Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ ասաց, որ այս բանակցությունների արդյունքում կրկին չենք հանգելու պատերազմի, կներեք, իսկ պատերազմն ավարտվե՞լ է». Արտակ Ապիտոնյան

Օգոստոս 20,2023 10:00

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց Արցախի շրջափակման հարցը: Քննադատություն կար Արարատ Միրզոյանի ելույթի հետ կապված, որ չափազանց թույլ ելույթ էր՝ քաղաքական փաստարկներից զուրկ, ոչ մի հստակ հարց առաջ չքաշվեց, հստակ շեշտադրումներով չդրվեց միջազգային խաղաղապահ առաքելության ներգրավման հարցը կամ միջազգային մարդասիրական օդային միջանցքի հարց չբարձրացվեց:

Այս մասին Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդմանը Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Արտակ Ապիտոնյանը հարցին՝ այս քննադատությունները հիմնավո՞ր են, թե չէ՝ պատասխանեց. «Իմ մոտ տպավորություն կա, որ ԱԽ-ում քննարկման պահանջի հիմքն էր ավելի շատ ուշադրություն հրավիրել, քան թե ակնկալել լուծում, ինչը ճիշտ չէ: Ամեն պարագայում պետք է ակնկալել լուծում, հստակ պահանջները դնել: Երկու բան բացակայում էր ելույթից՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վերահաստատումը եւ ուժի չկիրառման, ուժի սպառնալիքի չկիրառման պարտադիր վերահաստատումը պետք է լիներ ցանկացած կարգավորման հիմքում: Սեղանի շուրջ նստած ԱԽ 5 մշտական անդամներից 4-ը նախարարական մակարդակով ընդունել են այդ սկզբունքները՝ որպես կարգավորման հիմք: Հաջորդը, որը նորից չհնչեց, ինչը տարօրինակ էր իմ համար՝ հաշվի առնելով, որ Թուրքիան անձամբ եկել էր, մասնակցում էր, առնվազն պետք է Թուրքիայի մասնակցության մասին խոսվեր, որովհետեւ հստակ էր, որ Թուրքիան հակառակ քննարկում է անելու: Այսինքն, առիթից օգտվելով՝ պետք է դա հիշատակվեր, որը կրկին չարվեց: Ես չեմ կարողանում հասկանալ դա ինչ էր, բանակցային պրոցեսները վերլուծելու արդյունքում չեմ հասկանում դրա իմաստը եւ օգուտը՝ դա չհիշատակելու»:

Մեր դիտարկմանը, որ հիմա գնում են խաղաղության եղբայր Թուրքիայի հետ եւ չեն ուզում ոտքը տրորել, հանկարծ նեղացնել, հարաբերությունները խաթարել՝ Ապիտոնյանը պատասխանեց. «Թուրքիան չի՞ ուզում գնալ խաղաղության Հայաստանի հետ: Եթե Թուրքիան չի ուզում, շարունակում է նույն տեքստով խոսել Հայաստանի հետ, այդ դեպքում ինչի՞ վրա են հիմնվում մեր խաղաղության ակնկալիքները: Բաներ են խոստանում, հետո…Չի կարելի, անթույլատրելի է նման մոտեցումը: Եթե սեղանի խոսակցությունը եւ հրապարակային հայտարարությունները տարբեր պետք է լինեն, առնվազն քո մակարդակով էլ կարող են տարբեր լինել: Եթե հայերը բանակցում են, ինչպե՞ս են պատրաստվում իրացնել այդ բանակցային կետերի հարգումը Թուրքիայի կողմից ապահովել, ինչպե՞ս: Եթե Թուրքիան չհարգի այդ կետերը, ինչպե՞ս են հայերը հասնելու, նույնն է լինելու, ինչ նոյեմբերի 10-ի փաստաթղթի հետ: Եթե չունենք լծակներ, չունենք ազդեցություն եւ չունենք հստակ կամք միջազգային մակարդակում պնդելու մեր սկզբունքները, ինչպե՞ս եք հասնելու Թուրքիայի կողմից այդ համաձայնության կետերի կատարմանը, թեկուզ ամենալավ կետերը լինեն: Թույլի դիրքերից չի կարելի, պետք է առնվազն փաստարկված լինեն սկզբունքներով, չի կարելի պատեհապաշտական բանակցային տակտիկա որդեգրել, որը վտանգավոր է եւ ոչ մի բան չի բերելու, հակառակը, նույնիսկ թուլացնելու է հետագա հնարավոր լավ լուծումների ճանապարհը:

Հարցին՝ իշխանականներն ասում են՝ խաղաղության մեր օրակարգի այլընտրանքը պատերազմն է, դուք պատերա՞զմ եք ուզում՝ Արտակ Ապիտոնյանը պատասխանեց. «Ո՞վ ասաց, որ այդ բանակցությունների արդյունքում կրկին չենք հանգելու պատերազմի: Ադրբեջանը չի անում իր կետերը, մենք անում ենք մեր կետերը, որ հանկարծ մի կետ չենք անում, սպառնում է: Երկրորդը՝ կներեք, իսկ պատերազմն ավարտվե՞լ է, ինչո՞վ է ավարտվել: Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքը, շրջափակել է Արցախը: Պատերազմական գործողություն է իրականում շրջափակումը, Արցախի հանդեպ սա ագրեսիա է: Ընդ որում, ագրեսիա, որին հատուկ են մարդկության դեմ հանցագործության տարրերը, այսինքն՝ ցեղասպանության տարրերը: Իսկ պատերազմը ինչպե՞ս է լինում, ո՞վ ասեց, որ պատերազմում պետք է անպայման ամեն օր կրակոցներ լինեն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այնպես չի, որ ամեն օր ամեն տեղ պատերազմ է եղել: Եղել է ամիսներով բան չի եղել, բայց պատերազմը շարունակվել է: Մեր մոտ պատերազմը շարունակվում է, չի ավարտվել: Եվ մարդիկ ինչքան շուտ հասկանան, որ այս պատերազմը չի ավարտվել, շարունակվում է, ուղղակի այսօր ռազմական գործողությունների ինտենսիվությունը պակաս է, այնքան ավելի արագ մեր հասարակությունը կարող է պատրաստվել դրան: Պետք չի կեղծ սպասումներ գեներացնել, որ ահա, հիմա սա է լինելու: Չի՛ լինելու դա: Խաղաղության համար պետք է ունենալ խաղաղությունը պարտադրելու բավարար ուժ կամ բավարար աջակցություն այլ երկրներից: Մենք ոչ ուժը ունենք, միանշանակ համոզված չեմ, որ ուժը չունենք, ուժը գործադրելու կամքը չունենք, մենք վստահ ուժ հավաքելու կամք չունենք կարծես թե: Արցախյան էջը փակելու գործողությունները իրականում որեւէ քննության չեն դիմանում միջազգային փորձի տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ հակամարտությունները շատ կարեւոր մաս են կազմում միջազգային մեծ խաղացողների կողմից տարածաշրջանում վերահսկողության: Այսինքն, եթե մենք փորձում ենք մի էջը փակել, բացվելու է մեկ այլ էջ: Անհրաժեշտ է ունենալ որեւէ գործիք, որով այս ռեգիոնում շարունակվելու է միջազգային որոշակի վերահսկողությունը: Հակամարտությունները շատ կարեւոր գործիքներ են նման վերահսկողության: Շատ ցինիկ է հնչում, բայց այդպես է: Եվ ակնկալել, որ մենք կարող ենք մեզնով փակել այդ վերահսկողության գործիքը, դա միամտություն է: Այդ գործիքի տեղը կհայտնվի մեկ այլ գործիք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031