Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա հնարավորություն առանց պատերազմի Շուշին, Քարվաճառը, Հադրութը հետ բերել»․ Ժիրայր Սեֆիլյան

Օգոստոս 21,2023 15:17

«Որոշ արձագանք կա, բայց առայժմ ոչ պաշտոնական»,-հարցին՝ այլ քաղաքական ուժերի կողմից արձագանք կա՞ Ազգային ժողովրդավարական բևեռի՝ (ԱԺԲ) օգոստոսի 17-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո, Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ԱԺԲ անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Հիշեցմանը՝ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ եթե օգոստոսի 24-ին օգոստոսի 17-ի համեմատ ժողովրդի թիվն ավելանա, իրենք գուցե փակեն Ֆրանսիայի հրապարակը և հարցին՝ նույն կարծիքի՞ եք, նա այսպես պատասխանեց․ «Մեր բոլոր համախոհներին հորդորում ենք գալ այդ տրամադրվածությամբ։ Առայժմ քաղաքական անհնազանդության շրջանակներում՝ հնարավորինս օրենք չխախտելով, պայքարի մեթոդներով պետք է շարունակենք մեր համախմբումն ու մեր ուզածը պարտադրելը»։

Ըստ նրա՝ գործող իշխանությունները օգտագործում են վարչական ռեսուրսը և զբաղված են ժողովրդին մոլորեցնող, վախեցնող տարաբնույթ գործողություններով․ «Մենք մեր հերթին ժողովրդին պետք է հուշենք, որ այս իշխանությունները մերժված են ներազգային և միջազգային իմաստով։ Սրանցից որևէ հարցում որևէ վախ չպետք է ունենալ։ Այս սպառված կերպարներից վախենալու կարիք չկա։ Տեղեկություններ են տարածում, թե կուտակումներ են սահմանին, ադրբեջանական կողմը հարձակվելու է, ինչ որ շրջանակներ ակցիաներ են անում, տեսնում ենք՝ ինչպիսի ցնցող կադրեր են դնում, բայց այս ամենը միտումնավոր է տեղի ունենում»։

Ժիրայր Սեֆիլյանը ևս մեկ անգամ պնդեց՝ տարածաշրջանից ՌԴ-ն հեռանում է․ «Հնարավորություն կա թույլ չտալու, որ ՌԴ-ի հեռանալուն փոխարինի թուրքական ներկայությունը։ Ադրբեջանական և թուրքական կողմը, Փաշինյանին աջակցելով, փորձելու են այդ վակուումն իրենց խելքով այդպես լցնել։ Բայց կարևորագույն խաղացողները մեր տարածաշրջանում եկել են կոնսենսուսի, որ պետք է ձերբազատվել ոչ միայն Փաշինյանից, այլև թույլ չտալ թուրքական ներխուժում»։

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելությունն իր վարկանիշը փրկելու համար էր․ «Իրեն չի հաջողվի փրկել իր վարկանիշը։ Մենք ունենք տեղեկություններ, որ մեկուկես ամիս առաջ իրեն փոխանցել են, որ վերջ, սպառված մարդ ես, նա խուճապի մեջ է։ Ամեն օր այցելություններ է կազմակերպում, ցույց տալիս աշխարհին, որ իբր ժողովուրդն իրեն մեծ սիրով ընդունում է։ Այս կեղծիքներով որևէ արդյունքի չի հասնի»։

Անդրադառնալով Արցախում սովամահության դեպքին՝ Ժիրայր Սեֆիլյանն ասաց․ «Սովամահության դեպքը չեմ վերագրում նրան, որ վիճակն այնքան անելանելի է, որ պարբերաբար նման դեպքեր են տեղի ունենալու։ Արցախում ճիշտ ինքնակազմակերպման դեպքում անշուշտ նրանք կարող են դիմանալ, սովամահ չլինել։ Սովամահության դեպքը ես համարում եմ Ստեփանակերտի ապիկար, անշնորհք, անխիղճ ղեկավարության հետևանք։ Մեր տեղեկություններով՝ այդ մարդը մեկուսացված մնացել է մի անկյունում, ոչ մեկն իր մասին չի իմացել։ Արցախում պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ հոգատարություն, համերաշխություն պիտի լինի՝ ինչպես 1992-ին՝ Շուշիի ազատագրման ժամանակ։ Ես եղել եմ բլոկադայի մեջ։ Այն ժամանակ ԱԺ նախագահը ինչով սնվում էր, դրանով սնվում էր շարքային քաղաքացին։ Այսօր դա բացակայում է Արցախում։ Արցախի օլիգարխները, թշնամու հետ գործակցողներն իրենց միլիոններով կերուխումի մեջ են, էս անհավասար վիճակը բերել է ոչ առողջ վիճակի, որի պատճառով ցավալի դեպքերի մասին ենք լսում»։

Իսկ թե Փաշինյանի հեռանալուց հետո ի՞նչ է լինելու, Ժիրայր Սեֆիլյանն ասաց․ «Մենք ուզում ենք որոշ համերաշխության մթնոլորտ ձևավորելուց հետո այդ ծրագրային հարցերից խոսենք։ Ժամանակավոր կառավարությունը փոխարինում է Փաշինյանին, ճշգրիտ դիրքավորման պատճառով մեր երկրի շուրջ ապահով վիճակ է ստեղծվում։ Օր առաջ պետք է ճակատով մեկ՝ Գեղարքունիքից Մեղրի ճակատով, որտեղ զինակոչիկներ կան, բոլորին դուրս բերել այդ գծից և շատ շուտ այլևս սահմանի հսկողության համար այլ մարտավարություն կիրառվի, որի շնորհիվ մենք այլևս զոհեր չենք ունենալու։ Մինչ այդ ժամանակը պիտի ծառայեցվի պետության կառուցման և պաշտպանական համակարգի ձևավորմանն ու զարգացմանը։ Կա հնարավորություն առանց պատերազմի Շուշին, Քարվաճառը, Հադրութը հետ բերել, սակայն այս հնարավորությունը պիտի մեր ժողովուրդը տա գիտակից, սրտացավ մարդկանց»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031