«Այսպիսի նպաստավոր վիճակ անցյալ 30 տարիների ընթացքում մենք չենք ունեցել, և այսպիսի նպաստավոր առիթ բաց թողնել կարծում եմ անմտություն կլինի բոլորիս կողմից։ Տարածաշրջանում գերտերությունների ազդեցությունների փոփոխությունների շեմին ենք կանգնած, գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցությունն օր օրի թուլանում է, և շնորհիվ այդ ամենի՝ մեզ համար հնարավորություն է ստեղծվել»,- Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Ըստ նրա՝ ամենակարևորն այն է, որ մեր տարածաշրջանում գլխավոր աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների մոտ առկա կոնսենսուս կա Նիկոլ Փաշինյանի մասին․ «Բոլորն էլ եկել են այն եզրակացության, որ այդ մարդը սպառված է ամեն իմաստով։ Նրանց մոտ կա ձևավորված կարծիք, որ նա, մեղմ ասած, ադեկվատ չէ։ Այս մեծ հնարավորությունը մենք պիտի բաց չթողնենք և ներազգային ու միջազգային կոնսենսուսը համատեղելով՝ պետք է քայլ անել դեպի առաջ»։
Ժիրայր Սեֆիլյանն ասաց՝ ուզում է փոխանցել իր այն զգացողությունը, որ պահն օրհասական է․ «Այս փուլի ավարտը լինելու է միայն ու միայն հասնելը մեր նպատակին։ Այս ընթացքում մեր կողմից տարաբնույթ միջոցառումներ կարող են ձեռնարկվել, որ համախմբում տեղի ունենա, և քայլերից մեկն էլ սա է։ Բայց սահմանափակված չենք միայն այս բնույթի քայլերով։ Մեր նպատակն է ոչ միայն ազատվել փաշինյանների ռեժիմից, այլև փշրել գործող համակարգը։ Փաշինյանի հեռացում և ժամանակավոր անցումային կառավարության ձևավորում։ Այս օրակարգի շուրջ պիտի լինի համախմբում ու համերաշխություն։ Փաշինյանից պետք է ձերբազատվենք օր առաջ։ Հայության մոտ համարյա կոնսենսուս է, որ պետք է ձերբազատվել այս խոչընդոտից։ Արցախում տեղի ունեցածը պարտադրեց մեզ, որ ժամանակից շուտ հրապարակ դուրս գանք։ Բոլորը պիտի հասկանան, որ Արցախում որևէ դրական բան տեղի չի կարող ունենալ, քանի դեռ մեր երկրի ղեկը գտնվում է Փաշինյան Նիկոլի ձեռքին։ Այս գաղափարի շուրջ ամեն օր ժողովրդական և քաղաքական շրջանակների շուրջ համախմբումը մեծանալու է»։
Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ այսօրվանից սկսած մինչև օգոստոսի 24-ը ամենօրյա ռեժիմով լինելու է Ազատության հրապարակում։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ