Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անամոթության զոհերը. ի՞նչ անել ազգ մնալու համար». Արմեն Աշոտյան

Օգոստոս 21,2023 11:55

Սկիզբը՝ այստեղ:

Ինչպես առանձին վերցրած մարդու, այնպես էլ ազգի դեպքում, նրա բարոյական առողջության, կենսունակության, անցյալը ճիշտ գնահատելու, ներկայում իրավիճակը փոխելու, ապագան երաշխավորելու կարևորագույն ֆենոմեն է ամոթը:

Անհատի ամբողջականությունը, էթիկական կոորդինատները, հանրային պահվածքը, կարմիր գծերը, սեփական սխալները շտկելու ցանկությունը և կարողությունը ոչնչացնելու, քանդելու, ապամոնտաժելու համար նրան «անամոթ» սարքելը, անամոթությունը որպես նոր «ճիշտ» սերմանելը մարդուն կառավարելի դարձնելու լրջագույն գործիքն է:

Ճիշտ նույն մեխանիզմները գործի են դրվել հայ ժողովրդին հավաքական բարոյականությունից և արժանապատվությունից կտրելու, հնագույն ազգից նորագույն «անբարոյական» սինթեզելու համար:

Ամոթը երկու կարևորագույն ֆունկցիա է կատարում.
Կարդացեք նաև

Սլաբո՞
Մարդը՝ լաթի մեջ (արարողակարգային)
Մինչև ե՞րբ պիտի դու պատասխանատվությունից խուսափես, թե՞ քոնը միայն իրավունքն է, իսկ պատասխանատվությունը՝ ուրիշինը. Արա Սահակյան

Ամոթ ունենալը նշանակում է գիտակցել, որ ինչ-որ բան այնպես չի արվել, որ կա ունիվերսալ-ընդունելի ճիշտ, որի համեմատ ստեղծված իրավիճակը սխալ է: Ամոթ ունենալը հոմանիշ է սխալը գիտակցելու՝ լինի դա խոսք, գործողություն, իրավիճակ և այլն:

Ամոթ զգալը նշանակում է դիսկոմֆորտ ունենալ, չհարմարվել այդ պահի իրականությանը, չհամակերպվել, չհանդուրժել, չընդունել:

Ամոթ զգալը սխալը չկրկնելու, սխալը շտկելու, սխալն ուղղելու առաջին քայլն է:

Հայ ժողովրդից կերտելով հավաքական անամոթության հանրույթ` մեզ զրկում են աղետալի վիճակը գիտակցելու և այն փոխելու հնարավորությունից:

Ինչպե՞ս է դա արվում:

Նախկինում պարտված ազգ լինելն ամոթ էր – հիմա մեզ փորձում են «համակերպացնել» դրան:

Նախկինում դավաճանված լինելը և դավաճանին չպատժելն ամոթ էր – հիմա մեզ համոզում են, որ դա նորմալ է:

Նախկինում հարազատ օջախը թշնամուն հանձնելն ամոթ էր – հիմա Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում:

Նախկինում հայրենակցիդ սովամահության բրախելն ամոթ էր – հիմա կարելի է էժան շոուների կազմակերպման արանքում բավարարվել հերթական մի կոչով:

Նախկինում չթաղված մեռել ունենալն ամոթ էր – հիմա մոտ հարյուր աճյուն արդեն 3 տարի դեռևս հողի վրա են, ոչ թե հողի տակ:

Այս շարքը կարելի է երկար շարունակել:

Հայ հասարակությունն օրերս ալեկոծվեց վայրագ մանկապղծության տեսահոլովակից, բայց կարո՞ղ եք ինձ հոդաբաշխ բացատրել, թե ինչով է տարբերվում գործող իշխող ոհմակի կողմից մի ամբողջ ժողովրդի նկատմամբ աշխարհի աչքերի առջև իրականացվողն այդ խայտառակ տեսանյութի պարունակությունից: Հայ ժողովրդի «ղեկավարը» քաղաքական իմաստով անում է ճիշտ նույն բանը, ինչ պիղծ ծնողը` ֆիզիկական իմաստով, իր երեխեքին:

Մեզ ոչ միայն անամոթացնում են ճշմարիտի հանդեպ, այլև կեղծ ամոթի զգացողություն սերմանում. ամոթ է Հայրենիքի համար պայքարելը, իրականության հետ չհամակերպվելը, ցավ զգալը, արժանապատվություն պահանջելը, կզած չքայլելը:

Ավելին, այս ողբալի ներկայի ճարտարապետները դիմում են ակնհայտ մանիպուլյատիվ և անբարոյական, պատմական զուգահեռներին՝ դարդերից հոգնած հայ ժողովրդին համոզելով, որ՝ «ի՞նչ է եղել, որ, հեն ա, նացիստական Գերմանիան և միլիտարիստական Ճապոնիան էլ կապիտուլյացվեցին, իսկ հիմա տեսեք, թե ոնց են ոտքի կանգնել»: Սակայն այս օրինակների սրիկայությունը պարզապես ապշեցուցիչ է: Նացիստական Գերմանիան և միլիտարիստական Ճապոնիան չարիք էին, այլատյաց և մարդասպան, նրանց կործանումը «չարի վերջն» էր: Ի՞նչ բառերով կբնութագրեք Արցախյան պայքարի արգանդից ծնված Երրորդ Հանրապետության պայքարը և դավադիր կապիտուլյացիան դրանց հետ համեմատող իշխանություններին:

Արդյո՞ք չեք տեսնում նույն ալիևյան ձեռագիրը, ով Հայաստանի նախորդ իշխանություններին համարում էր «ֆաշիստական ռեժիմ»:

Քարոզվող անամոթության տարբերակներից մեկը չարորակ անտարբերությունն է (ի տարբերություն պաշտպանական անտարբերության): Շատերին թվում է, թե այս զուլումն իրենց շրջանցելու է, որ իրենք չեն դառնալու այս արնախում մսաղացի հերթական 60-100կգ կենսաբանական մատերիալը:

Սակայն իրականությունը շատ ավելի դաժան է: Հիշո՞ւմ եք հին առասպելներն ու լեգենդները՝ աղբյուրի գլխին նստած վիշապի մասին, ով ջրի դիմաց տարին մեկ անգամ պահանջում էր իրեն բերել գյուղի ամենասիրուն 5-7-10 աղջկա և ամենաուժեղ 5-7-10 տղաների: Այդ դևն ավելի ազնիվ էր և կանխատեսելի, քան Ալիև-Փաշինյան զույգը, որ աչք է դրել բոլորիս վրա՝ անկախ մեր գեղեցկությունից և ուժից, անսահմանափակ քանակով և շուրջ տարի:

Հ.Գ. Վերջերս Վարշավայում կայացավ Լեհաստանի Զինված ուժերի հոբելյանին նվիրված ամենամեծ զորահանդեսը` մոտ 200 միավոր տեխնիկայի և շուրջ 2000 զինվորականների մասնակցությամբ: Այդ շքերթը միջազգային մամուլի գլխագրերում էր՝ որպես աննախադեպ և հզոր ուժի ցուցադրություն: Լեհաստան՝ մեզնից մոտ 10 անգամ ավելի մեծ, 7 անգամ ավելի բազմամարդ, մոտ 8 անգամ ավելի հարուստ պետություն, որի կազմակերպված շքերթը մտովի համեմատեցի Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված մեր բանակի զորահանդեսի հետ, որը, մեղմ ասած, առնվազն չէր զիջում Լեհաստանին, եթե ոչ ավելի մեծաթիվ էր, ավելի տպավորիչ, ավելի ժամանակակից զինամթերքով (իսկանդեր, և այլն):

Այն, ինչ օրի հասել ենք հիմա, իսկապես ամոթ է: Ամոթ:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

Աղբյուրը՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031