Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորային սեփականատերը վաճառում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը. գնորդը հայ գործարար է. «Հետք»

Օգոստոս 21,2023 15:21

«Հետք». Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունը (Chaarat Gold Holdings Limited, CGH) 55,4 մլն դոլարով վաճառում է հայաստանյան իր դուստր ձեռնարկությունը՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, որը շահագործում է Կապանի լեռնահարստացման կոմբինատն ու Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։

Շահումյանի հանքավայր

«CGH»-ը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն (ձեռքբերումից հետո անվանափոխվել է՝ դառնալով «Չաարատ Կապան») գնել էր 2019 թ. (գործընթացն սկսվել էր դեռ 2018-ի աշնանը) նախկին սեփականատիրոջ՝ ռուսական արմատներ ունեցող, սակայն օֆշորային Ջերսի կղզում գրանցված «Պոլիմետալ Ինթերնեյշնլի» հետ (Polymetal International plc) կնքված 55 մլն դոլարի գործարքի արդյունքում:

«Chaarat Gold Holdings»-ի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինեցը «Հետքին», մասնավորապես, ասել էր. «Կապանը հրաշալի հանքավայր է, ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք ձեռք բերել եւ զարգացնել»:

Ո՞վ է «Չաարատ Կապանի» գնորդը

«Chaarat Gold Holdings»-ը հայտնել է, որ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գնորդը «Գոլդ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն է (Gold Mining Company): Չնայած հաղորդագրության մեջ ասվում է, թե գնորդը նաեւ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրն է շահագործում, սա այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այս հանքի շահագործողը «Լիճքվազ» ՓԲԸ-ն է, ոչ թե «Գոլդ Մայնինգ Քոմփանին»: «CGH»-ը, նկատի ունենալով «Լիճքվազ» ՓԲԸ-ին, նշել է, որ այն Կապանի լեռնահարստացման կոմբինատին տարիներ շարունակ հանքաքար է մատակարարել, այսինքն՝ այդ հանքաքարը մշակվել է Կապանում: Սա պատահական չէ, քանի որ նախկինում երկուսն էլ պատկանում էին նույն ընկերությանը՝ վերը հիշատակված օֆշորային «Պոլիմետալ Ինթերնեյշնլին»:

2019-ից «Լիճքվազ» ՓԲԸ-ն պատկանում է Երեւանի գրանցում ունեցող քաջարանցի Սասուն Ավետիսյանին, որը նաեւ ընկերության գլխավոր տնօրենն է: Բացի դրանից՝ նա «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» սեփականատերն է: Այսինքն՝ այս երկուսը փոխկապակցված ընկերություններ են:

Բայց եթե Երեւանում գրանցված «Լիճքվազ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թ. եւ ներկայում իրավունք ունի մինչեւ 2036 թ. շահագործել Մեղրու Լիճքվազ-Թեյի հանքավայրը, ապա նույնպես երեւանյան «Գոլդ Մայնինգ Քոմփանին» պետական գրանցում է ստացել այս ամիս՝ օգոստոսի 2-ին: Փաստորեն, այս ընկերությունն, ըստ էության, ստեղծվել է «Չաարատ Կապանի» բաժնետոմսերը «Chaarat Gold Holdings»-ից գնելու համար: Հավելենք, որ «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» տնօրենը քաջարանցի Արտյոմ Պետրոսյանն է:

«CGH»-ը հայտարարել է նաեւ, որ գնորդ ընկերության՝ «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» սեփականատերը (Սասուն Ավետիսյանը) տնօրեն ու համասեփականատեր է «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում (S&A Mining), որը երկար ժամանակ Կապանի կոմբինատի կապալառու գործընկերներից է (ըստ ՊԵԿ-ի՝ զբաղվում է հանքարդյունահանման համար տարածք նախապատրաստելով):

Ս. Ավետիսյանն իսկապես 2015-ին հիմնադրված երեւանյան «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, բայց դրա ֆորմալ սեփականատերը չէ, քանի որ «Էս Ընդ Էյ Մայնինգը» պատկանում է երեւանյան մեկ այլ ընկերության՝ «Վանդ-Գասս» ՍՊԸ-ին, որի տերերը երկուսն են՝ Սասուն Ավետիսյանի հայրը՝ Սլավիկ Ավետիսյանը, եւ քաջարանցի Մարիամ Ներսիսյանը, որի հայրը՝ Արիստակես Ներսիսյանը, եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր հաշվապահ այն ժամանակ, երբ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր: Ընդ որում՝ «Վանդ-Գասսի» ներկա տնօրենը Մարիամ Ներսիսյանի եղբայրն է՝ Գառնիկ Ներսիսյանը, որն այդ պաշտոնում փոխարինել է Սասուն Ավետիսյանին: Ստացվում է, որ «Չաարատ Կապանի» կապալառու գործընկեր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերությունը ԶՊՄԿ-ի նախկին ազդեցիկ ֆիգուրներից Արիստակես Ներսիսյանի ու հանքարդյունաբերոության մեջ դիրքերն ամրապնդող Սասուն Ավետիսյանի ընտանիքների համատեղ բիզնեսն է:

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ chaarat.com-ից, Սարո Բաղդասարյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031