Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսրայելը Ադրբեջանի հետ ունի սերտ կապեր`ռազմական, տնտեսական, բայց դա չի նշանակում, որ Իսրայելի քաղաքացիներն, ընդհանուր առմամբ, ադրբեջանամետ դիրքորոշում ունեն»

Օգոստոս 21,2023 16:41

Aravot.am-ի զրուցակիցն է Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչ Մարինա Կոզլիները

-Օրերս Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Իսրայելի ԱԳ նախարարության շենքի մոտ, նաեւ դիմում հղեցին Իսրայելի ԱԳ նախարարին` օգտագործել Ադրբեջանի վրա ազդեցությունը և գործնական լինել Բերձորի միջանցքը բացելու, Արցախում հումանիտար աղետը կանխելու հարցում։ Ի՞նչ արձագանք եք ստացել։

-Վերջին տարիների ընթացքում մենք հանրահավաքներ և ցույցեր ենք կազմակերպել հայությանը հուզող տարբեր խնդիրների հետ կապված: Սակայն, Արցախի շրջափակման հարցով սա մեր առաջին կոչն է Իսրայելի կառավարությանը: Մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել Արցախի մեր հայրենակիցների աղետալի վիճակի վրա: Իհարկե, արագ արդյունք չենք ակնկալում, և չենք էլ պատրաստվում բավարարվել մեկանգամյա ցույցով: Այս հանրահավաքի ժամանակ մեր կոչերով հետաքրքրվեցին ոստիկանները, որոնք պարեկություն էին անում նախարարության շենքի շուրջ: Նրանք հետաքրքրվում էին հակամարտության մանրամասներով և լուսանկարում էին եբրայերենով գրված պաստառները: Մեզ հայտնի է, որ նույն օրը Իսրայելի կենտրոնական թերթերից մեկում (Haaretz` «Մեր երկիրը») հոդված է լույս տեսել Արցախի շրջափակման մասին: Տեղեկություն չունենք, արդյոք դա կապված է մեր հանրահավաքի հետ, թե ոչ:

-Ինչու՞ եք մտածում, որ Իսրայելը մտահոգված է Բերձորի միջանցքը բացելու հարցով` նկատի ունենալով հայ- իսրայելական ոչ ջերմ հարաբերությունները եւ ի հեճուկս սրա`իսրաելաադրբեջանական ջերմ հարաբերությունները։ Հիշենք, որ 44 օրյա պատերազմի ժամանակ էլ, և, առհասարակ, Իսրայելը առավել ադրբեջանամետ դիրքորոշում ունի։

-Մենք չենք կարծում, որ տվյալ պահին Իսրայելը ինչ-որ կերպ ներգրավված է Արցախի հակամարտության մեջ: Այո, Իսրայելը Ադրբեջանի հետ ունի սերտ կապեր`թե ռազմական, և թե տնտեսական. մասնավորապես, նավթի 67%–ը Իսրայելը գնում է Ադրբեջանից՝ բավական մատչելի գներով, էլ չենք խոսում ռազմական ոլորտում համագործակցության մասին: Սակայն դա չի նշանակում, որ Իսրայելի քաղաքացիները ընդհանուր առմամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեն: Իսրայելում կան մտավորականներ` Հոլոքոստի և Ցեղասպանության հարցերով զբաղվող պրոֆեսորներ, հոգևորականներ, որոնք ղեկավարում են զենքի վաճառքի դեմ հանդես եկող հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև հայագետներ, Հայաստանի և Անդրկովկասի պատմությամբ զբաղվող մասնագետներ, որոնք երկար տարիներ սատարում են Հայաստանի և Արցախի հայությանը: Այդ մարդիկ հիշում են, որ Հոլոքոստի ժամանակ տասնյակ հայեր փրկել են հրեաներին: Նրանք կոչ են անում Իսրայելին՝ հիշել, որ իրենց ժողովուրդն էլ է անցել էթնիկ զտումների և ոչնչացման միջով, և այսօր Իսրայելը կարող է՝ օգտագործելով իր բարեկամական և առևտրային կապերը Ադրբեջանի հետ, դառնալ հակամարտության լուծման միջնորդ:

Ինչ վերաբերում է մեզ, Իսրայելի հայերիս, ապա հայկական համայնքի, կրոնական կազմակերպությունների, հայերին աջակցող այլ ակտիվիստների խնդիրն է միավորվել և ընդհանուր ուժերով ներկայացնել մեր դիրքորոշումը երկրի կառավարությանը:

-Ցույցերը շարունակական կլինե՞ն, հայ համայնքն առավել մեծ ներգրավվածություն կունենա՞ հայկական հարցի լուծման գործում։

-Ինչպես նշեցի, Արցախի շրջափակման հետ կապված այս հանրահավաքը դեռ սկիզբն է: Հույս ունենք, որ մեր ջանքերը անտարբեր չեն թողնի Իսրայելում բնակվող 5-6 հազար հայերին: Համախմբվելով` մենք կարող ենք հասնել արդյունքի:

-Տեսեք, ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. ՀՀ-ում գործող իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկում հրավիրելով՝ Արցախի ինքնորոշման մասին պահանջ չի ներկայացնում Հայաստանը, հարցը միայն հումանիտար հարթությունում են դիտարկում, իսկ մենք այլ երկրներից, նրանց ղեկավարներից ենք ակնկալում, որ հայամետ դիրքորոշումներ արտահայտեն, գործողություններ անեն:

-Որքան էլ ամբողջ աշխարհի հայերը պահանջեն իրենց կառավարություններից՝ բացել Բերձորի միջանցքը, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, ոչինչ չի փոխվի: Մենք, հանդիսանալով Հայաստանի քաղաքացիներ, իրավունք ունենք պահանջելու, որպեսզի կառավարությունը հաշվի նստի մեր պահանջների հետ: Մենք մեր ձայնն ենք միացնում Հայաստանում և ամբողջ աշխարհում բնակվող մեր համախոհ քույրերի և եղբայրների ձայնին:

Որքան ինձ հայտնի է, ըստ «Հայաքվեի» արդյունքների, ստորագրությունների թիվը գերազանցել է պահանջվող 50 հազարը, ինչը հույս է ներշնչում, որ մենք դեռ կարող ենք ինչ-որ բան փոխել: Շատ ժողովուրդներ, որոնք չունեն կամ կորցրել են իրենց պատմական հայրենիքը և ստիպված են դեգերել աշխարհով մեկ, պայքարում են արդարությունը վերականգնելու և իրենց կորցրած հողերը վերադարձնելու համար: Իսկ մենք, որ ունենք հայրենիք, մեզ շռայլություն ենք թույլ տալիս վատնել մեր պապերի կողմից դժվարությամբ պահած հողերը:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031