«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ 5-րդ անընդմեջ օրն էր, որ հայտնվեցի ոստիկանությունում՝ իմ սահմանադրական իրավունքները իրացնելու հնարավորությունից օգտվելու համարձակության համար։ Բայց գրառումն իմ մասին չի։ Ամեն օր վարչական ձերբակալության 3 ժամվա ընթացքում մոտենում է մի ոստիկան ու խնդրում գրպանի պարունակությունը դատարկել սեղանին, իբր «անձնական զննություն ա»։ 5 օր շարունակ ես հրաժարվում եմ դա անել։ Իսկ նրանք պարտաճանաչ զարմացած հարցնում են «ինչո՞ւ»։
Մի 10 տարի առաջ, համեմատաբար երիտասարդ ես, անվրդով բացատրում էի, որ դա ոստիկանություն բերվելու իմ կարգավիճակից չի բխում և ՎԻՎ Օրենսգրքում մի կետ չես գտնի, որով ոստիկանությունը էդ կարգավիճակում ոստիկանությունում գտնվող մարդուն իրավունք ունի անձնական զննության ենթարկել։ Հիմա էլ եմ դա անում։ Նրանք զարմանում են, իրար հետ փորփրում ենք ՎԻՎՕ-ն, չենք գտնում կետ ու նրանք «Անձնական զննության արձանագրությունը» լրացնում են առանց ինձ, իբր զննել են, բան չեն գտել։ Բայց հարցը նույնիսկ սա էլ չի։
Ինձ սկսել է հուզել արժանապատվության մասին մարդկանց պատկերացումները։ Քիչ է, որ իմ հիմնարար իրավունքներն ու քաղաքացու ազատությունները կոպտորեն խախտում են և ամեն օր իմ կամքից անկախ ինձ իմ առօրյա կյանքից կտրում են ու տանում եսիմուր։ Դա արդեն իսկ արժանապատվության հետ անմիջական առնչություն ունեցող խնդիր է։ Բայց երբ մի բան էլ ուզում են քթները մտցնել քո անձնական տարածքի մեջ, անձնական կյանքի հետ առնչվող տեղեր ու դու թույլ չես տալիս, անկեղծ զարմանում են։ Իսկ ինձ զարմացնում է, թե մարդիկ ո՞նց են մեկնաբանում «արժանապատվություն» երևույթը։ Էդ մարդկանց համար որո՞նք են արժանապատվության սահմանները։ Նրանք լսե՞լ են էդ արժեքի մասին ու ոնց է դա դրսևորվում իրենց մոտ։ Մի երկու օր առաջ պատասխանատու բարձրաստիճան ոստիկաններից մեկը մոտեցավ՝ «հորդորելու», որ վրան տեղադրելու մտքից հրաժարվենք։ Երբ ասեցի, որ իրենք պետք ա թարգեն ապօրինությունները ու մարդկանց արժանապատվությունը նսեմացնելը, զարմացավ ու ձևական (կամ անկեղծ) հետաքրքրվեց, թե հո ոստիկանները իրենց անհարգալից չե՞ն դրսևորել իմ նկատմամբ ու եթե նման բան կա, կպատժվեն։ Մարդու մտքով նույնիսկ չանցավ, որ արժանապատվության նսեմացում է, երբ իմ կամքից անկախ իրենք կարող են ամեն օր առանց հիմք բացատրելու տանել ոստիկանություն։ Էլ չեմ ասում, որ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունից ցածր պետք է լինի իրավիճակը, երբ իր երկրում չեն հարգվում իրավունքներն ու օրենքները։
Կարդացեք նաև