Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք օր առաջ հումանիտար բեռները տեղափոխել Արցախ»․ «Բացում»-ը փակել է ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը՝ հաց տեղադրելով մուտքի մոտ

Օգոստոս 21,2023 13:37

 «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր փակել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մուտքը՝ ահազանգելով միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը եւ իր հովանավորները Արցախի շրջափակումով ՄԱԿ-ի սահմանած աշխարհակարգի խարխլման գործընթաց են փորձում իրականացնել:

‘Opening’ civil initiative begins to close the UN office in Armenia through a peaceful means based on human fundamental rights

Նախաձեռնության համակարգող Նարեկ Այվազյանն ասաց, որ սկսում են ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը փակելու գործընթաց, քանի որ մի շարք խնդիրներ են առաջացել։ Եվ իրենց պահանջների մեջ այդ խնդիրները բարձրաձայնվում են։

Նա ընթերցեց իրենք հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է․ «Բացում քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ ժամը 12։00-ից մարդու հիմնարար իրավունքների ու մարդասիրության վրա հիմնված խաղաղ միջոցով սկսում է փակել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ինչն ահազանգ է միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը եւ իր հովանավորները Արցախի շրջափակումով ՄԱԿ-ի սահմանած աշխարհակարգի խարխլման գործընթաց են փորձում իրականացնել: Սա ահազանգ է հայ հանրությանը, որ աշխարհակարգի խարխլմանը հետեւելու է Ադրբեջանի եւ իր հովանավորների կողմից բառացիորեն ցեղասպանության իրականացումը եւ այն տարածվելու է ամբողջ աշխարհով մեկ, որովհետեւ անպատժելիությունը նախադեպ կդառնա մեր օրերում: Եվ դրա կանխարգելման միակ ձեւն առաջին փուլում Արցախը Հայաստանին կապող միջանցքի բացումն է եւ հումանիտար աղետի ու ցեղասպանության կանխումը: Ո՛չ տեղահանումը, հայրենազրկումը, ո՛չ Արցախի հայ ժողովրդի կամքը հպատակեցնելը, այլընտրանք առաջարկելով ու կեղծ ինտեգրացիաներով, չի կարող փրկել աշխարհակարգի տապալումը եւ հետագա ճգնաժամը: Միջանցքը ճանաչված է բոլորի կողմից, եւ դա կենսական նշանակություն ունի 120 000 մարդու համար: Խաղաղության հասնելու եւ էսկալացիաները տարածաշրջանում չեզոքացնելու միակ միջոցը բացումն է, որը չունի այլընտրանք»։

‘Opening’ civil initiative begins to close the UN office in Armenia through a peaceful means based on human fundamental rights

Նախաձեռնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջում է բացել Արցախը Հայաստանին կապող միջանցքը։ ՄԱԿ-ից պահանջում են հումանիտար բեռները տեղափոխել Արցախ, գրավոր պատասխանել իրենց առաջին տված նամակին եւ վերջին նամակում ներառված հարցերի մասով ներկայացնել իրավիճակը եւ իրենց մոտեցումները։ ՄԱԿ ԱԽ-ից պահանջում են պատասխանատվության կանչել ցեղասպանություն իրականացնող Ադրբեջանի ղեկավարությանը:

‘Opening’ civil initiative begins to close the UN office in Armenia through a peaceful means based on human fundamental rights

Նարեկ Այվազյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Արցախ ուղարկելու համար սննդամթերք է հավաքվում։ «Մենք սիմվոլիկ կերպով հացը տեղադրելու ենք մեզ տեսանելի մուտքերի առաջ եւ թույլ չենք տալու, որ հացը վնասվի մուտքը բացվելուց։ Դրանք իրենց տեղերը կվերադարձնենք այն ժամանակ, երբ ՄԱԿ-ը մեզ ականջալուր կլինի։ Կարող ենք նույնիսկ երկու հոգով խափանել ՄԱԿ-ի առօրյա աշխատանքը։ Հետեւաբար, երկուսից ավելի յուրաքանչյուր քաղաքացի մեզ միանալիս ավելացնելու է մեր հզորությունը եւ նոր թափ է հաղորդելու մեր նպատակներին հասնելու գործին։ Չմոռանանք, որ ՄԱԿ-ը, որտեղ սահմանվում ու կարգավորվում է աշխարհակարգը, այդպիսի կառույց է, սակայն այն մաշել է իր ատամները։ Մեր ատամները մաշվել են եւս՝ մեր մտածողության, ծուլության, հուսալքության, անհաղորդության եւ անկարողության զգացումի պարբերական ներարկումների պատճառով։ Բայց այստեղ ենք, մեր հոգիներում ռազմական դրություն է հայտարարված 2020 թվականից սկսած, որի արդյունքներով այսօր ցեղասպանվելու վտանգը մեզ ստիպում է, որ մեր ատամները սրենք ՄԱԿ-ով, որ մեր ատամները սրելով՝ նաեւ սրենք ՄԱԿ-ի ատամները եւ այդ ամենով ավելի ուժեղ ու ուժգին պայքարեն ցեղասպանների, ահաբեկիչների դեմ։ Վեր կացեք, որ փոխվի իրավիճակը, միացեք, որ բացվի միջանցքը»,- ասաց նա։

‘Opening’ civil initiative begins to close the UN office in Armenia through a peaceful means based on human fundamental rights

Մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ հաց տեղադրեցին։ «Սա հաց է, դիմում ենք ՄԱԿ-ին՝ տեղափոխել դեպի Արցախ, որովհետեւ Արցախի մեր հայրենակիցները դրա կարիքն ունեն այսօր։ Մենք Արցախի մեր հայրենակիցների քաղաքական ձայնը բարձրացնում ենք աշխարհի տարբեր երկրներում, ամբողջ աշխարհի հայերին եւ այն մարդկանց, ովքեր մտահոգված են 120 000 մարդու կյանք փրկելու գործով, կոչ ենք անում, որ իրենք նույնպես դուրս գան եւ պահանջները ներկայացնեն աշխարհակարգը թելադրող կազմակերպությանը։ Մենք պահանջում ենք օր առաջ հումանիտար բեռները տեղափոխել Արցախ»,- հավելեց Այվազյանը։

Նարեկ Այվազյանը նաեւ հայտարարեց, որ բացի հումանիտար հարցերից, շատ այլ հարցեր են իրենք արծարծում, դրանցից է այն, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի։ «Մեր կառավարությունը մոռացել է, որ հիմնարար իրավունքների մեջ ներառվում են նաեւ քաղաքական իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։ Վախենում են բանակցություններում այդ մասին խոսել, մենք երեկ նաեւ պահանջներ ենք ներկայացրել կառավարությանը»,- ընդգծեց նա։

‘Opening’ civil initiative begins to close the UN office in Armenia through a peaceful means based on human fundamental rights

Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը փակելու են այնքան ժամանակ, քանի դեռ ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարությունը չի արձագանքել։ Եթե արձագանք լինի, իրենց պահանջների վերաբերյալ հստակ դիրքորոշումներ լինեն, բողոքի գործողությունները կդադարեցվեն։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031