Երեւանում ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ, Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխամասի մոտ, Լոնդոնում՝ Տրաֆալգարյան հրապարակում, Վանաձորում՝ Արցախի պուրակում, Կապանում, Վիեննայում, Փարիզում և այլ խոշոր քաղաքներում կայանում են միաժամանակյա հավաքներ: «Բացում» քաղաքական նախաձեռնությունը հայտարարում է, որ այս միասնական գործողության հիմքում հավաքական հանձնառությունն է՝ ուժեղացնել արցախահայության ձայնը: Ըստ նախաձեռնության, խաղաղ բողոքի ցույցերի, ազդեցիկ ելույթների եւ միասնության միջոցով ցանկանում են հասնել արդարության եւ մարդասիրության պահանջը հասանելի դարձնել աշխարհի բոլոր անկյուններում:
Հիմնական նպատակներն են՝ բացել Բերձորի միջանցքը, վերջ դնել Արցախի պաշարմանը, պաշտպանել արցախահայության հիմնարար իրավունքները, նպաստել հումանիտար աղետի եւ ճգնաժամի վերացմանը:
«Մեր հավաքը նվիրված է Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, մենք հավաքվել ենք այստեղ՝ կանգնելու Արցախի կողքին, ցույց տալու, որ հայ ժողովուրդը ոչ միայն Արցախում է պայքարում Ադրբեջանի եւ իր հովանավորների ցեղասպան քաղաքականության դեմ, այլեւ Երեւանում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Վիեննայում, Վանաձորում, Գյումիրում, Կապանում եւ այլ քաղաքներում…Մենք այս պահին միացած ենք բոլորին եւ այս միացումը պետք է մեծ հույս առաջացնի հայ ժողովրդի մեջ»,-ասաց «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը:
Կարդացեք նաև
Նա ներկայացրեց, թե ինչ է արել «Բացումը» մինչ այժմ: Ի թիվս այլնի, նշեց, որ ձեւակերպել են խնդիրը, նպատակները, կազմակերպել հանրային քննարկումներ՝ գտնելու ուղենիշները խնդիրը լուծելու համար, որոնցից առանձնացվել են քաղաքացիական դիվանագիտությունը, անհնազանդությունը, ցույցերը, իրավական գործընթացները, պաշտպանությունն ու ինքնապաշտպանությունը եւ կրթությունը:
Նարեկ Այվազյանը հավելեց, որ իրենց հաջողվել է երկու անգամ անաչառ տեղեկատվություն փոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջոցով գլխամասին, ավելին՝ Արցախի քաղաքացիներն իրենք են ներկայացրել են իրենց վիճակն ու խնդիրները:
Նախաձեռնության անդամներից Շուշան Հարությունյանը ներկայացրեց Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների գործողություններն ի պաշտպանություն Արցախի:
«Մեր երիտասարդները մեծ աշխատանք են կատարում, սա ցավոտ, բայց բնական գործընթաց է»,-ասաց նա: Ապա հավելեց, որ «Բացում» նախաձեռնությունը նոր ձեւաչափ է, նոր շունչ՝ իրավագիտակից ու հայրենաճանաչ լինելու. «Շատ են ուզում, որ հավատանք, թե տարանջատված ենք, Արցախն առանձին է, Հայաստանն առանձին է, բայց բոլորս մեկ ենք, մեկ ենք մեր ինքնությամբ: Հաճախ ենք ասում, որ Հայաստանն ու Սփյուռքը միասին են, Արցախը մեր փոքր եղբայրն է կամ փոքր քույրը: Գուցե մեր փոքր եղբայրն է, մեր քույրն է, բայց մեր ինքնության արմատները նաեւ Արցախում են, մենք պետք է հենվենք այդ ինքնության վրա»:
Շուշան Հարությունյանը ողջունեց Արցախի հնագետներին, մշակութային ժառանգության հետազոտողներին, որոնք անգամ շրջափակման պայմաններում խաչքարեր են գրանցում, թողնում դրանք սերունդներին, որպեսզի, նրա ձեւակերպմամբ, մենք ճանաչենք մեզ Արցախում՝ 13-րդ դարի խաչքարի զարդանախշերով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Շուշան Հարությունյանի էջից