Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահում եմ Մեսրոպ Առաքելյանին եւ Մանե Թանդիլյանին, իրենք ունեն սկզբունքներ». Ռուբեն Վարդանյան

Օգոստոս 20,2023 22:21

«Պաշարված Արցախ» խորագրով  տեսակամուրջի ժամանակ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանին հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանը հարց ուղղեց՝  Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական են, իսկ ինքը երբեք չի թաքցրել, որ աջակցում է «Ապրելու երկիր»  կուսակցությանը, ի՞նչ կոչ է անելու այս ընտրություններից առաջ  Հայաստանում ապրող իր համախոհներին:

«Ընտրությունները Երեւանում իսկապես շատ կարեւոր են լինելու, որովհետեւ այս ժամանակաշրջանում ունենք ոչ թե քաղաքապետի ընտրություն, այլ ընտրություն, թե որ իրականում ճանապարհով է գնալու հասարակությունը:

Մենք ունենք 3 ճանապարհ. մեկն անտարբերությունն է՝ «ինչ լինում է, թող լինի, ես չեմ գնա ընտրելու, որովհետեւ ամեն ինչ որոշված է», դա ամենավտանգավորն է, երկրորդը՝ «եկեք քաղաքապետ ընտրենք, չքաղաքականացնենք այս ամենը», վստահ եմ, որ շատ քիչ մարդ է այդպես անելու, եւ երրորդ՝ պետք է ընտրենք շատ ծանր իրավիճակում:

Ես ասել եմ եւ ասելու եմ՝ այսօրվա իշխանությունը, կուսակցությունը (ՔՊ-ն) ոչ միայն որոշումները կայացնում է որպես քաղաքական ուժ եւ այդ որոշումները կարող են դուր գալ կամ չգալ, այլեւ արդեն  անցել է մարդակային արժեքների դաշտ, ինչն ինձ համար անընդունելի է:  Որպես հայ՝ ինձ համար անընդունելի է այն, ինչ անում եք ու թույլ եք տալիս ձեզ: Դրա համար ամեն բան  անելու եմ՝ կոչով, քվեարկությամբ: Պետք է հասկանալ, որ ամենակարեւոր հարցն Արցախում է, որովհետեւ կյանքի ու մահվան հարց է, միեւնույն ժամանակ հասկանալով, որ առանց Հայաստանի չի կարող որեւէ հարց լուծվել Արցախում:

Կաջակցեմ, որ  Հայաստանում եւ Երեւանում մարդիկ մասնակցեն ընտրություններին, իրենց ձայները տան այն կուսակցությանը, այն մարդկանց՝ այն վստահությամբ, որ գալու ենք ուրիշ ճանապարհով: Իսկ այն ապագան, որ առաջարկել է այս կուսակցությունը, մեզ պետք չէ»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Ապա հավելեց. «Այո, ես ճանաչում եմ Մեսրոպ Առաքելյանին եւ Մանե Թանդիլյանին: Եվ Արցախում, եւ Հայաստանում այս երկու տարվա մեջ ճանապարհ ենք անցել  տարբեր իրավիճակներում, իրենք ունեն սկզբունքներ, ես իրենց վստահում եմ, աջակցելու եմ իրենց գործունեությանը, կուսակցությանը, որն ունի գաղափար, տեսլական: Ես կիսում եմ իրենց այն սկզբունքը, որ Արցախն ու Հայաստանը մեկ հայկական աշխարհ են: Թե ինչ ձեւով են միանալու Արցախն ու Հայաստանը, դա ուրիշ հարց է, բայց մի բան պարզ է՝ Արցախն ու Հայաստանը իրար հետ կապված են ուժեղ կապերով, եւ դա հնարավոր չէ անջատել:

Մենք չենք ընդունում այն մարդկանց, որոնք ասում են՝ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Այսօրվա իշխող ուժը դա ասում է եւ տանում է առաջ: Դրա համար աջակցելու ենք այն կուսակցությանը, այն թեկնածուներին, որոնք նման դիրքորոշումը չունեն: Ես վստահ եմ, որ 14 ուժերի մեջ «Ապրելու երկիրը» միակը չի լինելու, մի քանի կուսակցություններ էլ են այդպես մտածում:

Հետեւաբար ամեն կերպ աջակցելու եմ, որ այս ընտրությունները լինեն  քաղաքական, ռազմավարական եւ գաղափարական, ոչ թե միայն տնտեսական: Ամեն ձեւով աջակցելու եմ «Ապրելու երկիր» կուսակցությանը եւ այն կուսակցություններին, որոնք փորձելու են այս իրավիճակը փոխել հնարավորինս շուտ»:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգողը նաեւ ընդգծեց. «Մեր ճնշումը Հայաստանի իշխանության վրա պետք է շատ լինի, իրենք պետք է հրաժարվեն իրենց թույլ տված սխալներից… Հայաստանի այսօրվա իշխանությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, չի կարողանում ոչ միայն Հայաստանի հարցերը լուծել, այլեւ վնաս է բերում Արցախին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031