Եվ այսպես, Մոսկվայի «Դինամոյի» 20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան, մեր հայրենակից Արսեն Զախարյանը վեց տարով պայմանագիր ստորագրեց Իսպանիայի լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Ռեալ Սոսիեդադի» հետ եւ պաշտոնապես դարձավ այդ ակումբի ֆուտբոլիստ: Նոր ակումբում Զախարյանը կրելու է 12 համարի մարզաշապիկը:
Զախարյանի տրանսֆերը բավականաչափ խոչընդոտներով ընթացավ եւ կողմերից յուրաքանչյուրը ստիպված եղավ որոշակի զիջումների գնալ: Ավելին, երբ ֆուտբոլիստը «Բալթիկայի» հետ հանդիպումից հետո չմեկնեց Սան-Սեբաստիան՝ բուժզննում անցնելու, մի պահ թվաց, թե բանակցությունները ձախողվել են ինչպես եղավ մեկ տարի առաջ «Չելսի» տեղափոխվելու պարագայում: Բայց այս անգամ թե ֆուտբոլիստի, թե ակումբների ներկայացուցիչները աշխատեցին բարձր մակարդակով: Սա Արսեն Զախարյանի համար տրանսֆեր է Իսպանիայի առաջնության թոփ 5 ակումբ, սա ազատ գործակալի կարգավիճակով եւ աշխատավարձի անկումով տեղափոխություն չէ: Սա ֆուտբոլիստի կարգի բարձրացում է: Չէ՞ որ «Ռեալ Սոսիեդադը» այս մրցաշրջանում հանդես է գալու Չեմպիոնների լիգայում, ինչը Արսենի առջեւ այստեղ էլ նոր հեռանկարներ է բացում:
Իսպանական ակումբի մարզիչ Իմանոլ Ալգուասիլը արդեն հասցրել է գնահատական տալ Արսեն Զախարյանին: «Արսենը բազմաթիվ անհատական որակներ եւ հսկայական ֆիզիկական ուժ ունի, նա կարող է հանդես գալ տարբեր դիրքերում: Նրան մեծ ապագա է սպասվում: Նա լավ ֆուտբոլիստ է, որը մեզ շատ օգուտ կտա, սակայն համբերություն է պետք»,- ասել է նա:
Իսպանական մամուլը գրում է նաեւ, որ «Ռեալ Սոսիեդադը նաեւ Արսեն Զախրյանի հնարավոր վերավաճառքի համար արդեն սահմանել է 60 մլն եվրո:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ