Ermenihaber. 1872-ին հայ վարպետների կողմից Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին լրջորեն վնասվել է:
Այն կապվում է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում 7.6-7.7 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետ:
Նշվում է, որ եկեղեցին կարիք ունի վերանորոգման և այդ իսկ պատճառով էլ այս պահին եկեղեցում որևէ ծիսակատարություն չի անցկացվում:
Իսկ «Քառասուն մանուկ» եկեղեցու առաջնորդ Յուսուֆ Թաբաշը վերանորոգման խնդրանքով դիմել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությանը:
Կարդացեք նաև
«Այս երկրաշարժը մեր ծեսերը կիսով չափ խափանել է, այս պահին մեր եկեղեցու վերանորոգման հարցը քննարկվում է մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից»,-ասել է Թաբաշը:
Թուրքիայում միակ հայկական գյուղի՝ Հաթայ նահանգում գտվող Վաքըֆլըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևորական Ավետիս Թաբաշյանը ևս խոսել է վնասված եկեղեցիների մասին:
Ըստ Թաբաշյանի՝ բացի «Քառասուն մանուկ» եկեղեցուց մի շարք այլ տեղերում գտնվող շուրջ 16 հայկական եկեղեցի ևս երկրաշարժի հետևանքով լրջորեն վնասվել է: Այնտեղ նույնպես ծիսակատարություններ չեն անցկացվում: Դրանց վերանորոգման համար դիմումները ևս ուղարկվել են համապատասխան նախարարություն: