Իտալիայի «A» սերիայի առաջնության մեկնարկային տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել «Մոնցայի» նկատմամբ եւ առայժմ այն չորս ակումբներից մեկն է, որ մեկնարկել է հաղթանակով:
Հանդիպումից հետո «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շփվել է լրագրողների հետ եւ գնահատական տվել իր թիմի կիսապաշտպանական գծին: «Մեր թիմը շատ ուժեղ է եւ դա մենք կապացուցենք խաղադաշտում: «Ինտերը» հիանալի միջին գիծ ունի, որտեղ խաղում են Չալխանօգլուն, Ֆրատտեզին, Բարելլան: Նրանցից յուրաքանչյուրն արժանի է տեղ ունենալ մեկնարկային կազմում: Վստահ եմ, որ մարզչական շտաբը ամեն մեկի համար էլ տեղ կգտնի: Այդ ֆուտբոլիստները արժանիորեն են անդամագրված ակումբի կազմում»,- Հենրիխի խոսքերը մեջբերել է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:
Երկրորդ տուրում «Ինտերը» արտագնա խաղ կանցկացնի «Կալյարիի» հետ օգոստոսի 28-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ