այլ քաղաքացիների հետ համահավասար կերպով համարվում են օրինապաշտ քաղաքացիներ։ Եթե խոսքի ազատության կամ հավաքների ազատության թույլատրելիության սահմանը հատվեր, վստահ եղեք, որ Ֆրանսիայի իշխանությունները եւս կմիջամտեին եւ քայլեր կձեռնարկեին»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031