Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այս իրավիճակում ինչ-որ մեկն ուզենա պաշտոն ստանձնել, կա՛մ անխելք է, կա՛մ սեփական օրակարգն ունի». Ռուբեն Վարդանյան

Օգոստոս 20,2023 19:15

Հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանը մինչեւ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի հետ «Պաշարված Արցախ» խորագրով հարցազրույցը սկսելն ասաց, թե ինչու է հենց Տաթեւից վարում այն: «Այս վայրը մի քանի խորհուրդ ունի. այստեղից հաշված կիլոմետրեր հետո սկսվում է Բերձորի միջանցքը, որը 250 օր է, ինչ շրջափակված է: Սյունիք աշխարհի այս կարեւորագույն հոգեւոր կենտրոնից Արցախի հետ ուղիղ տեսակապը հիշեցում է այն մասին, որ Արցախը կորցնելու դեպքում հաջորդը կորցնելու ենք Սյունիքը: Եվ երրորդը՝ այստեղից են իրականացրել իրենց հաղթական արշավները Դավիթ Բեկն ու Գարեգին Նժդեհը»,-ասաց Արտյոմ Երկանյանը:

«Վերջին շաբաթներին Արցախում վիճակն ավելի է դժվարացել, շատ ծանր իրավիճակ ունենք՝ ե՛ւ սննդի հետ կապված, ե՛ւ դեղերի, ե՛ւ վառելիքի: Չնայած սրան՝  մարդիկ  շարունակում են ապրել մի կյանքով, որը հարգանքի է արժանի: Մարդիկ իրար օգնում են, համախմբվում, միմյանց աջակցում են, ինչը մեծ հույս է տալիս, որ Արցախում պատրաստ են պայքարել սեփական արժանապատվության, ապրելու իրավունքի  համար:

Մարդիկ շատ լուրջ հարցերի առաջ են կանգնած, գալիս է ձմեռը, որը բերելու է նոր  խնդիրներ: Բոլորս հասկանում ենք, թե ինչ ծանր է լինելու իրավիճակը, բայց մյուս կողմից մեծամասնության մոտ հուսահատություն չկա»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Անդրադառնալով իր աղմկահարույց հեռուստաուղերձին, որով խստորեն քննադատել էր Արցախի Հանրապետության նախագահին, եւ որը տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել, Ռուբեն Վարդանյանը նշեց. «Երբ դու գտնվում ես շրջափակման մեջ, քո ներքին համախմբվածությունը կարեւոր դեր է խաղում քո պայքարի մեջ հաջողության հասնելու առումով, բայց մենք հասել ենք այն կետին, որը թույլ չի տալիս կիսատ քայլեր անել: Մեր  ներսում ի վերջո պետք է որոշենք՝ իսկապես պատրա՞ստ ենք ամեն բան գիտակցելով համախմբված պայքարել, ինչն առանց առաջնորդների, առանց ղեկավարների պատասխանատվություն ստանձնելու անհնար է»:

Ինչ վերաբերվում է այն մեկնաբանություններին, որ իր քննադատությունների պատճառը պաշտոնազրկվելն էր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասաց. «Մի քիչ զարմանալի է պաշտոնների մասին խոսելն այս իրավիճակում, երբ դու ամեն օր հացի, ջրի, դեղերի խնդիր ունես: Եթե այս իրավիճակում ինչ-որ մեկն ուզենա պաշտոն ստանձնել, ուրեմն կամ անխելք է, կամ սեփական օրակարգն ունի… Միակ պատճառը, որի վերաբերյալ բոլորս պետք է որոշումներ կայացնենք, դա ճգնաժամն է: Այնպես որ, հարցը պաշտոնի մեջ չէ, այլ պայքարի պատրաստ լինելու մեջ է…

Իմ կոչն էլ ուրիշ բաների մասին էր… Առանց գաղափարի, առանց արժեքների, առանց մեր ներսում միմյանց նկատմամբ հավատի վերականգնելու՝ մենք ոչնչի չենք կարող հասնել: Թշնամին մեզ վրա ամեն օր ճնշում է գործադրում, ամեն ձեւով ցանկանում է մեր մեջ կոտել պայքարին պատրաստ լինելու ոգին, իրար հավատալը: Այդ արժեքներն ու սկզբունքներն ինձ համար ամենակարեւորն են, որովհետեւ դրանք հիմքն են արդեն ուրիշ կոնկրետ քայլերի դիմելու…

Շատ լավ խոսք կա՝ գաղափարն առանց գործողության անիմաստ է, գործողությունն առանց գաղափարի վտանգավոր է: Այս իրավիճակում մարդիկ պարզ պատասխանել են երեք հարցի՝ իրենք չեն ուզում դուրս գալ Արցախից, չեն տեսնում իրենց ապագան Արցախից դուրս,  չեն ուզում ենթարկվել ու դառնալ Ադրբեջանի մի մաս, իրենց ապագան չեն տեսնում որպես Ադրբեջանի քաղաքացիներ եւ շատ մեծ անհանգստություն ունեն պատերազմի ու նոր զոհեր տալու հետ կապված…

Իմ քննադատությունը եղել է հենց այս հարցերի շուրջ՝ հավատի վերաբերյալ, մի սեղանի շուրջ նստելու եւ անցյալի էջը փակել փորձելու ու ասելու, որ  եկեք անցնենք այս ծանր շրջանը, հետո  կնայենք՝ ով ինչ է արել մինչեւ պատերազմը, պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031