Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական համազգեստով մի քանի տղամարդիկ փորձում էին մուտք գործել ԱԺ, իբրեւ թե եկել են ԱԺ-ից հաշիվ պահանջեն, թե այդ ո՞վ է իրենց նախագահի հրաժարականը պահանջում. Մետաքսե Հակոբյան

Օգոստոս 21,2023 15:46

«Ռուբեն Վարդանյանի կարծիքը, առանց անձնավորելու, կարող ենք դիտարկել իբրեւ արցախցիների հավաքական կարծիք, որովհետեւ իրականում ինքը բարձրաձայն ասաց այն, ինչը որ Արցախում կա, այն, ինչի համոզմունքը շատերն ունեն: Ցավոք, արցախցիների մեծամասնությունն այդպես է մտածում Արցախի նախագահի մասին ու հավատացեք, մենք՝ արցախցիներս, ամենաշատը կցանկանայինք, որ ԱՀ նախագահի մասին նման կարծիք չունենայինք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հասցեին հնչեցրած քննադատությանը:

Հիշեցնենք, Ռուբեն Վարդանյանը, մասնավորաբար նկատել էր. «Ցավոք, դուք չկարողացաք դառնալ, ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխավոր հրամանատար, և դա գալիս է ձեր պահելաձևից»:

«Իրականում, Արցախում, քաոս, որպես այդպիսին, չկա, թեեւ ստեղծված իրավիճակից ենթադրվում է, որ պիտի լիներ, սակայն, քաոս են ստեղծում Արցախի իշխանությունները. քաոսը ստեղծում են իրենց ձեռագրին համապատասխան, ինչպես հունվար ամսին տեղի ունեցավ: Իմիջիայլոց, տարբեր լուրեր դաշտ նետելը, ինչի համար հետո իրենք թիրախավորում են այլ անձանց, վստահ ենք, որ իրականացվում է անձամբ երկրի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից՝ դեղին մամուլի կամ այլ միջոցներով: Հունվար ամսին դարձյալ ականատես եղանք նման «միջոցառման», երբ ինչ-ինչ ձեւերով հայտարարվեց, որ ԱՀ նախագահը հրաժարական է տալիս: Դրան հաջորդեց Ստեփանակերտի Երիտասարդության պալատում տեղի ունեցած շոուն, երբ ինչ-որ մարդիկ հայտնվեցին ու ինչ-որ ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, պահանջներ ներկայացրեցին: Ու դրանից հետո ի՞նչ տեղի ունեցավ. ընդամենը պաշտոնյաների փոփոխություն ու ամենը մոռացվեց: Հետաքրքիր է, որ նման բաները տեղի են ունենում, երբ հանրության մոտ կրքեր են սկսում եռալ, կամ ինչ-որ ընդվզումներ են հասունանում: Այս անգամ էլ բացառություն չէր»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավաստիացնելով, որ թե ո՞վ կամ ի՞նչ լույսի ներքո կներկայացնի ու կմեկնաբանի իրադարձությունները, բայց Արցախում իրականությունը հետեւյալն է. «Մարդիկ պատրաստ են դիմակայել, պատրաստ են կրել այս զրկանքները, պատրաստ են կիսասոված կամ սոված օրեր անցկացնել՝ հստակ գիտակցելով, թե ինչի՞ համար են դա անում, իմանալով վերջնարդյունքը, բայց չեն կարողանում, քանի որ հավատն անընդհատ սասանվում է: Ու սասանողը ներկայիս իշխանություններն են: Քանի որ չկա իշխանության նկատմամբ վստահություն, հերիք է մեկ-երկու օր հաց չլինի եւ ընդվզում է տեղի ունենում, ինչպես այս օրերին է: Այն, որ կաթնամթերք, մսամթերք հնարավոր չէ գնել, դրա հետ կարծես հաշտվել ենք, չկա ուղղակի, իսկ հացն… արդեն երկու օր է՝ հացաթխման արտադրամասերը չեն աշխատում եւ մարդիկ փաստացի նույնիսկ հաց չեն կարողանում գնել, իսկ կառավարությունը որեւէ պատճառաբանություն չի ներկայացնում, մարդիկ պատճառը չգիտեն»:

Մետաքսե Հակոբյանի հավաստմամբ, այսօրինակ իրավիճակներն են հանգեցնում քաոսի եւ խնդիրը բնավ էլ հաց գնել չկարողանալ չէ, այլ այն վախը, որ նման իրավիճակ ստեղծելով՝ Արցախի իշխանությունն իրենց թիկունքում հնարավոր է ինչ-ինչ պայմանավորվածությունների է գնում: Իրավիճակն իբրեւ կառավարելու համար, ըստ մեր զրուցակցի, իշխանությունը կրկին դաշտ նետեց Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին տեղեկությունները. «Նորից շոու տեղի ունեցավ: Օրեր առաջ զինվորական կամ կիսազինվորական համազգեստով մի քանի տղամարդիկ փորձում էին մուտք գործել ԱԺ, նաեւ անվտանգության աշխատակիցներին քաշքշելով ու վնասելով, իբրեւ թե եկել են ԱԺ-ից հաշիվ պահանջեն, թե այդ ո՞վ է իրենց նախագահի հրաժարականը պահանջում: Հետո, նորից Երիտասարդության պալատում հանդիպում եւ հետոն՝ նույն սցենարով, ինչ-որ հունվար ամսին ու արդյունքում, մարդկանց կրկին խնդրեցին ինչ-որ ժամանակ սպասել: Եվ որեւէ մեկը եթե հիմա կոչ է անում իշխանությունից կամ կառավարությունից ինչ-որ բան պահանջել, հիմնականում պարզաբանումներ, ոչ թե ուտելիք, նպատակով հավաքվել Վերածննդի հրապարակում, այդ զինվորական կամ կիսազինվորական համազգեստ հագածների շրջանակից անմիջապես զանգեր են հնչում այդ մարդկանց՝ պահանջելով որոշ ժամանակ սպասել»:

Տեխնոլոգիայի մեկ այլ տեսակ էլ է կիրառում Արայիկ Հարությունյանը: Թե ի՞նչ՝ Մետաքսե Հակոբյանը մանրամասնում է. «Ինչպես Նիկոլ Փաշինյանն ունի անձնական բարձրախոսները, որոնք հաճախ ասում են այն, ինչը ինքը պետք է ասեր, բայց տվյալ պարագայում չի կարող, նույնն անում է Արցախի նախագահը: Արդեն մի քանի օր է՝ իր բարձրախոսները ևս բավականին լուրջ հայտարարություններ են անում, որոնք բավականին լուրջ անհանգստություններ են բերել մարդկանց»:

Խոսքը ԱՀ Նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի՝ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում արած հայտարարությունների մասին է: Վերջինս, մասնավորաբար, հայտարարել է, որ Արցախում ալյուրի պաշարները շատ սուղ են, մսի պաշարներն են սպառվում, հազարավոր այլ ապրանքների պակաս էլ կա եւ սով է սպասվում: Նաեւ հնարավոր չի լինելու երեխաներին դպրոց ուղարկել ու այդ ամենը շրջափակման պատճառով է: Նա նաեւ հայտարարում է, որ հասկանում է այն մարդկանց, ովքեր սպասում են, որ ճանապարհը բացվի ու արտագաղթեն: Միաժամանակ, կոչ է անում՝ անկախ բարդություններից, մնալ Արցախում, որ Արցախն էլ Նախիջեւանի ճակատագրին չարժանանա: Նա նաեւ «քաղաքացիներին տված քվեի վրա թքել» է համարում ՀՅԴ խմբակցությունից Դավիթ Իշխանյանի՝ ԱԺ նախագահ դառնալու փաստը, խոսում է ԱԺ-ի լուծարման մասին եւ հայտարարում, որ գալու է ժամանակը եւ բոլորի «հարցերը լուծելու են» ու բոլորին անվանում է դասալիքներ: Քննադատության մի հատված էլ Ռուբեն Վարդանյանին է ուղղվում՝ Արայիկ Հարությունյանին քննադատել հանդգնելու համար:

Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանը ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ նաեւ մի փաստաթուղթ էր հրապարակել, որը ներկայացրել էր իբրեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար:

Մետաքսե Հակոբյանի կարծիքով, այն, ինչ ասաց Տիգրան Պետրոսյանն իր ուղիղ եթերում՝ հենց այն է, ինչ Արայիկ Հարությունյանն էր ցանկանում ասել, իսկ նման հայտարարությունները հասարակության շրջանում մեծացնում են լարվածությունը, վախերը եւ անվստահությունը:

Թե ի՞նչ նպատակով է այդ ամենն արվում, մեր զրուցակիցը նույնիսկ ենթադրություններ անել չի ցանկանում, միայն ասում է, որ այսպես շարունակվել այլեւս չի կարող եւ յուրաքանչյուրն իր ձեւով է ելքեր փնտրում ու բնական է, որ իշխանությունն էլ ելքերի իր փնտրտուքում պետք է շարունակի կառչած մնալ իր աթոռներից. «Միաժամանակ, սթափ քաղաքական ուժերը, հանրության սթափ մասը, որը բավականին շատ է, մեկ ելք են տեսնում. իրենք չեն տեսնում հումանիտար խնդիրների լուծումը, որպես ելք, իրենք չեն տեսնում ուտելու ապահովումը, որպես ելք, իրենք տեսնում են հիմա դերակատարների փոփոխությունը, որպես ելք: Մենք միայն այս պահանջն ունենք իշխանությունից: Համենայնդեպս, որեւէ շարժ այս ուղղությամբ մենք չենք տեսնում, հուսանք, որ այս անգամ, այս թույլ իշխանությունը, որը հետպատերազմյան երեք տարիների ընթացքում մեկ բան է հաջողել անել՝ տապալել երկրի ներքին կառավարումը, տապալել արտաքին քաղաքականություն վարելու բոլոր հնարավորությունները, գիտակցաբար, թե չգիտակցելով՝ պետք է հեռանա: Ես կարծում եմ, մեր օրակարգում այսօր միայն դա պետք է լինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031