Օգոստոսի 20-ին՝ Քաջարան քաղաքի հիմնադրման 65-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստում Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ հնարավոր չէր պատկերացնել 65-ամյա Քաջարանն առանց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի։ Համայնքի զարգացման բոլոր ծրագրերում ԶՊՄԿ-ն ունի իր ներդրումը։
Համայնքի ղեկավարը շնորհավորեց եւ շնորհակալություն հայտնեց կոմբինատի բոլոր աշխատակիցներին՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Քաջարան քաղաքի ծնողն է, եւ կոմբինատն է կյանք տվել այս քաղաքին։ Ինչպես ամեն արժանապատիվ զավակ, այնպես էլ Քաջարանն է հոգատար վերաբերմունք ցույց տալիս իր ծնողի նկատմամբ»,-նշեց Մանվել Փարամազյանը։
Կարդացեք նաև
Համայնքաշեն ծրագրերում իր անմնացորդ նվիրական վերաբերմունքի համար ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին շնորհվեց Քաջարանի պատվավոր քաղաքացու կոչում եւ պարգեւատրվեց «Քաջարան» ոսկյա մեդալով։
«65 տարին երեք սերունդների ու այստեղ ձեւավորված ընտանիքների, ծնված երեխաների կյանքի պատմություն է: Ձեռքբերումների, նվաճումների ու կոմբինատի առաջընթացի պատմությունն է սա: Շատ հեշտ է այս մասին խոսել, քանի որ ասես թե գտնվում ես սեփական տանդ: Դա այդպես էլ կա, քանի որ կոմբինատի ու քաղաքի ճակատագրերը սերտ միաձուլված են: Եվ այն ամենը, ինչ այժմ մենք անում ենք համայնքի հետ, ծրագրերն ու ներդրումները մեր համատեղ ուղղու ապացույցներն են»,-իր խոսքում ասաց Ռոման Խուդոլին:
Քաջարանի օրվա տոնակատարությանը ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, ԶՊՄԿ տնօրինության անդամներ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ