Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, բայց Մուրացանի հուշարձանը 18 դպրոցի մոտից տեղափոխվել է

Օգոստոս 21,2023 13:53

Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 17-ին իրավապահները ստացել են գրություն, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից տրված հաղորդմամբ՝ Երևան քաղաքի թիվ 18 դպրոցի դիմաց տեղակայված Մուրացանի հուշարձանը տեղափոխվել է՝ անհրաժեշտ պայմանների բացակայությամբ, նախարարության հետ անհամաձայնության պարագայում: Ըստ նույն աղբյուրի՝ դպրոցի տնօրինության կողմից հուշարձանի տեղափոխումը պարունակել է օրենսգրքով նախատեսված պաշտոնական անփութության հատկանիշներ:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ԿԳՄՍ նախարարությունից: Aravot.am-ին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից հետեւյալը փոխանցեցին. «ՀՀ ԿԳՄՍ նախարարություն էր դիմել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 18 դպրոցի դիմաց տեղակայված «Մուրացանի» հուշարձանի (պետ. ցուցիչ՝ 1.11.16, տեղական նշանակության) տեղափոխման՝ դպրոցի տնօրինության կողմից ներկայացված առաջարկի վերաբերյալ:

Համաձայն Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում, եթե հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման և փոփոխման» կարգի 2-րդ կետի համաձայն՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը կատարվում է բացառիկ՝ նրա զբաղեցրած տարածքի բնակլիմայական, երկրաբանական պայմանների վատթարացման հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական ռազմավարական կարևորություն ունեցող արդյունաբերական, հիդրոտեխնիկական, ինժեներատրանսպորտային հաղորդակցության և այլ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:

Հաշվի առնելով օրենքով և կարգով սահմանված հուշարձանի տեղափոխման անհրաժեշտ պայմանների բացակայությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը չի տվել իր համաձայնությունը ներկայացված առաջարկին: Միաժամանակ անտեսելով լիազորված մարմնի կողմից տրված բացասական դիրքորոշումը՝ տեղի է ունեցել հուշարձանի տեղափոխում՝ խախտելով իրավական ակտերով սահմանված դրույթները: Նշված իրավախախտման մասին ՊՈԱԿ-ը տեղեկացրել է ՀՀ ոստիկանությանը, սակայն իրավապահ մարմինների կողմից համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել օրինախախտումը վերացնելու ուղղությամբ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Արդյունքում քննիչի կողմից կազմվել է քրեական վարույթը նախաձեռնելուց հրաժարվելու վերաբերյալ վարույթային ակտ։ Նախարարությունն այժմ քննարկում է հարցը վարչական իրավախախտումների համատեքստում լուծելու հնարավորությունը»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ wikipedia.org-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031