Արցախի ամբողջական պաշարումը ոչ այլ ինչ է, քան «պասիվ» ցեղասպանություն: «Մենք խոսում ենք ոչ թե ցեղասպանության նախապատրաատման, այլ ընթացող պրոցեսի մասին», օրերս «Ֆրանս պրեսս»-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս հայտարարությունն, ըստ էության, ապացուցում է, որ Հայաստանի ղեկավարը գիտակցաբար Արցախի ժողովրդին տանում է ցեղասպանության, քանի որ պաշտոնական Երևանն Արցախին, առանց որևէ կարգավիճակի, ճանաչում է այդ ցեղասպանությունն իրագործող Ադրբեջանի Հանրապետության մաս:
Սակայն, Ղարաբաղյան հակամարտության ամբողջ ժամանակահատվածում ինքնորոշման մասին խոսելու ամենահարմար պահը հիմա է, քանի որ Հայաստանի վարչապետն ինքն է արձանագրում արցախահայության ցեղասպանության հանգամանքը: Ինչպե՞ս են 120.000 հայեր ապրելու մի պետությունում, որտեղ ցեղասպանվում են, որտեղ ոչնչացվում է իրենց պատմամշակութային ժառանգությունը, որտեղ ամենաբարձր մակարդակով հակահայկական քարոզչություն է իրականացվում:
Ադրբեջանի 86,6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ճանաչելու մասին հայտարարությունները դրոշակ դարձնելու և ամեն առիթին շեշտելու փոխարեն, Երևանն այսօր պետք է հետևողականորեն առաջ մղի ցեղասպանության մատնված Արցախի 120.000 բնակչության ինքնորոշման իրավունքը, որովհետև ցեղասպանվող ժողովուրդը կարող է փրկվել միայն ինքնորոշման իրավունքի իրացմամբ, որը երաշխավորում է ՄԱԿ կանոնադրությունը: Ավելին, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը՝ անջատում հանուն փրկության սկզբունքով, 2021-ի խորհրդարանական ընտրության «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում է.
«Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին»: Սա ուղիղ մեջբերում է կառավարող ուժի ծրագրից:
Կարդացեք նաև
Մի՞թե հիմա առկա չէ խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, որ ՔՊ-ականանները խրոխտաբար հռչակում են՝ Ղարաբաղն Ադրբեջան է: Մի՞թե իշխող ուժը իրապես հավատում է, որ Իլհամ Ալիևը հարգելու է հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի