Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցի դատավորը պետք է որոշի՞, որ ինչ-որ մի մարմնում որևէ հայ աշխատող ենթարկվել է խտրականության: Իրականությունից կտրված տեսլական»․ Լավրովին վերագրվող առաջարկի մասին. JAMnews

Օգոստոս 21,2023 11:18

JAMnews. Հայ հասարակությունն ակտիվորեն քննարկում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը, որը ԶԼՄ-ներում հայտնվել է արտահոսքի ձևով։ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն է հրապարակել փաստաթուղթը՝ նշելով, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ առաջարկները ներկայացրել է հուլիսի 25 –ին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ։

Ըստ ներկայացվող փաստաթղթի՝ ՌԴ արտգործնախարարը նկարագրում է Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակով ԼՂ-ի հայերի իրավունքների ապահովման սցենար։ Հստակ չէ՝ իրոք եղել է նման առաջարկ, թե ոչ։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը չի հերքել հրապարակված տեղեկությունները, բայց չի էլ հաստատել։ «Պաշտոնական խողովակներով նման փաստաթուղթ չենք ստացել»,- նախօրեին հայտարարել է Արցախի արտգործնախարարը։

«Իրականությունից կտրված տեսլական»

Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակով ԼՂ-ի հայերի իրավունքների ապահովման սցենարն այսպես է բնորոշել Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ Նա շեշտել է, որ այս արձանագրումն իր ղեկավարած գերատեսչությունն արել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո՝ հուլիսի 27-ին։

Արցախի արտգործնախարարի գնահատմամբ՝ Բաքվի վարած քաղաքականությունը միջնորդներից որևէ մեկի մոտ նման գնահատական տալու հիմքեր չի ստեղծում։

«Եթե միջնորդներից որևէ մեկը նման հույսեր ուներ, ապա, տեսնելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության արդյունքները, երբ 120 000 մարդ միտումնավոր մատնված է սովի, երբ ամենօրյա կտրվածքով ադրբեջանական կողմից լսվում են ռազմատենչ հայտարարություններ, ուժի կիրառման սպառնալիքներ, երբ ոչնչացվում է հայկական պատմամշակութային ժառանգությունը, որևէ միջնորդ չունի որևէ հիմք, որ նման տեսլականները, առաջարկները հնարավոր կլինի կյանքի կոչել»,- հայտարարել է նա։

Հասարակական գործիչ Գայանե Աբրահամյան

«Լավրովը հավատո՞ւմ է, որ այն, ինչ առաջարկում է, ընդհանրապես հնարավոր է։ Երբ ասում է, որ այնտեղ խտրականության չպետք է ենթարկվեն հայերը, իսկ ո՞ր դատարանով է դա որոշվելու։ Ադրբեջանցի դատավորը պետք է որոշի՞, որ ինչ-որ մի մարմնում որևէ հայ աշխատող ենթարկվել է խտրականության։ Սա ուղղակի աբսուրդ է, ամենամեծ զավեշտն է, որ դրվել է մեր սեղանին։

Մեկ այլ կարևոր հարց՝ իսկ խաղաղապահ ուժեր լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու։ Մի բան, որ այս փաստաթուղթը որևէ կերպ չի արտացոլում։ Անգամ նոյեմբերի 9-ը չի հիշատակվում։ Երկու տարբերակ կա՝ կամ մտածում են՝ իրենք այնտեղ են և այնտեղ էլ մնալու են և անգամ հիշատակման անհրաժեշտություն չեն տեսնում, կամ իսկապես մտադիր են դուրս գալու։ Գուցե նպատակը ավելի ուժեղացնելն է Աղդամում գործող ռուս-թուրքական մոնիթորինգային մեխանիզմը, գուցե այնտեղ է լինելու իրենց ներկայությունը։

Եթե այդ նշումը չի արվում, ենթադրում եմ, որ մտածում են դուրս գալու մասին, բայց այնպես, որ այնտեղ լինի միայն թուրքական ներկայություն։ Չլինի միջազգային ներկայություն, խաղաղապահ ուժեր կամ հումանիտար կազմակերպություններ։ Սա հայերի էթնիկ զտում իրականացնելու կամ Արցախը հայաթափելու մասին փաստաթուղթ է»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031